«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: ՀՀ պաշտոնյաներին ուղարկված նամակում «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Հոլի Քարթները կարծիք է հայտնել, որ «մնացած 1,5 տարին, որը Բաբաջանյանը պետք է անցկացնի անազատության մեջ, համարժեք չեն նրա գործած արարքին», եւ կոչ է արել վերանայել գործը եւ վաղաժամկետ ազատ արձակել դատապարտյալին: «Բաբաջանյանի ազատ արձակումը դրական ուղերձ կլինի թե՛ Հայաստանի միջազգային գործընկերներին, թե՛ Հայաստանի հանրությանը, վկայելով, որ դուք եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մտահոգված եք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ներկայումս Հայաստանում ստեղծված կրիտիկական վիճակով եւ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար»,- ասված է նամակում: