Թուրքիայի իշխանությունները ձգտում են նվազեցնել բանակի թվաքանակը 20-30 տոկոսով` միաժամանակ բարձրացնելով զինվորականների պրոֆեսիոնալիզմը եւ Զինված ուժերը հագեցնելով նորագույն տեխնիկայով: Նման եզրակացություն են արել «Jamestown Foundation» հետազոտական կենտրոնի մասնագետները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, կազմակերպության զեկույցում նշված է, որ Թուրքիան աշխարհի սպառազինությունների 4-րդ ներկրողն է եւ 28-րդ արտահանողը: Անկարան ձգտում է տեղական արտադրության զենքի ծավալը ներկայիս 25 տոկոսից հասցնել 50 տոկոսի: Զեկույցի հեղինակները նաեւ փաստել են, որ զենք ձեռք բերելու հարցում Թուրքիան այժմ գերադասում է այն պետությունները, որոնց հետ խնդիրներ չունի Հայոց ցեղասպանության ճանաչման կամ քրդերի ինքնավարության խնդիրներում: «Թուրքիան մտադիր է զարգացնել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինության արտադրությունը, ինչը կնպաստի նման զենքի արտահանման ընդլայնմանը եւ թույլ կտա սեփական բանակը հագեցնել ամենաարդիական զենքով»,- եզրակացրել են «Jamestown Foundation» հետազոտական կենտրոնի մասնագետները: