Վարկանիշների վարկանիշը

09/07/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Զարմանալի եւ տարօրինակ բաներ են կատարվում տարբեր վարկանիշային, սոցիոլոգիական եւ այլ ընկերությունների հետ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։ Օրինակ, բոլորովին վերջերս ԶԼՄ-ներն ազդարարեցին, որ «Forbes» հանդեսի հրապարակած տվյալներով՝ ՀՀ բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ-ում: Իհարկե,ՀՀ-ում գործող ցանկացած գործարարի մոտ այս հրապարակումը քմծիծաղ առաջացրեց, չնայած «Forbes»-ի հեղինակությանը։

Քմծիծաղ առաջանում է նաեւ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների եւ այլոց մոտ՝ երբ նույն հրապարակման մեջ Ռուսաստանն ավելի ցածր հորիզանականում են հայտնաբերում՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «ՌԴ-ում քաղաքական անորոշությունը, կոռուպցիան անվստահություն են առաջացնում ներքին եւ օտարերկրյա ներդրողների շրջանում»։ Հետաքրքիր է՝ եթե ՌԴ-ում քաղաքական անորոշություն է, ապա ՀՀ-ի դեպքո՞ւմ ինչ ասենք։ Առավել հետաքրքիր կարող է թվալ այն, որ «Forbes»-ի դասակարգման համար հիմք են ծառայել ՀԲ-ի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի», «Ֆրիդոմ հաուսի» եւ միջազգային այլ կազմակերպությունների 2007թ. զեկույցները: Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեշնլն» ու «Ֆրիդոմ հաուսը» ամեն տարի ավելի կոշտ զեկույցներ են հրապարակում ՀՀ-ի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ՀԲ-ին, ապա այս կառույցը վերջին ժամանակներս ոչ միանշանակ է ընկալվում, քանի որ հենց իր ներսում կոռուպցիոն սկանդալներ են ծագում։ Թեեւ ՀԲ-ն էլ իր հրապարակումներում բավական թափանցիկ կերպով մերկացրել է հարկային ու մաքսային ոլորտներում տիրող խայտառակ վիճակը, սակայն իշխանական լրատվամիջոցների ջանքերի շնորհիվ զեկույցի բոլոր բացասական կողմերը կորան «Կովկասյան վագր» արտահայտության վեհաշուք ստվերում։ ՀԲ-ի պարագայում մի հանգամանք էլ կա, ինչի մասին բազմիցս խոսվել է։ ՀՀ-ում իրականացնելով մի շարք լայնամասշտաբ ծրագրեր՝ ՀԲ-ն նաեւ որոշ իմաստով պատասխանատու է մեր երկրի առաջընթացի համար։ Եվ չափից դուրս քննադատելն ու առաջընթացների մասին չխոսելն անուղղակի խոստովանություն է, որ ՀԲ-ի ներկայությունը ՀՀ-ում անիմաստ է, ոչ մի օգուտ դրանից չկա։ Իսկ «Forbes»-ի հրապարակումը չպետք է չափից դուրս մեծ ոգեւորություն առաջացներ անգամ իշխանության ներկայացուցիչների մոտ, որովհետեւ ՀՀ միայն ԱՊՀ երկրների շարքում է առանձնացել։ Սակայն գաղտնիք չէ, որ մերոնք կարողանում են ցանկացած զեկույցի միջից առանձնացնել մի քանի նախադասություն, որոնք «վկայում են» իշխանությունների փայլուն գործերի մասին։ Օրինակ, հեռուստատեսային լուրերում կհնչի «ՀՀ իշխանությունները վերջին տարիներին որոշ քայլեր են ձեռնարկել հարկային եւ մաքսային համակարգի բարելավման ուղղությամբ» արտահայտությունը, իսկ շարունակությունը՝ «Թեեւ տնտեսական աճի բարձր տեմպեր են արձանագրվել, գործազրկության մակարդակը երկրում մնում է բարձր, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը բավարար չէ, եւ սահմանափակված են մարդու ազատությունները», ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով դուրս կմնա։ Մի քանի օր առաջ էլ այս թեման թարմացրեց «Fitch» վարկանիշային ընկերությունը, որը ՀՀ-ի վարկանիշը բարելավեց՝ «BB-»-ից դարձնելով «BB»։ Այս ուրախալի լուրն անմիջապես ազդարարվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերով։ «Մեզ համար կարեւոր է այն, որ «Ֆիթչն» իր հաշվետվության մեջ մատնանշելով ցուցանիշի բարձրացմանը նպաստող հիմնական շարժիչները, նշել է՝ Հայաստանի նոր կառավարության բարեփոխիչ նախաձեռնություններ, որոնք բերելու են առավել մրցունակ, բազմազան տնտեսության, ինչը դրական է վարկանիշի համար, եւ հետեւողական մակրոտնտեսական քաղաքականության դիսցիպլինա, որը ստեղծում է բարենպաստ միջավայր ներդրողների համար»,- կառավարության նիստում ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս գնահատականները նպաստելու են իրականացվող բարեփոխումներին եւ լուրջ ազդակ են հանդիսանում երկրի ֆինանսական շուկայում գործող բոլոր կազմակերպությունների համար։ Նախ նշենք, որ «Ֆիթչի» վարկանիշի մասին խոսողների եւ դրանով հպարտացողների զգալի մասը չի էլ պատկերացնում՝ ինչ է այն իրենից ներկայացնում։ «BB» վարկանիշը, որը ՀՀ-ն ստացել է, կոչվում է «էմիտենտի դեֆոլթի» վարկանիշ, եւ ցույց է տալիս, թե վարկանիշ ստացած սուբյեկտը (լինի դա մասնավոր ընկերություն թե պետություն) որքանո՞վ է ունակ կատարել իր ֆինանսական պարտավորությունները։ Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ վարկանիշը ցույց է տալիս տվյալ երկրում դեֆոլթի հավանականությունը։ «BB»-ն վատ ցուցանիշ չէ, սակայն վկայում է, որ երկրում առկա է վարկային ռիսկերի առաջացման հնարավորություն։ Սակայն սա ողբերգություն չէ, ամեն ինչ աստիճանաբար է լինում։ Ցավն այն է, որ երբ մեր իշխանությունները փորձում են ամեն մի նման հրապարակում ու վարկանիշ սարքել մատի փաթաթան ու ապացուցել, որ Հայաստանը դարձավ ավելի մրցունակ, մոռանում են նշել, որ, օրինակ, մեր մերձավոր հարեւանի՝ Ադրբեջանի վարկանիշն ավելի բարձր է՝ «BB+»։ Մի խոսքով՝ վարկանիշների հարցում մի տեսակ խառնաշփոթ վիճակ է. չես հասկանում՝ դրանք ո՞ւմ համար են նախատեսված։ Ըստ տրամաբանության, դրանք պետք է ավելի շատ հետաքրքրեն օտարերկրյա ներդրողներին։ Սակայն մեզ մոտ այդ վարկանիշները դարձել են սեփական ժողովրդի առաջ իշխանություններին գովերգելու միջոց։

Վարկանիշների մասին խոսելիս՝ չմոռանանք նաեւ մեր Կենտրոնական բանկին։ Ինչպես գիտեք, ԿԲ-ն էլ է իրականացնում ձեռնարկությունների վարկանշավորում։ Ժամանակին դեռ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը շատ էր կարեւորում այս գործընթացը, եւ տպավորություն էր ստեղծվում, թե բարձր վարկանիշ ստացած ընկերությունները Հայաստանի ամենամաքուր, ամենաթափանցիկ, ամենաօրինապահ ընկերություններն են։ «Ձեռնարկությունների վարկանշումն իրականացվելու է ձեռնարկության վարկային պատմության, ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության եւ գործունեության որակական գնահատականի հիման վրա` առաջնորդվելով մասնագիտական խորը ուսումնասիրության, թափանցիկության, օբյեկտիվության, օպերատիվության եւ համադրելիության սկզբունքներով»,- կարդում ենք ԿԲ-ի կայքէջում: Ավելին, ԿԲ-ն այնքան էր վստահելու բարձր վարկանիշ ստացած ընկերություններին, որ պատրաստ էր «Ա+»-ից «Գ» վարկանիշ ստացած ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերն ընդունել որպես գրավ՝ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի կնքման ժամանակ: Սակայն հանկարծ ՀՀ Հարկային պետական ծառայությունը ստուգումներ անցկացրեց «Բ» վարկանիշ ունեցող մի ընկերությունում ու պարզեց, որ այն խոշոր չափի հարկեր է թաքցրել, այլ կերպ ասած՝ գործել է ստվերում։ Հարց է ծագում՝ ի՞նչ էր իրենից ներկայացնում ԿԲ-ի մասնագիտական խորը ուսումնասիրությունը՝ «թափանցիկության, օբյեկտիվության, օպերատիվության եւ համադրելիության սկզբունքներով»։ Եթե հարցնեք՝ ԿԲ-ն էլ կպատասխանի՝ մենք վարկանիշ տալիս ենք եղա՛ծ տեղեկատվության հիման վրա։ Այսինքն, եթե ինֆորմացիան կեղծ է, սուտ կամ թերի, դա արդեն ԿԲ-ի մեղքը չէ։ Փաստորեն, թեկուզ անհավատալի է, բայց ստացվում է՝ մեր ԿԲ-ին հնարավոր է հեշտությամբ խաբել։ Սակայն էականն այդ չէ, այլ այն, որ միջազգային վարկանիշային կազմակերպություններն էլ մեծ մասամբ հիմնվում են ԵՂԱԾ ինֆորմացիայի վրա։ Իսկ եղած տեղեկատվությունը տալիս են այն կառույցները, որոնց իրական վարկանիշը՝ ժողովրդի աչքում, առանց միջազգային «թիթիզ» անուններով կազմակերպությունների, գտնվում է զրոյից ցածր մակարդակի վրա։