Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պատեհ-անպատեհ առիթներով հանդես են գալիս զեկույցներով, հայտարարում են, որ Հայաստանի տնտեսությունը վագրային թռիչքով ցատկում է, իսկ ազգաբնակչության կենսամակարդակն աստիճանաբար դառնում է քաղաքակիրթ երկրների նման: Մինչդեռ ՀՀ բնակչության մի ստվար զանգվածի ապրելակերպը վկայում է, որ այդ տնտեսական աճն իրենց վրա անդրադառնում է նունյքան, որքան, ասենք, մոզամբ ժողովրդի վրա: Այսինքն` մի կողմից Հայաստանը զարգանում է, մյուս կողմից էլ՝ Հայաստանի ժողովրդի մեծ մասի կենսակերպը հետընթաց է ապրում: Վերոնշյալն ապացուցելու համար մեր պաշտոնյաներին առաջարկում ենք շրջայց կատարել Րաֆֆու 111 հասցե, որտեղ մարդիկ իսկական գնչուական կենցաղավարությամբ են ապրում: Ավելի ճիշտ` գոյատեւում: Այս հասցեից ոչ շատ հեռու Իսակովի պողոտայի մայրուղին է, որը վերակառուցելու համար Երեւանի քաղաքապետարանը, 3 տարի է` հսկայական գումար ծախսելով՝ քանդում-սարքում է: Այսինքն` մի դեպքում Երեւանի քաղաքապետարանն այնքան հարուստ է, որ բյուջեն մսխում է մայրուղին աննպատակ քանդել-սարքելու վրա, մյուս դեպքում էլ` մայրուղուց մի քանի մետր այն կողմ` Րաֆֆու 111 հասցեում ապրող քաղաքացիներն այնքան աղքատ են, որ սովից մեռնում են:
«Մարս» գործարանին պատկանող 4 հարկանի այս շենքը 4-րդ կարգի վթարային է, հետեւաբար՝ բնակիչների կյանքի անվտանգության որեւէ երաշխիք չկա: Եթե մի օր այս շենքը հավասարվի հողին, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, քանի որ 41 ընտանիքները չունեն սեփականության իրավունք, իսկ ոմանք` նույնիսկ գրանցում: Թե որքա՞ն արժեքավոր է այս շենքում բնակվող շուրջ 150 մարդու կյանքը 3 տարի Իսակովի պողոտան քանդող-սարքող Երեւանի քաղաքապետարանի համար, դատեք ինքներդ: Ու թե Իսակովի մայրուղին վերակառուցելու համար ծախսված գումարներով մեր քաղաքային իշխանությունները Րաֆֆու 111 շենքերի նման քանի՞սը կարող էին վերանորոգել` նորից դատեք ինքներդ:
4-հարկանի այս շենքում բնակվող 41 ընտանիքներում կենցաղային նողկալի պայմանների, անհարմարավետության պատճառով՝ պարբերաբար միջադեպեր, ծեծկռտուք եւ նույնիսկ հանցագործություններ են կատարվում: Սոցիալապես ծայրահեղ պայմաններում ապրող այս մարդիկ ահավոր նյարդային են ու չարացած, դրա համար էլ անհանդուրժողական մթնոլորտից՝ հաճախ ծայրահեղ դրսեւորումներ են լինում: Անահիտ Հովհաննիսյանի որդին կենցաղային հողի վրա անզգուշությամբ սպանել է հարեւանին: «Էստեղ բոլորն ուզում են իրենց ընտանիքներին պաշտպանել, բայց անհնար ա, որովհետեւ ոչ մի պայման չկա: Եթե ուզում ես քեզ պաշտպանել` վնասում ես հարեւանիդ: Եթե հարեւանդ ուզում ա մի քիչ կարգավորի իր կենցաղը` քեզ ա վնասում: Սարսափելի ա մեր վիճակը, սարսափելի…»,- ասում է տիկին Անահիտը` վստահեցնելով, որ որդին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման միայն նրա համար, որ ցանկացել է իր երեխաներին պաշտպանել: Հարեւանը կոյուղագիծ չի ունեցել եւ կեղտաջրերի համար մի հարմարանք էր ստեղծել, որի պատճառով, սակայն, Անահիտի պատշգամբն ամբողջովին դարձել է կեղտաջրերի հավաքատեղի: Որդին քանիցս պահանջել է կոյուղագիծ կառուցել, քանի որ, մասնավորապես ամռանը, երեխաները խոլերայով հիվանդանալու հավանականությունից ապահովագրված չեն եղել: Հարեւանն էլ ի վիճակի չի եղել, քանի որ բազմազավակ` 6 երեխա ունեցող ընտանիք են եւ հացի գումար անգամ չեն կարողանում հայթայթել: «Մի օր էլ համբերության բաժակը լցվեց, նորից սկսեցին վիճել, հետո վեճը դարձավ ծեծկռտուք, հետո նա դանակը վերցրեց, որ խփի, բայց տղաս իրան ավելի շուտ խփեց, ու տենց… Նրանք էլ դժբախտացան, ամուսինը մահացավ, տղաս էլ մեզ էս վիճակում թողած՝ բանտում ա»,- ասում է Անահիտը` ցույց տալով երկու թոռնիկներին, ովքեր ապրում են աննկարագրելի պայմաններում: Անահիտի ամուսինը` Ալեքսանդր Լյուի-Օհանյանը, ֆրանսահայ է: «Մեռնել եմ ուզում, էլ չեմ դիմանում: Անտեր մահին էլ սպասում եմ, սպասում եմ, ինչքան կարելի ա սպասել»,- ձայնի դողդողացող ելեւէջով հազիվ ասելիքը հասկացնում է 66-ամյա ծերունին: Ղարաբաղյան պատերազմի կամավորներից է եղել, ով վերադարձել է տուն կոնտուզիա ստանալուց հետո: Դրանից հետո անտուն-անհաց են եղել ու կենցաղային ծայրահեղ պայմաններին չդիմանալով՝ կաթված է ստացել: Չի կարողանում տեղաշարժվել, սայլակին գամված է: Ասում է` «Չեմ դիմանում էս տնային կալանքին: Տարիներ ա արդեն, ինչ քաղաքը չեմ տեսել, տնից դուրս չեմ գալիս, ի վիճակի չեմ: Խեղդվում եմ, խեղդվում, ոչ ծառ, ոչ խոտ եմ տեսնում, ոչ օդ եմ շնչում: Անքնությունն էլ՝ մի կողմից, ոչ գիտես՝ ցերեկ ա, ոչ գիտես՝ գիշեր ա, քնաբեր եմ խմում ու օրերս սպանում եմ, մինչեւ մահը գա: Մեր պատուհանն էլ մենակ էս զիբիլանոցն ա ցույց տալիս` հող, փոշի, զիբիլ: Էս կալանքը կրելը մահ ա, բայց մահ եմ ուզում, իսկական մահ»: 1-ին կարգի հաշմանդամ Ալեքսանդր Լյուի-Օհանյանը ստանում է 65.000 դրամ հաշմանդամության թոշակ: Ղարաբաղյան պատերազմի հերոսի կոչումն ու մեդալներն այլեւս նրան չեն ոգեշնչում, որովհետեւ 5 անգամ կաթված ստացած այս ծերունու համար կյանքը տառապանք է: Տիկին Անահիտը քաղաքապետարանում հավաքարարություն է անում, որի դիմաց ստանում է 28.000 դրամ: Ընտանեկան նպաստ չեն ստանում միայն նրա համար, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքից բնակության վայրից տեղեկանք չեն տրամադրում, ասում են` տարածքը «Մարս» գործարանինն է: Գործարանի ղեկավարությունն էլ տեղեկանք չի տալիս, որովհետեւ տարածքը պատկանում է ռուսական ընկերությանը, որը Հայաստանը տվել է «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում: Տիկին Անահիտը վստահեցնում է, որ օրեր են լինում, երբ երեխաները քաղցած են գիշերում: «Ո՛չ կարողանում ենք հիվանդին խնամել, ո՛չ երեխաներին, ո՛չ էլ կարողանում ենք կալանավոր պահել: Ահավոր ա: Ախր վախն էլ՝ մյուս կողմից: Մենք սեփականություն չունենք, վախենում ենք, որ ուր որ ա՝ մեզ էս շենքից կհանեն դուրս կշպրտեն»,- ասում է Անահիտը:
3-րդ դասարանցի Արամը նույնիսկ չգիտի ծննդյան օրը, որովհետեւ հոր ձերբակալությունից հետո տարիներ են անցել, եւ այդ տարիների ընթացքում այս տանը տոն չի եղել: Արամը հարցնում է` «Տատ, պապան դառնա 48 տարեկան, նոր ես իրան մեր տանը կտեսնե՞մ»: