Տարիներ առաջ հոդված էի տպագրել՝ «Դասական հեղափոխությունների վախճանը» վերնագրով: Տարիներ անց վերընթերցելով՝ հասկացա, որ «վախճան» ասելով՝ շտապել եմ եւ հատկապես շփոթվել «դասական» բառից, կարծելով, թե դասական է այն ամենը, ինչ կատարվում է, իր լարումին հասնելով՝ ավարտվում, մնալով ուսանելի:
Անշուշտ, հաճելի կլիներ, որ այսօր համաձայնեի տարիներ առաջ ասած մտքերիս, եւ մտքերս էլ ճշմարիտ լինեին, սակայն պարզվում է, որ շատ ավելի հաճելի է, երբ արդեն գիտեմ, որ հաճելին համառության հետ կապ չունի, հետեւողականությունը՝ առաքինության, մանավանդ, ավելի տհաճ բան չկա, քան, երբ անցյալի կարծիքներիդ հետ այնպես ես կապված, որ հարամում ես ներկադ ու ապագադ, ինչ է թե՝ պատմությունը մի բան է, որից կարելի է դասեր քաղել, մոռանալով մենակության եւ անկեղծության մի պահի ինքն իրեն հարցնել. ո՞ր պատմությունից. ա՞յն, որ տիրացուաբար մատուցվեց ծխական վարժարաններում, ա՞յն, որ սովորեցինք խորհրդային առաջնակարգ դպրոցներում, թե՞ այն, որ շարունակում է քայլարշավն արդեն ազգային մաթեմատիկա, ազգային աշխարհագրություն եւ ազգային այլ տարբերակներով: Մի քայլ էլ՝ եւ ազատություններից կնախընտրենք ազատ անկումը, անկումներից՝ ազգայինը: Սա կլինի, բնականաբար, դասական նվաճում: Նաեւ մոռանալով, որ դասեր քաղելու համար, եթե ներկան ստույգ արժանիքներ չունի, գոնե ունի մի առավելություն. այն մենք տեսնում ենք, զգում, ապրում, գուցե թե՝ ավելին, քան կարող ենք բանաձեւել, սակայն ոչ պակաս, քան կարող ենք արտահայտել առանց հետին մտքի: Մի բանում համոզված եմ՝ դեմքով անցյալին կանգնելը հարկադիր կուրություններից ամենասարսափելին է, մանավանդ խեցգետնային դիրքը պարտադրում է նաեւ մեջքով ապագային կանգնել: Դառնամ «դասական» ածականին, որ առաջացել է լատինական classis՝ նավատորմ բառից, որ նշանակում էր «շարք», «կարգ», ինչը ժամանակակից ըմբռնումով գրեթե նույնանում է «համակարգ» հասկացությանը: Գալով ստուգաբանությանը, նշեմ, որ նշված իմաստները հայ իրականություն տեղափոխելիս՝ հուսահատվում եմ. նավատորմ չենք ունեցել երբեք, եւ ինչ կարգի, առավել եւս՝ համակարգի մասին կարող է խոսք լինել, երբ մեզ մոտ ինչ-որ չգրված հռչակագրով «դասական» է այն ամենը, ինչ եղել է անցյալում: Որեւէ բան գրելիս, անշուշտ, ամենադժվարը հետեւանքների մասին մտածելն է: Այս դեպքում, կարծում եմ, գրածներս անկանխատեսելի հետեւանքներ չեն ունենա, մանավանդ համակրանքներս այն աստիճանի չեն, որ համարժեք լինեն կռապաշտությանը, հակակրանքներս այնքան ակնհայտ չեն, որ թշնամություն ծնեն:
Բացարձակ է անազատությունը, ազատությունը հարաբերական է
Հայկական «թավշյա» հեղափոխությունը բնավ չի տարբերվում այլ երկրներում եւ այլ ժամանակներում կատարված հեղափոխություններից, թեկուզ եւ ունեցավ տեղական նշանակություն: Եվ իրոք, ինչո՞վ պիտի տարբերվեր, երբ նպատակը մշտապես նույնն է: Այդ հեղափոխությունը կատարում են բազմազգ երկրում ազգային փոքրամասնությունները, միատարր բնակչություն ունեցող երկրներում՝ օտար պետությունները: Միակ տարբերությունը սա է, եթե այն կարելի է զանազանություն համարել այնպիսի մի մեծ սխրանքում, ինչպիսին հեղափոխությունն է: Զարմանալի չէ, բայց սովորաբար հեղափոխություն կատարում են ամենաշիտակ տրամադրություն ունեցող տարրերը, որովհետեւ այդպես միայն հասկանալի կլինի հեղափոխության բուն իմաստը, այլապես ի՞նչ իմաստ ունի անել մի բան եւ մտածել միանգամայն այլ բան, չնայած հանուն հացի սկսված հեղափոխությունն ավարտվում է միայն հացիվ սկզբունքով, հանուն պետության հեղափոխությունը՝ առանց հայրենիքի:
Իսկապես, պատերազմները, արհավիրքները, ինչպես նաեւ հեղափոխությունը պատմության եւ ժամանակի համաշխարհային հեշտանքի ամենանշանակալի օրինակներն են, որոնցից հետո հակառակորդ կողմերը, ընդդիմադիր դասակարգերն ու բանակներն իրարից կշտացած՝ օտարվում են, եւ հասարակության մեջ մնում են հեղափոխական եւ հակահեղափոխական դասերը, թշնամի եւ յուրային նավատորմը, ու այսուհետ անչափ դժվար է կռահել, թե որ շերտում են ավելի շատ հայտնվում ժողովրդի ճշմարիտ բարեկամները եւ նույնքան ճշմարիտ թշնամիները: Ի վերջո, նախընտրության հարց է: Մանավանդ պարզ է, որ ճշմարտություն կա, որ բարեկամից թանկ է, եւ բարեկամ, որ թանկ է ամեն ինչից: Ուղղակի ձիու վրա մնացածները մոռանում են Աստծուն, ձիուց իջածները՝ ձիուն, ուստի դժվար չէ եզրակացնել, որ էժան ճշմարտությունից շատ ավելի թանկ է թշնամի ունենալը: Անշուշտ, սա մեր տրամաբանությունը չէ, այլ դասական հեղափոխության, քանի որ, ի վերջո, բարեկամներից եւ թշնամիներից, հատկապես ճշմարտությունից քառապատիկ թանկ է ինքը՝ հեղափոխությունը: Պետք է ասել, որ հեղափոխությունները սովորաբար արվում են հանուն պայծառ ապագայի, սակայն կարճ ժամանակ անց ապագան հետաձգվում է անորոշ ժամանակով, երբեմն՝ մինչեւ այնժամ, երբ կարիք է լինում հանուն էլ ավելի պայծառ ապագայի նոր հեղափոխություն կատարել: Ժամանակի հետ այդպիսի վարժ վարվելակերպը հեղափոխականներին ազատում է հենց ժամանակի առջեւ ունեցած եւ կենդանական աշխարհին անհայտ պատասխանատվության բարդույթներից, հաճախ՝ նաեւ տարածության կապանքներից, քանզի հեղափոխությունը միշտ էլ պրոլետարական է, իսկ ժողովրդավարական դիկտատուրան՝ անխուսափելի: Անվանումը (պրոլետարական) ուղղակի վկայությունն է առաջնորդների ազնվության. եթե ազնիվ ես, հեղափոխությունն արվում է «ազատություն, հավասարություն, եղբայրություն» անառարկելի կարգախոսներով: Եթե անգամ հարկ կա դրանք հաստատելու, կարելի է զոհաբերել հենց ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը՝ հանուն բարօրության:
Հարկ կա՞ ասել, որ կան հեղափոխականներ, անգամ կուսակցություններ, որոնք, պատկառելի տարիք ունենալով հանդերձ, ոչ մի կարգին հեղափոխություն չեն կատարել՝ զուտ պրակտիկ՝ «մահ կամ ազատություն» պատճառաբանությամբ: Երկրներ կան, որտեղ ամեն ինչ աղավաղվում է, ավելի ստույգ՝ վարկաբեկվում, այնպիսի վսեմ մի առաքելություն, ինչպիսին հեղափոխությունն է: Ուսմունքներ կան, որով մի երկրում հեղափոխություն են կատարում, որպեսզի մի այլ երկրում չկատարվի նույնը, ուսմունքներ, որոնք արարվելով մի տեղում, բացահայտորեն կիրառություն են գտնում այլուր, սովորաբար, առանձին վերցրած մի երկրում: Սակայն բոլոր հեղափոխությունների՝ ըստ նպատակի եւ ըստ հետեւանքի, հաջողության եւ անհաջողության պատճառը մեկն է՝ մեսիանիզմը, փրկչական խնդրադրությունը, որովհետեւ, ինչպես կասեր Կ. Յունգը, «քրոնիկ թունավորման ցանկացած ձեւ չարիք է՝ լինի ալկոհոլ, մորֆի թե իդեալ»: