Հարմար թիրախ

09/07/2008 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, եւ վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

Նրա այդ մեկնաբանությունը հետեւել է անցյալ չորեքշաբթի Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերի հայտարարությանը, թե որոշ լրատվամիջոցներով հակասեմիտականություն է քարոզվում: Նա ասել է. «Անթույլատրելի է, երբ Իսրայելի եւ հրեական համայնքի հետ պատմականորեն բարի հարաբերություններ ունեցող երկրում կա հակասեմիտություն»: Վարժապետյանն ասում է, որ երկու հանգամանքով է պայմանավորված հակասեմիտության ճողփյունը. առաջին` որ հրեական աշխարհը, մասնավորապես` Իսրայելը, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, եւ երկրորդ` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ հակառակորդներ նրա կնոջ հրեա լինելն օգտագործում են նրա դեմ պայքարում, եւ վերջին դրսեւորումները դրա հետեւանքն են:

«Առաջինը ցեղասպանություն ապրած ժողովրդի բնական ռեակցիան է մի ժողովրդի կարծիքի նկատմամբ, որը ողջակիզում է (հոլոքոստ) ապրել: Սակայն դա զանգվածային բնույթ չի կրում, եւ պետության մակարդակով նման բան չի արտահայտվում»,- ասում է Ռ. Վարժապետյանը: Այսուհանդերձ, ծագումով հրեա Վարժապետյանն ասում է, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ակտիվիստների մեջ ինքն առանձնանում է ցեղասպանության ճանաչման համար իր պայքարով, սակայն մամուլում հարձակումներն իր եւ համայնքի դեմ են ուղղվում («Հայոց Աշխարհ» օրաթերթը մայիսի 7-ի համարում հրեական համայնքի ու անձամբ Վարժապետյանի հետ բարեկամությունը ստորաքարշություն էր անվանել):

Երկրորդ դրսեւորումը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ անհետացել էր, եւ նրա վերադարձով` վերադարձել:

Վարժապետյանը հիշում է, որ «Գոլոս Արմենիի» թերթը մի շարք հրապարակումներում Հայաստանի ճգնաժամը բացատրում էր Տեր-Պետրոսյանի կնոջով եւ, իբր, նրա հետ կապված սիոնիստական դավադրությամբ: «Մենք շատ վրդովված էինք` ապացուցելով, որ փորձանքները կապված են շրջափակման, վերակառուցման եւ այլ հանգամանքների հետ»: Հրեական համայնքը, որ մթի ու ցրտի տարիներին նույնպես աղքատության մեջ էր, դիմել է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին՝ օգնության համար, սակայն Վարժապետյանն ասում է, որ մերժում է ստացել. «Նա ասաց` ես չունեմ նման հնարավորություն, ես օգնում եմ Հայաստանի բոլոր կանանց»: Իշխանափոխությունից հետո մամուլի հետ համայնքը գրեթե խնդիր չի ունեցել: Միայն «ԱԼՄ» հեռուստաընկերությունն է որոշ հակահրեական արտահայտություններ արել, սակայն դադարեցրել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում հիշատակվելուց եւ, ըստ լուրերի, նախագահ Քոչարյանի սաստելուց հետո: Իսկ 2005թ. հակահրեական եւ հակաեզդիական քարոզչության համար դատվեց եւ երկու ամիս բանտում անցկացրեց «Հայ արիների միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը: 10 տարի անց Լ. Տեր-Պետրոսյանի դեմ, այս անգամ՝ որպես ընդդիմության, կրկին օգտագործվում է հակասեմիտիզմը, որի արտահայտությունն էր մայիսի 24-ին «Հայոց Աշխարհում» հրապարակված «Լեւոն Տեր-Պետրոսյա՞ն, թե՞ Լեւոն Ֆրաիմի Պլիսկովսկի. Հայ ազգային կոնգրե՞ս, թե՞ հրեական կոնգրես» հոդվածը եւ մայիսի 27-ի «Գոլոս Արմենիի»-ում՝ դրա վերատպությունը: Հոդվածում ասվում է, թե իբր «հրեա-մասոնական լոբբին Տեր-Պետրոսյանի քարոզարշավի վրա ծախսել է 65-70 միլիոն դոլար եւ պատրաստվում է կրկնակի ու եռակի ծախսել»` նրան իշխանության բերելու համար:

Վարժապետյանն ասում է, որ ԱՄՆ դեսպանատանը ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ Կրամերն իր հետ զրույցում նշել է հենց այդ հոդվածն ու ասել, որ դա տիպիկ հակասեմիտություն է. «Երբ այդ հոդվածները տպվեցին, առաջին ռեակցիան պատասխանելն էր, բայց հետո չարեցինք, քանի որ այդ հոդվածի բուն նպատակն էր՝ պայքարել ընդդիմության դեմ` հակասեմիտություն բորբոքելու ճանապարհով: Բայց, հավանաբար, դեսպանատանը նա, ով պետք զբաղվի մոնիտորինգով, հայտնաբերել է այն, եւ Կրամերի ծրագրում մտել է հակասեմիտության խնդիրը: Նա նույնպես հրեա է, եւ խորին շնորհակալություն եմ հայտնում նրան` կառավարության առաջ այս հարցը բարձրացնելու համար»: Կրամերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ դատապարտելի եւ անթույլատրելի է համարել լրատվամիջոցներում հակահրեական արտահայտություններ թույլ տալը` ասելով, որ իրականում Հայաստանում հակահրեական մթնոլորտ չկա: Վարժապետյանն ասում է, թե ընդդիմության դեմ պայքարելու համար բազմաթիվ ճշմարտացի փաստարկներ կարող են բերել, սակայն դա չեն անում. «Այնքան նյութ կա պայքարելու, ցույց տալու` ինչով է վատ նա, լավ՝ սա, բայց այդ ուղղությամբ չեն գնում, գնում են հակասեմիտիզմ բորբոքելու ուղղությամբ, եւ սարսափելի է, եթե նման հոդվածները ատելություն առաջացնեն Լեւոնի դեմ»: Վարժապետյանն ասում է, որ չի կարող ասել, թե 800 հոգիանոց համայնքն ինչպես է քվեարկել ընտրություններում, քանի որ դա յուրաքանչյուրի անձնական խնդիրն է: Իսկ ինքն ընտրել է Սերժ Սարգսյանին, քանի որ երկիրը Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից հետո առաջընթաց է ապրում. «Ես հիշում եմ այն ծանր կյանքը, որ ապրեցինք Տեր-Պետրոսյանի օրոք, ես կարող եմ ներել, բայց չեմ մոռացել եւ վերադառնալ դրան չէի ուզենա»:

Նա ասում է նաեւ, որ նախորդ իշխանությունների օրոք ազգային փոքրամասնությունների խնդիրներն անտարբերության էին մատնված, իսկ Քոչարյանի օրոք դրանք լուրջ ուշադրության արժանացան, եւ բյուջեով սկսեցին իրենց գումար հատկացնել: «Հայոց Աշխարհի» հոդվածում ասվում է, թե մայիսի վերջին Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ Պիտեր Ռոզենբլատը Հայաստան էր եկել` իբր Տեր-Պետրոսյանից հաշվետվություն ստանալու համար: Հրեական համայնքի հետ մայիսի 27-ի հանդիպման ժամանակ Ռոզենբլատն ասել է, որ սուտ են այդ բոլոր հրապարակումները, եւ իր անունից հրեական համայնքին լիազորել է հերքել դրանք:Ռոզենբլատը հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն այս հանդիպումն էլ դարձել էր քաղաքական հակամարտության առարկա` այս անգամ ընդդիմության կողմից. «Հայկական Ժամանակը» հանդիպումը ծաղրել էր` ներկայացնելով, որ Սարգսյանն անկարեւոր մարդկանց հետ է ստիպված հանդիպում: Հետընտրական փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ ծածանվել էր Իսրայելի դրոշը, որը «Հայոց Աշխարհն» օգտագործել էր Տեր-Պետրոսյանին հրեաների հետ կապելու համար: Հրեական համայնքն այն ժամանակ հայտարարեց, որ դրոշի հայտնվելը հանրահավաքում վրդովեցրել է իրեն: «Այն ժամանակ մենք կարծեցինք, թե դա սադրանք է, բայց հետագայում պարզվեց, որ դա համայնքի հետ կապ չունեցող հայաստանաբնակ մի հրեա կին է արել` որպես աջակցություն Լյուդմիլային [Տեր-Պետրոսյան]: Նա դրա ոչ բարոյական, ոչ իրավական իրավունքը չուներ»:

www.armenianow.com