«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարմար զրուցակից է եւ խելքը գլխին տղա»,- ՌԴ նախագահի մասին նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Ճապոնիայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովում Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո: «Նա հարմար ու կոմպետենտ զրուցակից է, եւ ես հավատում եմ, որ եթե նա ինձ ինչ-որ բան է ասում` իսկապես այդպես է մտածում»,- ասել է Բուշը՝ հավելելով, թե Մեդվեդեւին համարում է «խելքը գլխին տղա»: Նա սակայն նշել է, որ մտադիր չէ մտնել Մեդվեդեւի «հոգու խորքը»: «Ես չեմ պատրաստվում նստել այստեղ ու զբաղվել այդ մարդու հոգեբանական վերլուծությամբ»,- ասել է Բուշը: Իսկ «Մեծ ութնյակի» գագաթաժողովը բացվել է ճապոնական Հոկայդո կըղզում: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները, փոխադարձ ներդրումների հնարավորություններն ու պարբերաբար քաղաքական շփումներին աջակցելու հնարավորությունները: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Ըստ նրա, Մեդվեդեւը Բուշին ասել է, որ իր երկրի համար անընդունելի է Լիտվայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը: Հիշեցնենք, որ ԱՄՆ ՊՆ նախարար Ռոբերտ Գեյթսն այս ամիս Լիտվայի վարչապետ Գեդեմինաս Կիրկիլասի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Լիտվան «լավ այլընտրանք» է Լեհաստանին` եթե չհաջողվի հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել այդ երկրում: