– Ինչպե՞ս է ապրում Գագիկ Սեկոյանը: Շաբաթ երեկոները՝ գիտենք, իսկ մնացած օրե՞րը:
– Առավոտ զարթնում եմ, առաջին հերթին թոռնիկիս եմ սիրում, հետը խաղ եմ
անում, սուրճը խմում եմ, մի քիչ հեռուստացույց եմ նայում, հետո նոր տանից
դուրս եմ գալիս, գնում աշխատանքի, ընկերների հետ հանդիպում, որը տեւում է
մինչեւ ժամը 4-ը: Ժամը 4-6-ը անպայման գալիս եմ տուն հանգստանալու,
որպեսզի տրամադրությունս երեկոյան անպայման բարձրանա, որովհետեւ ժամը 7-ից
հետո ավելի շատ եմ զբաղված լինում՝ օր է լինում՝ նկարահանում է լինում, օր
կա՝ ժողովրդին եմ ուրախացնում: Իսկ օրս ավարտվում է գիշերվա ժամը 3-ին,
4-ին նոր տուն եմ վերադառնում: Օր կա, շատ լավ ա անցնում, օր կա, վատ
բաներ էլ են լինում՝ ջղայնանում եմ:
– Ի՞նչ միջավայրում եք ծնվել-մեծացել:
– Ես ծնվել եմ Երեւան քաղաքում, 1952 թվականին, Սուրբ Սարգիս եկեղեցու
դիմացի մայթի շենքում՝ Կարմիր բանակայինների շենքում եմ մեծացել: Քաղաքի
տղա եմ, իգդիրցու թոռ եմ: Ես ոչ ավարտած եմ ձեզ նման, ոչ սովորած եմ, բայց
ես ժողովրդի ծոցից դուրս եկած տղա եմ, 16-17 տարեկանից շփվել եմ ժողովրդի
հետ՝ ձեր հայրիկների, մայրիկների, բոլորի հետ շփվել եմ, իրենց ուրախության
սեղաններին եմ մասնակցել: Մեր ազգության մեջ մենակ ես բարձրագույն չեմ
ավարտել, ես էլ կյանքի բարձրագույն ինստիտուտն եմ ավարտել: Երաժշտական
դպրոց եմ ավարտել ու երկու հատ տեխնիկում:
– Ո՞ր տեխնիկումները:
– Երաժշտության հետ ոչ մի կապ չունեցող՝ սննդարդյունաբերության ու
հիդրոմելիորատիվ: Դե, կոմունիստական ժամանակաշրջանում էդ դիպլոմը ինձ պետք
էր, ես արտադրամասի պետ էի աշխատում:
– Իսկ էդ կոմունիստական ժամանակաշրջանից անցումը ինչպե՞ս տարաք:
– Մարդ կյանքում ամեն ինչին պիտի դիմանա, ես չեմ ընդունում էն մարդկանց,
ովքեր անընդհատ բողոքում են, թե էն ժամանակ լավ էր, հիմա վատ ա: Եթե մարդ
ցանկություն ունի աշխատելու, ստեղծելու, մի բան կանի անպայման, որ իր
ընտանիքը նորմալ ձեւի պահի: Իսկ էն ծանր 6-7 տարիների համար շատ շնորհակալ
եմ իմ ընկերներից, լավ ընկերներ ունեմ Միացյալ Նահանգներում, 1990
թվականին հրավիրեցին, Ջիվան Գասպարյանի հետ գնացինք համերգների, ու, ոնց
որ ասած, մեր ճանապարհը բացվեց, էդ 6-7 տարին էդ երկրով ապրեցինք՝ 6 ամիս
էնտեղ էի լինում, 6 ամիս՝ էստեղ: Գումարած դրան՝ իմ սիրտը էնտեղ
վիրահատեցին՝ շատ շնորհակալ եմ էդ ժողովրդից էլ, բժիշկներից էլ, բայց
ավելի շատ ես շնորհակալ եմ մեր Նորք-Մարաշի հիվանդանոցի բժիշկներից, որտեղ
իմ սիրտը երկրորդ անգամ վիրահատեցին, շատ շնորհակալ եմ իմ ժողովրդից,
բոլորից, ում շնորհիվ իմ «Շաբաթ երեկո» հաղորդումը կայանում է:
– Իսկ ինչո՞ւ որոշեցիք հեռուստահաղորդում անել:
– Մի օր գիշերը ժամը 3-ին, Արարատ ռեստորանի մառանի էն բուխարիկի մոտ,
որտեղ իմ նկարահանումներն են լինում, էս «Հայ TV»-ի տնօրեն Գագիկ
Բուռնաթյանը ընկերների հետ ժամանակ էր անցկացնում, ես էլ, քեֆս լավ,
գիշերը գնացել էի էնտեղ իմ ընկերների մոտ, ովքեր էնտեղ դուդուկ էին
նվագում՝ շատ լավ էին նվագում, մարդու քեֆն էլ որ լավ ա լինում, ուզում ա
առաջին հերթին դուդուկ լսի, էկա տեսա Գագոյենք նստած են, խոսացինք մի քիչ,
ուրախացանք, ասի՝ այ ախպեր, պարտադիր ա եսիմ ինչ անուն ունենա՞նք, հայ
ազգի սուտի աստղ ըլնե՞նք, որ մի օր էլ մեզ ձեր հաղորդումներին հրավիրեք:
Ես, ճիշտ ա, հումորով ասացի, բայց մի որոշ ժամանակ անց Գագոն զանգում, ինձ
ասում ա՝ խոսելու բան կա: Գնացի, ասում ա` ո՞նց անենք, որ մի հաղորդում
անենք՝ համով-հոտով, տնական մթնոլորտով: Ես էլ ասի՝ դե, հայավարի տնական
մի լավ սեղան կգցենք, երգիչներին կհրավիրենք, էն երգերը կերգացնենք, որ
մեր հայրիկներն ու մայրիկներն էլ են սիրում, ու էսօրվա օրով ես շատ
շնորհակալ եմ մեր բոլոր բարի կամեցողներից, որոնց շնորհիվ էդ հաղորդումը
կայացավ, ու ձեզանից էլ, որ դուք էսօրվա օրով էկել եք ինձանից հարցազրույց
վերցնելու, ուրեմն ինչ-որ տեղ իմ հաղորդումը սիրում եք, կամ ձեր
հարազատներն են սիրում: Ես ինքնագովազդ չեմ անում, բայց չեմ պատկերացնում
մի ընտանիք Հայաստանում, որ իմ հաղորդումը չնայի, էնքան զանգեր եմ
ունենում՝ սկսած մեծահասակներից մինչեւ էն 5 տարեկան էրեխեն, որ
տատիկ-պապիկները ձեռքները բռնած, բերում-ասում են՝ էս ա Գագիկ Սեկոյանը,
ես էլ մի հատ համբուրում եմ էդ լավ բալիկներին: Մարդիկ կան, որոնք էլ վատ
բան են ասում՝ էս ինչ ա, էս ինչ երգիչներ են բերում… Ես էն երգիչներին
եմ բերում, որոնք պարտադիր չի, որ անուն ունենան, բայց ունեն լավ ձայն, ու
երգում են կենդանի ձայնով: Իսկ նրանց գտնել-բերելը հեշտ չի: Բա ինչքան
մարդ ա ինձանից նեղանում, որ չեմ ուզում՝ իմ հաղորդմանը երգեն, վայ, էնքան
շատ մարդ, որ չեմ ուզի՝ մեկ ուրիշից էդքանը նեղանան: Գալիս են՝ մեկի
բարեկամն ա, մեկի հորեղբոր տղան ա, բայց որ լսում-տեսնում ենք՝ ձայն
չունի, չենք ընդունում, էնպես որ՝ նեղացողների շարքն էլ ա մեծ: Եթե մեկը
փորձի ասել՝ ես Գագիկ Սեկոյանին 10 դրամ եմ տվել՝ իր հաղորդմանը երգելու
համար, ես խոսք եմ տալիս, որ հաջորդ օրը էդ հաղորդումը կփակեմ: Որովհետեւ
սա էն հաղորդումն ա, որ եթե փողով էղավ՝ դուք էս նույն հաճույքով չեք
նայի: Բանասեր ընկերներ էլ ունեմ, համալսարանի դասախոսներ, ովքեր ինձ
հանդիպելուց փաթաթվում-համբուրում են, ասում են՝ Գագո ջան, հանկարծ
հաղորդման ժամանակ խոսալուդ ձեւը չփոխես: Ասում եմ՝ ես ժողովրդական մարդ
եմ՝ ոնց կամ, էդպես էլ խոսում եմ, հո չե՞մ նստի ութ ժամ մտածեմ՝ ոնց
խոսեմ: Իմ մոտ սցենար չի գրվում, հաղորդման ժամանակ ինքս իմ մեջ մտածելով
արդեն զգում եմ՝ ինչ ասեմ, երբ ասեմ, ոնց ասեմ, ու պատահական չի, որ ես
հաճախ մեր մեծահասակներին եմ հիշատակում, օտարության մեջ գտնվողներին եմ
հիշում, ես իրանց անունը չեմ տալիս, որովհետեւ ոչ թե շահ ունեմ իրանցից,
այլ որ նրանք, որ էս հաղորդումը նայում են, շուտով ամբողջ աշխարհում ա
սփռվելու սա, որ նայում ու մղկտում են, որ իրենց հայրենիքում չեն, որ մի
քիչ իրենց կարոտն առնեն: Իմ լավ բարեկամների, ընկերների մեծ մասը
օտարության մեջ են, նայում, հետո զանգում-ասում են՝ էս խի՞ ես մեզ
մղկտացնում: Ու չկա էնպիսի մի ընտանիք, էդ էլ ասեմ, որ իմ հաղորդումներից
չձայնագրեն-ուղարկեն օտարության մեջ գտնվող իրենց հարազատներին:
– Իսկ ձեր երգերը ժողովուրդն այսօր որտե՞ղ կարող է լսել:
– Ուրեմն, ասեմ՝ ես ոչ քաշվում եմ, ոչ ամաչում եմ, մարդիկ կան՝ ասում են՝
վայ, ռեստորանում ա երգում, բայց մոռանում են, որ լավ երգիչների մեծ մասը
ռեստորաններից են դուրս եկել: Ես իմ նվագախմբով ձմեռները լինում եմ
«Արարատ» ռեստորանում, ամառները՝ «Ծիծեռնակ» ռեստորանում, էն, որ
ժողովուրդը «արջանոց» ա ասում, Մարզհամերգային համալիրի մոտ ա:
– Իսկ մասնավոր հրավերներ լինո՞ւմ են:
– Շատ, շատ: Էնքան, որ ուզենամ՝ ամեն շաբաթ մի տեղ կարանք գնանք, բայց չենք գնում: Արտասահմանյան հրավերներ էլ են լինում:
– Համերգների են հրավիրո՞ւմ, թե՞ ուրախության սեղանների:
– Համերգներ էլ են կազմակերպում: Հարսանիքների, ծնունդների հրավերներ են շատ լինում:
– Մեր երկրի այսօրվա վիճակին ինչպե՞ս եք վերաբերվում:
– Ոնց որ ժողովուրդն ա վերաբերվում: Դե լավն էլ կա, վատն էլ, հո ամեն ինչ
չի՞ կարա լավ լինի: Ես աշխատում եմ էդ քաղաքական բաներից հեռու մնալ:
Բոլոր կուսակցություններն էլ իմ հետ լավ հարաբերությունների մեջ են: Երբ
դուդուկը հնչում ա, լինի օլիգարխ, լինի Ազգային ժողովի պատգամավոր, եթե
ջիգյար ունի, սիրում ա ժողովրդական երգ-երաժշտություն, էդ պահին կապ
չունի՝ ինքը ով ա, ինքը մարդ ա…
– Բայց մեր երգերը մի քիչ շատ չե՞ն տխուր:
– Հա, էդ մեր ժողովրդից ա գալիս, իր սովորույթներից: Մեկ էլ տեսնում ես՝
հարսանիքի էն լավ քեֆ-ուրախության ժամանակ մի հատ տխուր երգ ա սկսվում,
ինչպես օրինակ՝ «Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց…»: Սկսում եմ բացատրական
աշխատանք տանել էդ ժամանակ, որ ախր էդ երգի վախտը չի, էդ երգին էլ տեղ կա,
ժամանակ կա…
– Որքան տեղյակ եմ բարեգործական ծրագրերով էլ եք հանդես գալիս:
– Մի անգամ արդեն քրեակատարողական գաղութում ենք եղել: Պետք է տեսնեիք էդ
մարդկանց ուրախությունը, երբ մենք երգում էինք իրենց համար: Հիմա նման մի
ակցիա էլ ուզում ենք Նորքի ծերանոցում անել: Էս վերջերս էլ ընկերներիցս
մեկը՝ հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն է, զանգեց, ասում է՝ մենակ տեսնես,
թե մեր հիվանդներն ինչ հաճույքով են նայում քո հաղորդումները, նույնիսկ
հաղորդման կրկնությունները բաց չեն թողնում: Ես էնքան լավ եմ զգում, որ
էդպիսի բան եմ լսում, ու ուզում եմ՝ ինչքան կարող եմ էդ մարդկանց համար
լավ բան անեմ, ուրախացնեմ, որովհետեւ Աստված, որ էս շնորհքը մեզ տվել ա,
մենակ մեզ համար չի, տվել ա, որ ծառայեցնենք մեր ժողովրդին:
– Ժողովուրդը ձեզ ճանաչում է Ֆիլե Գագո անունով: Որտեղի՞ց է ծագել այդ անունը:
– Փոքր էի, մի քյավառցի մի օր կողերիցս կսմթեց, թե՝ ինչ լավ ֆիլե ա, էդպես
անունս մնաց Ֆիլե, ինչից ես բոլորովին վատ չեմ զգում, թող վատ զգան էն
մարդիկ, ովքեր իրենց չարությունն արտահայտելու համար շահարկում են իմ
մականունը: Աստված իրանց հետ…