«Հետքի» մայիսի 26-ի համարում հրապարակվել էր «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» հոդվածը (այն արտատպել է նաեւ «168 Ժամ» թերթը), որտեղ ներկայացված փաստերի վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն էր սկսել:
Սակայն այդ ուսումնասիրությունը զավեշտի է վերածվել: Պարզվում է` իր ուսումնասիրության արդյունքների մասին ծառայությունը «տեղեկացրել է համայնքի ավագանուն, լսել է ավագանու անդամների կարծիքը` ավագանու արտահերթ նիստում»: Ավագանու անդամներ Գագիկ Էվոյանը եւ Հակոբ Ճուղուրյանը մեզ հայտնեցին, որ ավագանու անդամների մեծ մասը չէր կարդացել հոդվածը եւ չէր տեսել գերեզմանոցի բարեկարգման շինարարության պատկերը: «Այդ պատճառով առաջարկել ենք հարցի անաչառ քննարկման համար նիստին հրավիրել հոդվածի հեղինակին, որը Վերահսկողության ծառայության աշխատակիցների կողմից շրջանցվել է»: Ավագանու անդամ, մասնագիտությամբ բժիշկ Սիմոն Զախարովն էլ ասաց. «Նիստում մեզ տեղեկացրին, որ գերեզմանոցի բարեկարգման համար կառավարության կողմից հատկացված 40 մլն դրամից 20 մլն դրամով գնվել է գերեզմանոցի հողատարածքը, 20 մլն դրամով էլ բարեկարգվել է գերեզմանոցը»: Հիշեցնենք, որ կառավարության կողմից գերեզմանոցի բարեկարգման համար հատկացված 41,8 մլն դրամի մեջ հողատարածքի գնման 20 մլն դրամը չի մտնում: Թե նիստում իրենց չտեսածի ու չիմացածի մասին ի՞նչ կարծիքներ կարող էին հայտնել ավագանու անդամները վարչապետի Վերահսկողության ծառայության աշխատակիցներին, եւ դա ի՞նչ քննարկում կարող էր լինել, հետեւությունը թողնում ենք ընթերցողին: Ուսումնասիրության մեջ նշվում է, որ հոդվածում հրապարակվել են բազմաթիվ «անճշտություններով փաստեր», եւ որպես այդպիսին՝ նշվում է. «Նշված 20 մլն դրամը (խոսքը վերաբերում է գերեզմանոցի հողատարածքի գնման գումարին.- Լ.Փ.) քաղաքապետարանը ձեռք է բերել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը նախկինում սպասարկման համար հատկացված հողամասից 2,4491 հա հողամաս օտարելու դիմաց», ապա շարունակում. «Մադան» թաղամասից «Էյ- Սի-Փի» ընկերությանը ոչ մի հողատարածք չի վաճառվել, ինչպես պնդում է հոդվածագիրը»: Վերահսկողական ծառայության աշխատակիցներին տեղեկացնենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամը» եւ «Էյ-Սի-Փին» երկու տարբեր ընկերություններ չեն, «Էյ-Սի-Փի» անվանումը «Արմենիան Քափըր Փրոգրամի»` անգլերեն տարբերակի հապավումն է` ACP»: Վերահսկողական ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ գերեզմանատան բարեկարգման մրցույթում հաղթող ճանաչված «Բազմաշող» ՍՊԸ-ն, Ալավերդու քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն, հիշյալ տարածքում, ըստ կատարողականի, իրականացրել է 41,8մլն դրամի աշխատանքներ (ներառյալ ԱԱՀ-ն, շահույթը եւ վերադիր ծախսերը), այդ թվում` 9 մլն 643,5 հազար դրամ արժողությամբ շինություն` արարողակարգային ծառայությունների մատուցման համար, 13,8 մլն դրամի ասֆալտապատում եւ 18,4 մլն դրամ ցանկապատում: «Այսինքն` նախատեսված գումարից 13 մլն դրամ ծախսած լինելու մասին հոդվածագրի պնդումն իրականությանը չի համապատասխանում»:
Հրապարակված այս թվերը գերեզմանոցում փաստացի կատարված աշխատանքների համեմատ էլ ավելի տխուր իրողություն են հաստատում, օրինակ` այն, որ հատկացված 41,8 մլն դրամը ոչ միայն ամբողջությամբ չի ծախսվել, այլեւ գերեզմանոցում լվացվել է 18,4 մլն դրամով, որը կազմում է 58.000 դոլար, ցանկության դեպքում կարելի էր ոչ թե հնամաշ ցանցով շրջափակել գերեզմանոցը, այն էլ` այդ որակով, այլ՝ քարե գեղեցիկ պարիսպներով: Վերահսկողական ծառայությունը շրջանցել է հոդվածում բարձրացված այն խնդիրը, թե ում է պատկանում բարեկարգման գումարների հաշվին գերեզմանոցում մահվան արարողակարգային ծառայության շինության կառուցման որոշումը` քաղաքապետի՞ն, թե՞ ավագանուն: Ավագանու անդամ Գագիկ Էվոյանը մեզ հայտնեց, որ այդ շինության կառուցման հարցն ավագանու նիստում չի քննարկվել:
Քաղաքապետի պաշտոնը մեր երկրում բիզնես է: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, որն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքի ներհամայնքային ավտոբուսային տրանսպորտը, զրկելով քաղաքի բոլոր մթերային խանութներին համայնքի բյուջեից օգտվելու հնարավորությունից, առանց մրցույթի, 2008թ. շուրջ 40 մլն դրամի գնումներ է կատարում իրեն եւ Տարոն Աբգարյանին պատկանող «Կատա» խանութների ցանցից: Այժմ էլ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, փորձում է տնօրինել քաղաքի մահվան արարողակարգային բիզնեսը: Այսպես շարունակվելու դեպքում նրա եւ Տարոն Աբգարյանի կողմից ստեղծված «Բազմաշող» շինարարական ՍՊԸ-ն, մրցույթներին միայնակ մասնակցելով, իր ձեռքում կկենտրոնացնի քաղաքապետարանի կողմից պատվիրվող ողջ շինարարությունը:
Հոդվածում ներկայացված փաստերը քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մեզ տրամադրել են քաղաքապետարանի այն պատասխանատու պաշտոնյաները, ովքեր անմիջականորեն առնչվել եւ վերահսկել են գերեզմանոցի շինարարությունը (ի դեպ, դա տեսագրված է, եւ կարող ենք տրամադրել Վերահսկողական ծառայության աշխատակիցներին):
Այդ մասին մենք տեղեկատվություն ենք ստացել նաեւ «Բազմաշող» ՍՊԸ-ի շինարարության ղեկավար Աշոտ Խաչատրյանից եւ ՍՊԸ-ի նախագահ Տարոն Աբգարյանից: Դրանք նկարահանված են: Նկարահանված այդ եւ այլ նյութերով մեր կողմից պատրաստվել է նաեւ տեսանյութ, որը հունիսի 18-ին Ալավերդու «Անկյուն + 3» հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված թոք-շոուի ընթացքում ցուցադրվել է հեռուստաընկերության 35-հազարանոց լսարանին` շինարարության ողորմելի պատկերներով, քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանի, քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանի` հոդվածում հրապարակված ֆինանսական ծախսերի բացատրություններով: Թոք-շոուին հրավիրված էր նաեւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Եթե հոդվածի հրապարակումների հետ քաղաքապետն անհամաձայնություն ունենար, պետք է մասնակցեր թոք-շոուին եւ բնակչության առաջ դրանք հերքեր: Այս մարդիկ գերեզմանոցի բարեկարգման շինարարության նախահաշվային եւ կատարողական փաստաթղթերին կամ տեղյակ չեն եղել, կամ էլ, տեղյակ լինելով շինաշխատանքների վիճակին, միտումնավոր ծախսերը քիչ են ներկայացրել: Հանգամանք, որը Վերահսկողական ծառայությունը շրջանցել է: Ի դեպ, հունիսի 6-ին Վանաձորում կայացած հյուսիսային մարզերի իրավապահ մարմինների արտագնա նիստում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հայտնել է. «Որոշ պաշտոնատար անձանց չարաշահումների արդյունքում ոչ նպատակային է օգտագործվել եւ մասամբ հափշտակվել են Ալավերդու նոր գերեզմանոցի բարեկարգման շինարարության համար հատկացված պետբյուջեի գումարները»: Վերահսկողական ծառայությունը զավեշտական ինքնավստահությամբ Սանահինի եկեղեցու հարեւանությամբ կառուցված հասարակական զուգարանի մասին գրում է, որ դրա կառուցման համար փաստացի ծախսվել է 4,8 մլն դրամ (հրապարակման մեջ նշված է 7 մլն դրամ), որի ստուգման արդյունքներով էլ աշխատանքի անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Հետաքրքիր է` Վերահսկողության ծառայության աշխատակիցներն իրենց ստուգման ընթացքում զուգարանի պատի սպիտակ ծեփը գոնե մի 10 սմ մաքրե՞լ են` տեսնելու, թե ինչ քարով է պատված զուգարանի պատը, տեսե՞լ են, որ զուգարանը կառուցվել է քաղաքի` մի քանի տարի առաջ քանդված եւ մի 40 տարի առաջ կառուցված մշակույթի տան շենքի մնացորդներով: Զուգարանի համար հատկացված 7,2 մլն դրամի եւ շինարարության անհամապատասխանության մասին մեր ահազանգերը 1,5 տարվա ընթացքում քաղաքապետարանը չի համարձակվել վիճարկել: Հիմա զուգարանը կառուցած շինարարական կազմակերպության` «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ Սանասար Տիտանյանը մեզ, քաղաքապետ Արթուր Նալբանդյանն էլ` հեռուստաեթերում՝ բնակչությանը ուզում են համոզել, թե զուգարանի վրա 7մլն դրամից ավելի ծախս է արվել, բայց վճարվել է 4,8 մլն դրամ: Մինչդեռ ավագանու անդամ Լաուրա Մելիքսեթյանը զուգարանի գնի մասին մեր հարցին ամիսներ առաջ պատասխանել է. «Քաղաքապետն ավագանուն առաջարկել է 7 մլն դրամից էլ ավելացնել զուգարանի գինը, ավագանու որոշ անդամներ չեն համաձայնել` «զոլոտոյ» զուգարա՞ն է, ինչ է»:
Նշենք, որ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից եւ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ից զուգարանի նախահաշվային փաստաթուղթը ստանալու մեր փորձերն անհաջողության են մատնվել: Իսկ զուգարանի մշտահոս ջրի մասին սանահինցի գյուղացիները բացատրություն ունեն: «Սանահին գյուղի համար ԽՍՀՄ-ի փլուզումից հետո խմելու մշտահոս ջուրը երազանք է: Գյուղացիներն ավտոյով, էշով, ձիով, ձեռքով գյուղի «Մլի» աղբյուրից են խմելու ջուր կրում: Զուգարանի ջրի շուրջ 200լ տարողությամբ բաքը սնուցվում է գյուղի «Աստծոնազ» լեռնային աղբյուրների ջրամբարի ոռոգման ջրից, որի 4 ջրագծերից մեկն անցնում է զուգարանի կողքով: Ջրագծերից յուրաքանչյուրը 3 օրը մեկ է ջուր ստանում: Ջրամբարի հատակին 2մ հաստությամբ տիլ է նստած: Անձրեւների ժամանակ խողովակներով ցեխաջուր է հոսում: Էդ ջրով սկի մեր տան հատակը չենք լվանում, ուր մնաց թե՝ ձեռքեր լվանան»,- ասաց սանահինցի տիկին Անահիտը:
Ակնհայտ է, որ վարչապետի Վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքների հրապարակումը ճնշում է Դատախազության վրա: Այսքանից հետո Դատախազությունը քրեական գործ կհարուցի՞:
Եթե Վերահսկողական ծառայությունը դիմեր «Հետքի» խմբագրություն, նրան կտրամադրվեին համապատասխան ձայնագրությունները եւ այլ փաստական նյութեր: Սակայն ուսումնասիրությունն իրականացնողներն ի սկզբանե գնացել են գործը փակելու ուղղությամբ, այլապես անհասկանալի է ավագանու նիստին հոդվածագրի ներկայությունն ապահովելու առաջարկի մերժումը:
www.hetq.am