«Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր անցկացման առաջին իսկ տարուց որոշվել էր ներկայացնել որպես հեղինակային կինոյի փառատոն։ Հայաստան ժամանող ու մրցույթին մասնակցող ֆիլմերը, նույնիսկ, եթե դրանք աչքի են ընկնում վառ դերասանական կազմով, միեւնույն է, առաջին հերթին՝ հեղինակի, այսինքն՝ ռեժիսորի հայացքի արգասիքն են լինում։ Դրանում համոզված է «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը։ Իսկ փառատոները, որպես կանոն, նման են լինում իրենց կազմակերպիչներին, այդ պատճառով էլ «Ոսկե ծիրանը» չի ունենում «լավագույն դերասան», «լավագույն դերասանուհի» եւ այլ, ավելի նեղ մասնագիտական անվանակարգեր, այն ընդհանրապես գնահատում է կինոհայացքը։
Այս տարվա 5-րդ կինոփառատոնը մրցանակներ կշնորհի 5 անվանակարգերում. «Խաղարկային ֆիլմ» (ժյուրիի նախագահ՝ իրանցի ռեժիսոր Դարյուշ Մեհրջանի), «Վավերագրական ֆիլմ» (ժյուրիի նախագահ՝ ավստրիացի ռեժիսոր, գրող եւ օպերատոր Միխայիլ Գլավոգեր), «Հայկական համայնապատկեր» (ժյուրիի նախագահ, ամերիկահայ կինոսցենարիստ եւ պրոդյուսեր Անահիտ Նազարյան)։ Ի դեպ, Անահիտ Նազարյանը երկար ժամանակ աշխատում է կինոլեգենդ դարձած Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հետ, եւ հանդիսանում է նրա վերջին՝ «Երիտասարդություն առանց երիտասարդության» ֆիլմի գործադիր պրոդյուսերը եւ երկու տարի շարունակ Ռումինիայում զբաղվել է նկարահանման նյութի հետազոտմամբ։
Այժմ համակարգում է Կոպպոլայի «Տետրո» ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք տեղի կունենան Արգենտինայում։
Հաջորդ անվանակարգերի՝ FIPRESCI-ի (Կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի) եւ «Էկումենիկ» ժյուրիների կազմը հաստատել է ոչ թե հայկական կողմը, այլ՝ միջազգային փառատոնային ցանցը։ Առաջինը կղեկավարի բրիտանացի լրագրող Շեյլա Ջոնսթոնը, իսկ երկրորդը՝ բելգիացի քննադատ Ժոս Հորեմանսը։
Ժյուրիի անդամներից ու հյուրերից ոմանք Հայաստան կգան արդեն երկրորդ կամ նույնիսկ երրորդ անգամ։ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն ասում է, որ իրենք փորձում են փառատոնի հյուրերին «կապել Հայաստանի հետ»։ Կինոռեժիսորներից շատերը հայ երիտասարդների համար վարպետության դասեր կանցկացնեն։ Եվ դա կանեն անվճար։ «Սովորաբար նման բարձրակարգ մասնագետների մաստեր-կլասսները շատ թանկ արժեն, բայց Հայաստանում դրանք անվճար կլինեն»,- ասում է Հ.Խաչատրյանը։ Վարպետության դասեր կվարեն Ատոմ Էգոյանը, Ռոման Բալայանը, Գորան Պասկալեւիչը, Վիմ Վենդերսը եւ այլ ռեժիսորներ։
Անկասկած, այս տարվա «Ոսկե ծիրանի» ամենացայտուն ու հեղինակավոր հյուրը կլինի գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսը, ում կինոպատումներում զարմանալի նրբությամբ ու ամբողջականությամբ «արթնանում» են այն քաղաքները, որտեղ ռեժիսորը եղել ու նկարահանել է։ «Ես միշտ անձնական կապ եմ հաստատում այն քաղաքների հետ, որտեղ լինում եմ։ Յուրաքանչյուր քաղաք մի մեծ կենդանի էակ է, որն ունի իր սեփական բնավորությունը, տրամադրությունը։ Կան շատ գեղեցիկ ու ոչ այնքան գեղեցիկ քաղաքներ, կան քաղաքներ, որոնք շատ բարդ են»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Վիմ Վենդերսն ու ավելացրել է, որ մարդու ձեւավորման մեջ ավելի կարեւոր է վայրի, քաղաքի առանձնահատկությունները, իսկ ազգությունը երկրորդական է։ Նրա ֆիլմերում նյույորքցին կամ բեռլինցին ոչ թե որեւէ կոնկրետ ազգության ներկայացուցիչներ են, այլ՝ հենց այդ քաղաքների բնակիչներ, որոնք ապրում են նույն ռիթմով, ինչ քաղաքն է շնչում։ Վիմ Վենդերսը բնավ էլ տիպիկ գերմանացի չէ, քանի որ ոչ թե ուղեղով է ֆիլմեր նկարահանում, այլ՝ սրտով։ Եվ շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կհանդիպեն Վիմ Վենդերսը (ով ղեկավարելու է այս տարվա Վենետիկի փառատոնի ժյուրին) ու Երեւանը։
Հայ կինոսիրողներին սպասվում է հանդիպում ֆրանսուհի կինոռեժիսոր Կատրին Բրիայի հետ, ով, իր խոսքերով ասած՝ ցույց է տալիս սերը՝ միայն կնոջ տեսանկյունից, եւ իր էրոտիկ ֆիլմերին ֆեմինիստական հնչերանգ է հաղորդում։ Կինը, իր սեփական սեքսուալ մղումներն ու ինտելեկտուալ մենախոսությունները ֆրանսուհի ռեժիսորի ուսումնասիրության կենտրոնում են։ Կատրին Բրիայի ֆիլմերը շատերի համար անընդունելի են, շատերի համար՝ չափազանց համարձակ (նրա ֆիլմերում մանրամասնորեն ցուցադրվում են սեռական օրգանները, ինչը եվրոպական կինոն որակում է որպես պոռնոգրաֆիա)։ Սակայն կարելի է ասել, որ Կատրին Բրիայի դեպքում՝ դա հեղինակային էրոտիկա է։ Թեեւ Կատրին Բրիան գամված է հաշմանդամական սայլակին, նա հազվադեպ է մերժում ճամփորդելու առաջարկները, սիրում է տարբեր երկրներ այցելել ու ոգեւորել կանանց՝ զրուցելով սեքսուալությունը չթաքցնելու կարեւորության մասին։ Նա հայտնի է նաեւ որպես գրող եւ սցենարիստ, նրա սցենարներն օգտագործել է կինոհանճար Ֆեդերիկո Ֆելինին։
Հայաստան կգա մեկ այլ հանրահայտ իտալացու՝ Միքելանջելո Անտոնիոնիի այրին՝ Էրիկա Անտոնիոնին, ով երկար տարիներ եղել է ամուսնու օգնականն ու նրա ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ «Ոսկե ծիրանի» օրերին կցուցադրվեն երկու ֆիլմ, որտեղ Էրիկա Անտոնիոնին ստեղծել է իր ամուսնու կինոդիմանկարը։ Հայաստան կայցելեն Ստամբուլի կինոփառատոնի տնօրեն տիկին Ազիզե Թանը (խաղարկային ֆիլմերի ժյուրի), BBC-ի լրագրող, աշխարհի թեժ անկյուններից ֆիլմեր պատրաստող ռեժիսոր, «Ճչացողները» ֆիլմի հեղինակ Կարլա Կարապետյանը (վավերագրական ֆիլմերի ժյուրի), ֆրանսիացի լրագրող Պատրիկ Կազալսը, իրական կինոյի մասին գրքերի եւ հոդվածների հեղինակ Զավեն Ղուկասյանը («Հայկական համայնապատկերի» ժյուրի), ուկրաինացի վավերագրող Սերգեյ Բուկովսկին (վավերագրական ֆիլմերի ժյուրի)։ Իսկ FIPRESCI-ի ժյուրիի կազմում ընդգրկված կլինի թուրքական «Միլլիեթ» թերթի կինոքննադատ Ալին Թաշչյանը։
Սպասվում է, որ որպես պատվավոր հյուր՝ «Ոսկե ծիրանին» կմասնակցի հայ լեգենդար կինովավերագրող Արտավազդ Փելեշյանը, ում 70-ամյա հոբելյանը նշվելու է փառատոնի հատուկ ծրագրով։ «Սակայն ոչ ոք հստակ ասել չի կարող՝ նա կգա՞, թե՞՝ ոչ»,- ասում է «Ոսկե ծիրանի» նախագահը՝ նշելով, որ իրենք պատրաստ են կատարել կինովարպետի բոլոր ցանկությունները։