Անբացատրելի գոհունակություն

06/07/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ իր երեկվա հանդիպմանը ներկայացավ մոտ 20 րոպե ուշացումով, բայց, կարելի է ասել, հարգելի պատճառով. հանդիպման էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Պրն Աբրահամյանը ոչ միայն մի քանի անգամ ներողություն խնդրեց ուշանալու համար եւ լրագրողներին խոստացավ, որ հաջորդ անգամ ինքը շուտ կգա եւ կսպասի նրանց, այլեւ մտավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դրության մեջ՝ ասելով՝ գիտեմ, հանրահավաքի եք շտապում։

Խոսքը վերաբերում էր երեկ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հրավիրած հանրահավաքին։ Սակայն ինքը՝ Արա Աբրահամյանը, նմանատիպ միտինգներին չի մասնակցում։ Նա այդ մասին, իհարկե, չասաց, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին էլ չանդրադարձավ, փոխարենը նշեց, որ Հայերի միության, Հայկական կոնգրեսի, եւ ընդհանրապես՝ հայության համար շատ կարեւոր են միասնությունը եւ կայունությունը։ «Մանավանդ՝ կայունությունը»,- շեշտեց Արա Աբրահամյանը։

Ընդ որում, այս մասին Ա. Աբրահամյանը խոսեց հենց ՀՀ նախագահի հետ հանդիպման համատեքստում։ Կարելի է ենթադրել, որ հենց կայունության մասին է հիմնականում խոսք գնացել Սերժ Սարգսյանի եւ Արա Աբրահամյանի հանդիպման ժամանակ։ Իսկ հանդիպումից պրն Աբրահամյանը բավականին գոհ էր. «Այնպիսի հարցեր չեղան, որոնց շուրջ մենք համաձայնության չեկանք»։ Ա. Աբրահամյանը մի փոքր սրտնեղած էր, որ վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն իրենց մասին ինչպես հարկն է չի խոսել կարեւոր հանդիպումների ժամանակ։ Սակայն Սերժ Սարգսյանի պարագայում ՌՀՄ նախագահը փոփոխություն նկատում է եւ ուրախությամբ նշում, որ նա Ռուսաստան կատարած իր երկու այցելությունների ժամանակ էլ հանդիպել է Ռուսաստանում հայ համայնքի հետ։

Ա.Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀ նախագահին խնդրել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Սփյուռքի հարցերին։ Նա գոհունակություն հայտնեց, որ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն, քանի որ դա ընդհանուր գործին օգուտ է, պետության կազմակերպված աջակցությունը շատ կարեւոր է նման հարցերում։ Իսկ «աջակցություն» ասելով՝ Ա. Աբրահամյանը նկատի ունի ոչ թե նյութականը, այլ, իր իսկ խոսքերով՝ բարոյաքաղաքական աջակցությունը։ Իսկ նյութականի առումով խնդիրներ կարծես թե չկան։ «Մենք Սփյուռքի նման փողեր չենք հավաքում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երկու կառույցներին ֆինանսավորում է այն ընկերությունը, որտեղ «ինքն աշխատում է»։ Ընդհանրապես, Սփյուռքի մասին խոսելիս, պրն Աբրահամյանը թեեւ կարեւորում է հայկական Սփյուռքի դերն ու կատարած գործը, սակայն, կարծեք, այնքան էլ գոհ չէ Սփյուռքի հետ աշխատանքի որակից։ Ու թեեւ Սփյուռքը հզոր է, բայց Ա. Աբրահամյանը համոզված է, որ իրենց կառույցի նման կառույց «հայոց պատմության մեջ չի եղել եւ չկա՝ իր հզորությամբ, պոտենցիալով, հայրենիքում ունեցած հարգանքով»։ Ընդհանրապես, երեկվա ասուլիսի հիմնական նպատակը հենց դա էր՝ խոսել ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի մինչ այժմ կատարած գործերի եւ հեռանկարների մասին։ «Կատարված գործերն այնքան շատ են, որ դրանց մի մասի մասին անգամ հիմա իմ կողքին նստած փոխնախագահները չգիտեն»,- ասաց նա։

Հատկապես Ռուսաստանի հայերի միությունը, բանախոսի խոսքերով, շատ մեծ կշիռ ունի եւ միավորում է այդ երկրում ապրող 2 միլիոն հայերի։ Պրն Աբրահամյանը հատուկ նշեց, որ իրենց կառույցի հեղինակությունն այնքան բարձր է, որ ՌԴ տարբեր ընտրությունների ժամանակ թեկնածուներն ու կուսակցությունները պարտադիր հանդիպում են իրենց հետ, քանի որ «շատ դժվար է Հայերի միության հետ հաշվի չնստել»։

Միությունն այժմ ունի մոտ 450 մասնաճյուղ, եւ եթե առաջ իրենք էին մասնաճյուղեր բացում, ապա այժմ Ռուսաստանում ապրող հայերն իրենք են դիմում՝ մասնաճյուղ բացելու համար, մրցույթներ են անցկացվում եւ այլն։ Իսկ ասուլիսից առաջ լրագրողներին բաժանված մամուլի հաղորդագրության մեջ, ի թիվս միության հեղինակության, արած գործերի եւ կշռի մասին վկայող այլ տեղեկությունների, կար նաեւ հետեւյալ նախադասությունը, որն ուզում ենք մեջբերել ուղղակի։ «Միությունն այսօր Ռուսաստանի պետական վերնախավում ընկալվում է որպես մեծ ազդեցություն, հեղինակություն ունեցող կառույց, որն ընդունակ է լուծելու պետական նշանակության հարցեր։ Դրա վկայությունն այն է, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախագահը գրավոր խնդրում է Ռուսաստանի Հայերի միության նախագահին՝ Հայաստանի օդաչուների օրինակով միջնորդելու ռուս նավաստիներին հայրենիք վերադարձնելու հարցում։ Իսկ արդյունքները ձեզ հայտնի են»։

Մյուս մանրամասների մասին շատ չենք պատմի, քանի որ համոզված ենք՝ երեկ արդեն հասցրել եք հեռուստատեսային լուրերի ժամանակ մի քանի անգամ բավական հանգամանալից լսել այդ ամենի մասին։ Թեեւ մի բան, այդուհանդերձ, կարելի է առանձնացնել՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը։ Ա. Աբրահամյանը հպարտությամբ նշեց, որ Ռուսաստանի Հայերի միությունն այդ ծրագրի հեղինակներից մեկն է, եւ ասաց, որ համարում է այն «շատ լավ գործարք»։ Զարմանալին այն է, որ գործարքի բուն կնքողները՝ Հայաստանի ու ՌԴ-ի կառավարություններն, այդքան մեծ հպարտությամբ այդ գործարքի մասին չեն խոսում, քանի որ լավի ու վատի մասին մեր հասարակության» ընկալումներին, թերեւս, ավելի լավ են ծանոթ։