Վիտոլդ Գոմբրովիչ (1904-1969)

09/07/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Արվեստը` փորձ է արտահայտելու այն, ինչը չի ասվել, հասնել կուսական մայրցամաքին, դա ծայրակետն է, ուր հոգին հարաբերվում է Անհայտին եւ Անանվանելիին:
Վիտոլդ Գոմբրովիչ

Առանց նրա ես աղքատ կլինեի, իսկ նրա կողքին ինձ դժվար է ինքզինքս լինել:
Սլավոմիր Մրոժեկ

20-րդ դարը հաստատում է Գոմբրովիչի ճշմարտացիությունը: Ոչինչ այնպես չի ճնշում, ինչպես մարդկանց ինքնախաբեությունը, որոնց թվում է, որ տրվելով հոտայնության զգացողությանը եւ վարակվելով ամբոխի մոլագարությամբ, նրանք հետեւում են իրենց «ես»-ի խորքերում ծնված մղումներին, այնինչ իրականում նրանց հիրավի կապկային կախվածությունը՝ քարոզչությունից եւ գովազդից, դժվար չէր լինի հաշվարկել կատարելագործված համակարգիչների օգնությամբ: Համակենտրոնացման ճամբարը, մարդկության այդ ծաղկաքաղը, դարձավ մեր հիանալի դարաշրջանի նմուշն ու արդարացումը:
Չեսլավ Միլոշ

Թերեւս, ցանկացած երկրում, եթե խոսք բացվի 20-րդ դարի լեհ գրականության մասին, կհնչի անունների միեւնույն ցանկ-հավաքածուն (աննշան այլացումներով): Այդ հավաքածուի մեջ են նոբելյան մրցանակակիրներ` Հենրիկ Սենկեւիչը եւ Վլադիսլավ Ռեյմոնտը` դա հարյուրամյակի առաջին կեսն է, որ դեռ չի հասցրել անցնել երկրորդ կեսին, իր ողջ ստեղծածով արդեն նրան է պատկանում Ստանիսլավ Վիտկովիչը, ինչպես նաեւ՝ մեր ժամանակակիցներ` եւս երկու նոբելյան մրցանակակիրներ` Չեսլավ Միլոշը եւ Վիսլավա Շիմբորսկայան, Ստանիսլավ Լեմը, Սլավոմիր Մրոժեկը եւ Տադեուշ Ռուժեւիչը:

Կարելի է հիշել նաեւ ծագումով լեհ օտարազգի գրողներին (Գ. Ապոլիներ եւ Ջ. Կոնրադ, ում հմայքից եւ ազդեցությունից երկար տարիներ չէր կարողանում ազատվել նույնիսկ Ուիլյամ Ֆոլքները): Կարելի է հիշել նաեւ հայկական ծագումով լեհ գրողներին, բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

Այս ցանկում կամ հավաքածուում անպայման պիտի տրվի նաեւ Վիտոլդ Գոմբրովիչի անունը, ով «արտասահմանում», ամենեւին էլ ոչ գրական բնույթի պատճառներով, ընթերցողին հայտնի դարձավ ավելի վաղ, քան իր հայրենիքում, եւ ով, ինչպես ոչ այլ ոք, իր յուրաքանչյուր գրքով մինչեւ այսօր չդադարող անկասելի հիացմունքի եւ թեժ վեճերի հեղեղ է ծնում, ինչպես նաեւ՝ չընկալման, չընդունման եւ վրդովմունքի մրրիկ: Մասամբ՝ այն պատճառով, որ, ինչպես նկատել էր նրա ժամանակակիցներից մեկը` «իր հետ աշխարհ էր բերել վերջինիս հետ իր անհամաձայնությունը»:

Այս խայտաբղետ կոլաժում մտաբերվեց նաեւ Բ. Դուբինի մի դիտարկումը։ «Ձեզ Լեւ Տոլստոյը չի՞ խանգարում գրել»,- հարցնում էր Բլոկն իր ծանոթներից մեկին,- ինձ խանգարում է»: 20-րդ դարի լեհ մեծ գրականության մեջ այդպիսի մեծ «խոչընդոտ» էր եւ շատ բաներով դեռեւս մնում է այդպիսին Վիտոլդ Գոմբրովիչը: Դա գործի մի կողմն է` այդպիսի մեծ եւ դրա հետ մեկտեղ՝ անզուգական գրողը, ուզես թե չուզես, ստվերում է, ջլատում, եւ լավ է, եթե կատարելապես չի ամլացնում ժամանակակիցներին:

Այդպիսի «անդուր» գրողը, չէ՞ թե պարզապես ծանր է շրջապատի համար: Շրջապատն էլ ծանր է հենց իր համար, եւ նա իր սատանայական հայացքով մեկեն տեսնում է զրուցակցի աքիլեսյան գարշապարը եւ խփում է նրա համար ամենահիվանդագին եւ այդու ամենից համառորեն պաշտպանված կետերին` ամբարտավանությանն ու զոհողությանը, հոտայնությանն ու ինքնագոհությանը, պարծենկոտությանը եւ ստրկամտությանըգ

Արդեն ասվել է լեհ մշակույթի երկու միջաթափանց ավանդույթների մասին` մարգարեական-առասպելաբանական եւ նիհիլիստական-պատկերամարտային, եւ Գոմբրովիչին կարելի է համարել երկրորդ թեւի գլխավոր կերպարը` ազգային անողորմ ինքնադատության թեւի (մեզանում եւս առկա է այդ չընդհատվող, սակայն մեր օրերում հետզհետե խամրող գիծը` Խորենացու «Ողբ»-ից մինչեւ Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը):

Եթե Վիտոլդ Գոմբրովիչին պատկերացնենք Նիկողոս Սարաֆյանի այս տողերն ընթերցելիս. «Շատերը գերեզման պեղողներ են. կը կրկնեն զիրար: Կը կապկեն, մեղքը կիյնայ յիշողութեան վրայգ ու խորհելու կարողութեան այդ պակասովը. զարգացումը, ինչպես եւ ապրիլը, կը վերածուին նպարավաճառի խանութի մը: Եվ ոչ միայն գրողներու եւ տարբեր արուեաստագետներու մէջ կը տեսնենք այդ խանութը` այլեւ քաղաքական մարդոց, գիտուններու եւ շատ մը համբաւներու ետին: (Մեր ժողովուրդը ամենէն մեծ բռնակալն է մեր գրողներու գլխուն, պահանջելով անոնցմէ իր մտավոր խեղճութեան հաւասար ու հաճելի գրութիւններ)», ապա կտեսնենք նրան անվերապահորեն այդ տողերի տակ ստորագրելիս, քանի որ նրան էլ խորթ չէր «անջրպետի մը գրաւումը»:

Իր առաջին պատմվածքը Վ. Գոմբրովիչը գրել է 1928 թվականին` մինչեւ պատերազմը Լեհաստանում: Բացի մամուլի հրապարակումներից, լույս տեսավ պատմվածքների ժողովածուն եւ «Ֆերդիդուրկա» վեպը: Լույս տեսան եւ խախտեցին ընթերցողների եւ գրաքննադատների հանգիստը բոլորին ապշեցնելով լեզվի եւ ոճի նորարարությամբ, սյուժեի եւ անցումների անսպասելիությամբ, եւ այն անվեհերությամբ, որով նա ձախկում էր ազգային ստերեոտիպերը եւ ջախջախում էր կարծրացած ավանդույթները, ապահովելով այն խզումը, որ նոր ավանդույթ է ծնում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը Գոմբրովիչին գտավ Բուենոս Այրես ուղեւորվող նավի վրա: Արգենտինայում նա երկար մնաց՝ ծանոթանալով Խ.Լ. Բորխեսի եւ Ա.Բ. Կասարեսի հետ, եւ նույնիսկ նրանց հետ չմտերմանալով` ապրեց մեկուսի: 1963 թվականին տեղափոխվեց Եվրոպա, որտեղ էլ մահացավ 1969 թվականին` 65 տարեկանում: Լեհաստան նա այդպես էլ չվերադարձավ, սակայն մնաց համաշխարհային հռչակով լեհ եւ միայն լեհ գրող: Նրա գրքերը թարգմանվել են 20-ից ավելի լեզուներով, իսկ պիեսները բեմադրվում են աշխարհով մեկ («Իվոննան կամ Բուրգունդիայի արքայադուստրը» մի քանի անգամ բեմադրել է Ինգմար Բերգմանը):

Ռուսերեն տպագրվել են Գոմբրովիչի հինգ վեպերից չորսը (ոմանք՝ նույնիսկ տարբեր թարգմանություններով), հատվածներ օրագրերից, «Ինոստրաննայա լիտերատուրա» շարքով տպվել էր նաեւ նրա պատմվածքների ժողովածուն, իսկ «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագիրը տարիներ առաջ հրատարակեց Գոմբրովիչի, թերեւս, լավագույն` «Ֆերդիդուրկա» վեպը:

Ինչպես նկատել է Բ. Դուբինը. «Չէ՞ որ դասականությունը միշտ կենտրոնում է, նա հենց արտացոլում է կենտրոնը, մայրաքաղաքը, հիմքերը: Իսկ Գոմբրովիչը, ինչպես եւ Բրունո Շուլցը, պաշտպանում էր, կարելի է ասել՝ «ծայրագավառների իրավունքները», դրանով նրանք ոչ թե նույնիսկ 20-րդ դարի գրողներ են, այլ արդեն հետբաբելոնյան 21-րդ դարի, որում, ըստ հինավուրց աստվածաբանական արտահայտության, կենտրոնն ամենուր է, իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ: Դասականությունը, հավելենք, ձգտում է վսեմության, եւ այդ պատճառով էլ դառնում է մեծ. Գոմբրովիչը (եւ դարձյալ Շուլցը) վերականգնում է աննկատի, նոսրի, անպետք վերընկածի արժանապատվությունը` հերոս-համբակի՝ ինչպես դա անում է Գոմբրովիչը, եւ առօրյայի հնոտու` ինչպես վարվում է Շուլցը: Դասականության մեջ գլխավոր կերպարը` այս արեւակենտրոն աշխարհի ամենատես եւ ամենագետ, ամենագո եւ անշարժ Աստված է: Գոմբրովիչի եւ «գոմբրովիչական» տիպի գրականության կենտրոնախույս արձակի կրող սկիզբը պատմողն է, եւ հենց խոսողից սպրդող տեսանկյունն է, անվերջորեն անհագենալի եւ անվերջորեն ընդհատ խոսքի կազմվածքն ու ձայներանգը»:

Վ. Գոմբրովիչին մշտապես հետաքրքրել է թաքուցյալի, ոչ պաշտոնականի, չընդունվածի, լռության մատնվածի ոլորտը: Պատահական չէ, որ նրա ամենասիրելի գրքերից մեկն էր Ֆ. Դոստոեւսկու «Գրառումներ ընդհատակից» վեպը:

2001 թվականին Ս. Պետերբուրգի «Կրիստալ» հրատարակչությունն իր «Համաշխարհային գրականության գրադարան» շարքով լույս ընծայեց Գոմբրովիչի ռուսերեն տպագրված թերեւս ամենաստվար հատորը, որտեղ տեղ են գտել «Ֆերդիդուրկա», «Պոռնոգրաֆիա» եւ «Տիեզերք» վեպերը, ինչպես նաեւ՝ մինչ այդ առանձին գրքով լույս տեսած պատմվածքների ժողովածուն:

1938 թվականին լույս տեսած «Ֆերդիդուրկա» վեպն արդեն վարպետի գործ էր: Ինչի մասին է այդ վեպը՝ անհեթեթ, բայց եւ անխուսափելի հարցին գոնե մասամբ պատասխանելու համար ավելի լավ է դիմենք հեղինակին. «գ ես, հնարավոր է, կարող էի ինքս իմ մասին ասել, որ ջանում եմ լեհ միտքը տանել անկայուն աշխարհ՝ վարժեցնելով նրան այն դինամիկային, որը, ինչպես ես կանխատեսում եմ, կդառնա գալիքի հանապազօրյա հացը: Բայց բոլոր տարբերություններից եւ հակասություններից, որոնք ծագում են ձեր առավել ստատիկ եւ իմ առավել դինամիկ աշխարհների միջեւ, ոչ մեկը, հավանաբար, այնքան կարեւոր չէ, որքան այն, ինչը վերաբերում է մեր կյանքում Ֆորմայի անպարագրելիորեն մեծ նշանակությանը, այն նշանակությանը, որն ինձ որոշիչ թվաց, հենց որ հասկացա, որ մենք մշտապես միմյանց ձեւայլայլում ենք: Այդ պատճառով Ֆորմայի հուժկու ճնշումը, Ֆորմայի ծարավը, այդ քաղցն առ այն, որ մենք ապրում ենք, եւ մեր հարաբերությունը նրա հետ, նրա արարումը, դարձավ իմ գրողական աշխատանքի համարյա թե գլխավոր թեման: Մի՞թե «Ֆերդիդուրկայում» խոսքն ամենից առաջ ֆորմաների, ոճերի մասին չէ եւ, մասնավորապես, հատկապես այն հիվանդագին դեպքի մասին, երբ մեր հասունությունը դատապարտված է դրսեւորվելու անհասունության ձեւով»:

Գոմբրովիչի վեպում առաջին անգամ շատ բաներ կոչվեցին իրեց անուններով: Այս գիրքը թայֆունի պես հանկարծակիի է բերում, եւ նրա ազդեցությունն ահարկու է, տառապալից, բայց դրա հետ մեկտեղ՝ «հարություն պարգեւող»: Այն հասուն ընթերցողներին ստիպում է «ջարդել բոլոր ցանկապատերը եւ թռչել առ տարածություն»՝ նմանվելով Դոստոեւսկու Դեռահասին:

Քանի որ անիմաստ եւ անհուսալի բան է որեւէ վեպ վերապատմելը, ապա թեկուզ դույզն-ինչ աղոտ պատկերացում տալու համար Գոմբրովիչի ոճի ընթացքի եւ սլացքի մասին, կուզենայի մեջբերել հենց առաջին պարբերությունը. «Երեքշաբթի ես արթնացա այն անկենդան եւ ցնորական պահին, երբ գիշերն, ըստ էության, արդեն ավարտվել էր, իսկ լուսաբացը դեռեւս չէր հասցրել ինչպես հարկն է կայունանալ: Հանկարծ քնից պոկված, ես այն է՝ սուրացի տաքսիով կայարան, քանզի պատկերանում էր ինձ, ես մեկնում եմ, եւ միայն այդժամ ես դառնությամբ գիտակցեցի, որ կայարանում ինձ համար գնացք չկա, ոչ մի ժամ ինձ համար վրա չի հասել, ես պառկած էի աղոտ լույսի տակ, եւ մարմինն իմ անտանելիորեն վախենում էր, ահով սեղմելով իմ ոգին, ոգին սեղմում էր մարմինը, եւ յուրաքանչյուր մանրագույն նյարդ սեղմվում էր այն բանի սպասման մեջ, որ ոչինչ չի պատահի, ոչինչ չի փոխվի, երբեք ոչինչ վրա չի հասնի եւ, ինչ էլ որոշես, ընդհանրապես ոչինչ չի սկսվի: Դա չգոյության վախն էր, անկենդանության ահը, անիրականության երկյուղը, կենսաբանական ճիչը բոլոր իմ բջիջների, որ վախեցած էին ներքին երկպառակությունից, մասնատումից եւ փոշիացումից: Անվայել մանրության եւ մանրախնդրության սարսափը, քայքայման իրարանցումը, բեկորի հայեցումից ծնված խուճապը, վախը բնության առջեւ, այն, որ բնավորված է հենց իմ մեջ, եւ այն, ինչ որ սպառնում էր դրսից, իսկ ամենակարեւորը, մշտապես ուղեկցում էր ինձ, ոչ մի քայլ ետ չմնալով, ինչ-որ բան, որ ես կարող էի բնորոշել որպես իմ էության բջիջների չընդհատվող տնազ եւ ծանակում, ծաղրականություն, որ հատուկ է իմ մարմնի սանձարձակ մասերին եւ իմ հոգու համանման մասերին»:

Կարելի էր մանրամասն խոսել այս գրքում տեղ գտած «Պոռնոգրաֆիա» եւ «Տիեզերք» վեպերի, ինչպես նաեւ՝ այս գրքում տեղ չգտած «Տրանս-Ատլանտիկ» վեպի մասին, բայց դա երկար եւ այլ տարածության թեմա կլինի, գուցե թե՝ գիրք: Շատերը Գոմբրովիչին մինչեւ այսօր մեղադրում են՝ որպես հայրենիքը լքած դասալիքի: Այդ ուղղագիծ եւ անշեղ մեղադրանքի պատասխանը կարելի է գտնել Գոմբրովիչի օրագրերից մեկում. «ես ոչ այնքան վախենում էի բանակից եւ պատերազմից, որքան այն բանից, որ չնայած ամենայն բարի մտադրություններիս, ես չէի կարող դրան համապատասխանել. Իմն այլ ոլորտ էգ որպես զինվոր` ես աղետ կլինեիգ»:

Նրա ոլորտն իրոք որ այլ էր: Եվ քանի որ «չիք մարգարե սեփական հայրենիքում», ապա նոսր բաների մասին գրող նրա երկրպագուների նոսր խմբին անվերջորեն ավելանալու է ռնգեղջյուրների բանակը: