Հատկապես առաջացած տարիքի ակադեմիկոսները, երկրի ղեկավարությանը ակադեմիայի մատույցներում տեսնելուն պես` բարձրացնում են գիտությունը ֆինանսավորելու խնդիրը: Ֆինանսավորման պակա՞սն է, որ պատճառ է մեր հումանիտար գիտությունների, հատկապես հայագիտության այս թշվառ վիճակին: Գուցե: Սակայն, հետաքրքիր է, որքա՞ն է եղել, ասենք, Հրաչյա Աճառյանի վարձատրությունը, երբ նա կազմում էր «Ընդհանուր քերականությունը», որը բովանդակում էգ 562 լեզուների համեմատական քերականությունը: Դա` հետո, իսկ մինչ այդ, երբ Աճառյանն ուսանում էր Փարիզում, ուսման երկրորդ տարում նա օրվա տասը ժամն անց էր կացնում Սորբոնում` սովորելով սանսկրիտ, զենդերեն, լազերեն, հունարեն լեզվի պատմություն, հայագետ Անտուան Մեյեի մոտ`հայերենի համեմատական քերականություն, ձայնաբանություն, իսկ դասերից հետո, տառացիորեն մի կտոր հացի կարոտ, զբաղվեց նախ` լրագրավաճառությամբ, ապա՝ կոշիկ ներկելով, եւ վերջապես՝ փողոցում բոված գետնընկույզ վաճառելով: Ստացած գումարը բավարարում էր նրան օրական մի կտոր հացի եւ երկու գազարի (Աճառյանը կարդացել էր, որ գազարն ամենասննդարար բանջարեղենն է, հետեւաբար՝ իր գումարը հատկացնում էր հենց դրան): Եվ այդ շրջանում նա շարունակում էր զբաղվել հայերենի արմատական բառարանը համալրելով, կազմեց լազերենի քերականությունը եւ այդ լեզվի բառարանը, զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն հրատարակեց: Ամեն դեպքում, Աճառյանի օրինակը ցույց է տալիս, որ գիտնականին` զբաղվել գիտությամբ, ոչինչ չի կարող խանգարել` ո՛չ քաղցը, ո՛չ ահավոր թույլ տեսողությունը, ո՛չ էլ, առավել եւս, երկրի ղեկավարության հետ հազվադեպ շփումները:
Նման մասշտաբի գիտնականներ Հայաստանում այսօր, ցավոք, չկան: Թեեւ չենք էլ կարող պնդել, որ արժանավոր գիտնականներ չունենք: Նրանցից մեկն է պատմաբան Պարույր Մուրադյանը, ում հետ էլ զրուցեցինք հայագիտության խնդիրների մասին: Աճառյանի մասին բերված օրինակին պարոն Մուրադյանը հավելեց մեկ այլ օրինակ:
– Ժամանակին, երբ Վիկտոր Համբարձումյանը Ռուսաստանի ԳԽ պատգամավոր էր, նիստերից մեկի ժամանակ առաջարկեց կրճատել գիտնականների աշխատավարձը` հիմնավորելով, որ գիտնականներն իրենց աշխատանքի դիմաց անասելի հաճույք են ստանում, ինչը եւս բարոյական վարձատրություն է: Սա, ինչ խոսք, ճշմարիտ է, բայց երբ դոկտոր-պրոֆեսորը մի պաշտոնյայի հեռախոս վերցնող-դնողից պակաս է ստանում, ներելի չէ: Հասկանալի է, դա բնավ չի արդարացնում գիտության այն վիճակը, որն այսօր ունենք: Կարծում եմ` Հայաստանն իր ունեցած բյուջեից նշանակալի հատկացում է կատարում գիտությանը, սակայն այդ հատկացումները նպատակային չեն ծախսվում: Մեր դժբախտությունն այն է, որ չունենք պետականորեն գիտակցված հայագիտական ծրագիր, որը թույլ տար ճշտել` այս միջավայրում, այս տարիներին, միջոցների այս հնարավորությունների պարագայում ի՞նչն է հրատապ հրատարակելու, ո՛ր պատմիչին, ո՛ր աղբյուրները, որպեսզի մեր այսօրվա հարցերին պատասխան տրվի: Լիակատար ինքնագործունեություն է: Օրինակ` վերցնենք հայոց հին գրականությունը` 5-րդ դարից մինչեւ 18-րդ դարը` ներառյալ: 1300 տարվա գրականություն է: Թվում է` ինչ-որ մեկը պիտի ուսումնասիրեր այդ ողջ ժառանգությունը: Բայց ոչ: Գիտեք, շատ կարեւոր է վերանայել համալսարանական ծրագրերը, ուր պետք է կարդացվեն աղբյուրագիտության, ձեռագրագիտության հատուկ կուրսեր, հնագրություն, գրաբարը սովորեցնեն իբրեւ լեզու, սովորեցնեն հին արեւելքի այն մատենագրությունների լեզուն, որոնց հետ անմիջական առնչություն ենք ունեցել: Դա մենք չենք արել: Բոլորովին վերջերս մի փոքրիկ տղա` Արտակ Մաղալյանը, ինքնուրույն ջանադրությամբ Ղարաբաղի մասին աղբյուրագիտական հիմքի վրա կառուցված աշխատություն է գրել: Հրաշալի՛ գործ է:
– Այսինքն` հայագիտությունն այսօր անձնական նախաձեռնությունների հույսի՞ն է:
– Այդպես է ստացվում: Գիտությունը գլուխ պահելու, ակադեմիայի շենք մտնել-դուրս գալու համար չէ: Գիտությունն այն է, որ երկու հայտնիների օժանդակությամբ երրորդ անհայտն եք գտնում ու լուծում։ Մեզ մոտ վերջին տարիներին լույս են տեսնում գրքեր, որոնք վաղուց արդեն գրվել են Մխիթարյանների կամ հայագիտության նախորդ սերունդների կողմից: Գիտնականը, ով դադարում է գիրք կարդալ, դադարում է նաեւ գիտնական լինելուց: Հայաստանյան հայագիտության գերակա տեղը` Ակադեմիան, դժբախտաբար, չի կարողանում ճիշտ կազմակերպել աշխատանքը: Ինչո՞ւ: Որովհետեւ ժամանակին գիտությունը բաժանվել է զանազան ինստիտուտների միջեւ: Պետք է ստեղծվի գիտության մեկ կամ երկու ինստիտուտ` համապատասխան միավորումներով: Օրինակ` Հնագիտության ինստիտուտը ես կմիացնեի Հայաստանի հնագիտության թանգարանի հետ: Գրականության ինստիտուտը` Գրականության թանգարանի հետ. որտեղ նյութն է, թող գիտնականն այնտեղ նստի, ուսումնասիրություններ անի:
– Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարող է պատահել, որ անցնում են տասնամյակներ, իսկ Աճառյանի, Ադոնցի, Մանանդյանի կարգի գիտնականներ այդպես էլ չենք ունենում:
– Մեզանում, ի դժբախտություն մեզ, գերիշխում է արհեստավորական հոգեբանությունը: Եթե ունենք գրաբարի մի մասնագետ, երկրորդն այլեւս չենք պատրաստում: Այդ մի հոգին, ժամանակի հետ, գիտենք` ինչ է լինում: Եվ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ: Դրա համար կարող ենք ունենալ Աճառյան, հետո երկար ժամանակ այդ մասշտաբի գիտնականներ չունենալ: Յուրաքանչյուր կարեւոր բնագավառում պետք է ունենալ մի քանի մասնագետ, որպեսզի նրանք նախ` իրար հետ մրցեն, իրար արժեք հասկանան, որպեսզի գիտության մեջ տասնամյակներով ընդհատում չառաջանա:
– Այսօր չլուծված պատմական, մշակութային խնդիրներ ունենք գրեթե մեր բոլոր հարեւանների հետ: Տեսնո՞ւմ եք գիտական այն ներուժը, որը թույլ կտա գիտական մակարդակով ապացուցել մեր հավակնությունն այս կամ այն մշակութային, հոգեւոր շինության կամ տարածքի հանդեպ:
– Դարձյալ պետք է խոսենք առանձին անհատների մասին, եւ, որովհետեւ ակադեմիական գիտության դաշտը բավական ազատ է եւ տիրություն անող չկա, շատ հաճախ դրսից ներխուժում են այդ բնագավառ մարդիկ, ովքեր ամենեւին անելիք չունեն: Հակառակը` վարկաբեկում են հայագիտությունը: Կարող եմ նշել Սուրեն Այվազյան ակադեմիկոսին, որին անընդհատ վրացիները քննադատում են` կարծելով, թե նա խոշոր հայագետ է, որի աշխատանքների միջոցով էլ հետեւություն են անում, թե բոլոր հայերը տրամադրված են վրացիների դեմ:
– Թվում է` հայագիտության զարգացմանը ոչինչ խանգարել չի կարող. ունենք տասնյակ հազարավոր ձեռագրեր, աշխարհում կան մեծ թվով աղբյուրներ, որոնց ուսումնասիրությունները կարող են մեզ` հայերիս եւ աշխարհին համակարգված ներկայացնել այն ողջ գրական, գիտական ժառանգությունը, որն ունեցել ենք` սկսած հինգերորդ դարից:
– Իմ համոզմամբ, հայագիտության ամենակարեւոր խնդիրը գիտական աղբյուրները հրատարակելն է: Մենք մինչեւ հիմա օգտվում ենք նախախորհրդային ժամանակաշրջանում մեկ ձեռագրի վրա կատարված հրատարակությունից: Մինչդեռ, ինչպես նշեցիք, ձեռագրերը մեզ մոտ դրված են: Նախ` հայագիտությունը պետք է դնել համաշխարհային բանասիրական, պատմական գիտության մակարդակի վրա: Պատմական մատենագրությունը պետք է մեկ առ մեկ վերահրատարակել: Մենք հիմա օգտվում ենք Ստեփանոս Օրբելյանի պատմության 1910 թ.-ի Թիֆլիսի հրատարակությունից: Շատ հաճախ սպասում ենք, որ օտարները թարգմանեն մեր պատմիչներին, որ կարդանք: Էլ չեմ ասում ամենահրատապ աշխատանքի մասին. անընդհատ ասում ենք` մատենադարա՜ն, մատենադարա՜ն, իսկ լիարժեք նկարագրված է միայն 1000 ձեռագիր: Մնացած 10.000-ից ավելի ձեռագիր նկարագրված չէ: Քանի՞ տասնամյակ պիտի անցնի: Մենք չգիտենք մեր միջնադարյան հեղինակների նշանակալի մասի ժառանգությունը:
– Դարձյալ բերելով Աճառյանի օրինակը` հիշենք, որ նա Էջմիածնում աշխատելու տարիներին հասցրել էր ուսումնասիրել այնտեղի մատենադարանի 4000 ձեռագիր: Տասնամյակներ են անցել, այսքան գիտնականներ ենք ունեցել, իսկ Մատենադարանի ձեռագրերը դեռեւս ամբողջովին ուսումնասիրված, նկարագրված չեն:
– Լեւոն Խեչիկյանն արդեն ծրագրում էր 80-ականներին կազմակերպել ձեռագրերի նկարագրությունը, սակայն 82-ին մահացավ, եւ նրանից հետո 25 տարի Մատենադարանը չզբաղվեց իր հիմնական անելիքով: Այսինքն` ձեռագրերը նկարագրելով: Այսօր նոր երիտասարդներ են ընդունել, ովքեր պիտի նկարագրեն: Հին գրականություն ենք անցնում, իսկ Մանուկ Աբեղյանը հին գրականության պատմության այդ երկու հատորը գրել է օր ծերության եւ խորհրդային որոշակի պարագաներում, այդ պատճառով հոգեւոր մատենագրություն գրեթե չի ընդգրկել: Բայց մենք այսօր լավագույնը համարում ենք այդ աշխատությունը: Նախ` պետք է ճշտենք մեր մատենագիրների անունները, նրանց ապրած դարը, ստեղծած արժեքները, ճանաչենք եւ կամաց-կամաց մենագրություններով սկսենք ուսումնասիրել, հրատարակել: Ցավոք, չի արվում: Այդ գիտակցությունը չկա: Մատենադարանը, Պատմության, Գրականության, Արվեստի ինստիտուտներն իրար հետ ոչնչով կապված չեն: Գիտնականն ամենից առաջ պետք ունենա մեծ նվիրում, ոչ թե ճանաչումի, գնահատումի ակնկալիք: Մեր բոլոր Մովսես Խորենացի չկարդացած գիտնականները պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Գիտնականի ճշմարիտ վարձատրությունը ստեղծած արժեքն է, երբ կա հարց, եւ նա լուծում է այդ հարցը` իմանալով, որ իրենից առաջ այդ հարցն անլուծելի էր:
– Դա գիտնականի անձնական նախաձեռնության խնդիրն է, սակայն պետությունն էլ, ավելի ստույգ` իշխանությունը, ակնհայտորեն չեն պատկերացնում` հայագիտությունն ինչի հետ են ուտում: Եթե չեմ սխալվում, Պատմության ինստիտուտում օրը ցերեկով փակվեց հայոց պատմագրության եւ աղբյուրագիտության բաժինը: Մենք մեր դասականներին չենք հրատարակում: Սրանք լուրջ ցուցիչներ են` հասկանալու, որ հայագիտությունը, գիտնականների շատ փոքր խմբից զատ` որեւէ մեկին չի հետաքրքրում:
– Ադոնցի նման հսկա գիտնական ունենք, եւ մինչեւ հիմա Հայաստանում Ադոնց չի հրատարակվել: Պետրոս Հովհաննիսյանին պիտի պարտական լինենք, որ Բեյրութից հայտնաբերեց նրա ձեռագրերը, բնագրերը եւ երեք հատոր հրատարակեց: Ողբերգություն է այն, ինչ կատարվում է: Մեր սերունդները մեծանում են` առանց Ադոնց, Տաշյան, Ալիշան ճանաչելու: Այսօրվա հայագիտությունը 19-րդ դարի հայագիտության լիարժեք ժառանգորդը չէ: Էջմիածնական դպրոց կար, Մխիթարյանների դպրոց կար: Այսօր մենք որեւէ հայագիտական դպրոց չունենք: Անհատների պայքար չկա, դպրոցների պայքար չկա: Իսկ գիտության մեջ պետք է դպրոցների մրցակցություն լիներ: Ունեինք շատ նշանավոր լեզվաբան` Ջահուկյանը: Նա այսօր չկա, նրա գործը մնաց: Հայագետները գալիս ու գնում են, սակայն դպրոց չեն ստեղծում: Այս ճանապարհը տանում է նրան, որ հայագիտական նախաձեռնություններն անցնում են օտարների ձեռքը:
– Հումանիտար գիտություններում յուրաքանչյուր ոլորտ այսօր ունի ճանաչված մեկ կամ երկու մասնագետ: Եվ եթե այդ մասնագետները հասկանալի պատճառով չկարողանան այլեւս զբաղվել իրենց աշխատանքով, ոլորտը կմնա դատա՞րկ:
– Պատկերացրեք` այո: Այսօր ունենք մեծ գիտնականներ: Օրինակ` Բաբկեն Հարությունյանը: Պատմական աշխարհագրության եզակի մասնագետ է: Նա վթարի էր ենթարկվել, եւ ես ողբերգության մեջ էի` պատմական աշխարհագրությունը տասնամյակներով կկորցնեինք` առանց Բաբկենի: Կամ Պետրոս Հովհաննիսյանը: Եթե Ադոնցի ժառանգությանը տեր չկանգներ, Աոնցը պիտի մնար մեզ անհայտ մի բան: Մինչդեռ Ադոնցից պիտի հայերեն սովորենք:
– Գիտնականները, որպես կանոն, քաղաքականությամբ այնքան էլ չեն հետաքրքրվում: Ձեզ հետաքրքրո՞ւմ է քաղաքական անցուդարձը:
– Գրեթե ոչ: Բայց գիտեմ մի բան. ամենավատ պետությունն անգամ պետություն չունենալուց լավ է: Հայտարարել, թե՝ 20-30 հազարանոց բանակ կպահեմ, մեզ կտանի պետության կորստի: Սակայն հասկանալով, թե Ձեր հարցը ո՛ր ուղղությամբ եք շեղելու, ասեմ. ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանին համարում եմ մեր լավագույն հայագետներից մեկը եւ շատ ափսոսում եմ, որ նա գիտությունից քաղաքականություն գնաց: Սակայն քաղաքականությունը, գիտեք, զոհեր է պահանջում: