Ո՞ւր է 128 միլիոնը

31/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծվել է 3-4 տարի առաջ ու
վերահսկում է Հայաստանի ջրային ողջ ոլորտն՝ իր տարատեսակ հիմնարկներով ու
ԾԻԳ-երով: ՀՀ ջրամատակարարման, ջրահեռացման ու ոռոգման համակարգերի
խարխլված ցանցը վերանորոգելու համար այս տարիներին տնտեսությունը
կառավարությունից ու դոնոր կազմակերպություններից ստացել է միլիոնավոր
դոլարների լրավճար ու վարկեր: Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը (ՎՊ)
ուսումնասիրել է Ջրային տնտեսության անցած տարիների գործունեությունն ու
վերջերս հրապարակած հաշվետվության մեջ լայն անդրադարձ էր կատարել՝
ընդգծելով որոշ թերացումներ ու չարաշահումներ: Ներկայացնենք դրանցից մեկը:
Կառավարությունը 2003թ. Երեւանի «Ջրմուղ-Կոյուղի» (ԵՋԿ) ընկերությանը
պահուստային ֆոնդից հատկացրել է 128 մլն դրամ՝ «Ռանսաթ Արմենիա»
ընկերությունից հեղուկ քլոր գնելու համար: ԵՋԿ-ն այդ գումարը ստացել է
2003թ. հունիսի 19-ին եւ անմիջապես հաջորդ օրը փոխանցել «Ռանսաթ Արմենիա»
ընկերության իրավահաջորդ «Նաիրիտ» գործարանին, սակայն «Նաիրիտից» հեղուկ
քլորը չի ստացել: Մեկ այլ տարբերակով՝ «Նաիրիտն» այդ ժամանակ
վերագործարկվել է բացառապես գնորդի համար, արտադրել է 28,5 տոննա հեղուկ
քլոր եւ 2,5 ամսվա պահպանման ընթացքում առաջացրել է էներգետիկ մեծ ծախսեր:
Երկու ընկերությունները հաշվարկել են ոչ պլանային վերագործարկման եւ այդ
էներգետիկ վնասներն ու ստացել են 128 մլն դոլար: ԵՋԿ-ն համաձայնագրով
պարտավորվել է այդ գումարը փոխհատուցել կառավարությունից հեղուկ քլոր
գնելու համար հատկացված միջոցներից: Ստացվում է, որ գումարը ստացել են եւ
փոխհատուցել են վնասների համար:
ՎՊ-ն պարզել է, որ 2003թ. հունվար-մարտ ամիսներին ԵՋԿ-ն «Նաիրիտից» ստացել
է համապատասխանաբար 19,250կգ, 17,000կգ եւ 11,550կգ հեղուկ քլոր, որի
դիմաց վճարումները կատարել եւ տեղափոխել է սեփական պահեստ: Այսինքն,
«Նաիրիտում» 2,5 ամիս պահելու եւ վերագործարկվելու խնդիր չի առաջացել: Ընդ
որում, ԵՋԿ-ն «Նաիրիտից» 2002թ. վերջում հեղուկ քլոր գնել է 1 կիլոգրամը
466 դրամով, իսկ 2003թ. առաջին եռամսյակում՝ 700 դրամով: Նույն
ժամանակահատվածում հեղուկ քլոր է արտադրվել եւ առաքվել այլ
կազմակերպություններ՝ 466 դրամով եւ ավելի էժան գներով: Հասկանալի չէ, թե
Ջրպետկոմն ինչու է դիմել կառավարությանը, որ ԵՋԿ-ին հեղուկ քլոր ձեռք
բերելու համար գումար հատկացվի՝ այն դեպքում, երբ ունեցել է այդ ապրանքից
բավարար մնացորդ: Եվ հետո, ինչո՞ւ է մեկուկես անգամ թանկ գնել: Ի վերջո,
ինչի՞ համար է ծախսվել այդ 128 մլն դրամը: Որպեսզի ՎՊ ուսումնասիրությունն
ու եզրակացությունը հալած յուղի տեղ չընդունենք, Ջրպետկոմից պարզաբանում
խնդրեցինք: Բայզ մեզ չպատասխանեցին՝ պատճառաբանելով, թե իրենց մոտ այս
պահին կառուցվածքային փոփոխություններ են կատարվում:
Բացի այս փաստից, Ջրպետկոմի մասով հաշվետվության մեջ ՎՊ-ն բազմաթիվ այլ
«մանր-մունր» չարաշահումներ էլ է թվարկում, որոնց մեջ գերակշռում են այս
ոլորտի ընկերությունների կողմից մեկ աղբյուրից գնման դեպքերն ու
չհիմնավորված ծախսերը, նաեւ այն, որ Ջրպետկոմը որպես լիազոր մարմին
վերահսկողություն չի իրականացրել:
ՎՊ տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության կողմից
նախազգուշացված 63 պաշտոնատար անձանցից 4-ը Ջրպետկոմի պաշտոնյաներն են:
Իսկ խախտումներ ծնող պատճառների եւ դրանց կատարմանը նպաստող պայմանների
վերացման նպատակով՝ ՀՀ Դատախազության մարմինների կողմից ներկայացված 35
միջնորդագրերից մեկը Ջրպետկոմի նախագահինն է:
ՎՊ հայտնաբերած խախտումների հիմնական մասը վերաբերում է այն
ժամանակաշրջանին, երբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Գագիկ
Մարտիրոսյանն էր: Նախազգուշացված պաշտոնյաների մեջ կա՞ արդյոք պարոն
Մարտիրոսյանի անունը, կամ ընդհանրապես ովքե՞ր են այդ չորս պաշտոնյաները,
Դատախազությունից չպատասխանեցին: Միայն տեղեկություն ունենք, որ
Դատախազությունում հետաքրքրված են հեղուկ քլորի համար կառավարության
հատկացրած 128 մլն դրամի ճակատագրով: ՎՊ նախագահ Գագիկ Ոսկանյանի ասելով՝
այս հաշվետվությունն այժմ ուսումնասիրում է կառավարությունը, որից հետո
պետք է ներկայացվի Աժ հաստատմանը: Հիշեցնենք, որ Ջրպետկոմի նախկին նախագահ
Գագիկ Մարտիրոսյանն այժմ վարչապետի խորհրդականն է: