Մարտի մեկի իրադարձությունների պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները դեռ վաղ է ամփոփել: Երեկ հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքով` իրենք դեռ նոր են ավարտել աշխատանքների կազմակերպման փուլը, կազմել են կանոնակարգը եւ դիմել միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ , ԵՄ, ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ԵԽ ԽՎ, որպեսզի այս միջազգային կառույցները փորձագետներ ուղարկեն` հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: «Այստեղ էլ ոմանք արձագանքեցին, ոմանք` ոչ: Գուցե դեռ կարձագանքեն հատկապես արտախորհրդարանական ուժերը: Նամակներ ենք գրել ոստիկանապետին, գլխավոր դատախազին` խնդրելով տեղեկատվություն, թե այս գործերի վերաբերյալ ինչ շարժ կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք կհամագործակցեն այդ մարմինների, ինչպես նաեւ` Հատուկ քննչական ծառայության հետ, կայցելեն ձերբակալվածներին, այդ թվում` անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներին: «Հանձնաժողովն արդեն նամակներ է ստանում, մեզ դիմում են կալանավորված անձինք: Մենք այցելեցինք մի կալանավորի: Մենք ուսումնասիրելու ենք ու, ի վերջո, մեր ընդհանուր ու մասնավոր եզրակացությանը գանք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա: Ա. Շահբազյանի խոսքով` իրենք փորձելու են առավելագույնս բաց լինել լրագրողների համար, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի հանձնաժողովի աշխատանքներին: «Այս գործի վերաբերյալ հասարակությունն անշուշտ ունի մեծ ակնկալիքներ հանձնաժողովից, ու հանձնաժողովը պիտի կարողանա ամբողջովին լուսաբանել ու մատչելի դարձնել աշխատանքները»,- ասաց նա: ԵԽ ԽՎ-ում կարծիք էր հնչել, որ հանձնաժողովը չի կարող անկախ հետաքննություն անցկացնել: Ըստ Ա. Շահբազյանի` նրանք խորհուրդ են տվել որոշումներն իրականացնել կոնսենսուսի սկզբունքով: «Եթե քվեարկություն է լինում, միայն ԱԺ-ի անդամ ներկայացուցիչները կարող են քվեարկել: Իրենք ասում են` գործը չհասցնել քվեարկությունների, փորձել համաձայնությունների գալ ու գնալ առաջ: Սակայն առայսօր մեզ դա հաջողվում է, առանձնապես հակասություններ չեն եղել (հետաքրքիր է` ում հետ հակասություններ պետք է լինեին, եթե հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցում.- Ն.Հ.): Վերջին նիստին մեզ միացավ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ինչը նույնպես մտնում է ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջի մեջ»,- ասաց նա: Ի պատասխան հարցին, թե միջազգային փորձագետները, չունենալով ձայնի իրավունք, ինչո՞ւ պետք է մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, Ա. Շահբազյանը նշեց, որ տարվող աշխատանքը բաց է, այն արվում է եվրոպական կառույցների դրած պահանջներին համապատասխան: «Ամենաքիչը, որ կարող են անել փորձագետները, կվերադառնան, կզեկուցեն, որ հանձնաժողովը բոլորովին էլ ճիշտ ճանապարհով չի գնացել: Սա, իհարկե, մեզ համար ծանր բան կլինի… Մենք երկրորդ նամակը գրեցինք պրն Տեր-Պետրոսյանին ու առաջարկեցինք փորձագետ ուղարկել»,- ասաց նա: Այս փուլում, նրա խոսքով, իրենց գլխավոր խնդիրը առավելագույն տեղեկություններ հավաքելն է: «Հանձնաժողովը չպետք է իրեն իրավունք վերապահի՝ ազդելու դատական գործընթացների վրա»,- ասաց նա: Իսկ ինչպես է Ա. Շահբազյանը վերաբերվում այն հարցին, որ ԱԺ ընդդիմադիր միակ ուժը` «Ժառանգությունը», չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին: Այս հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ իրենք երկրորդ նամակն էին ուղարկել «Ժառանգությանը», որը, սակայն, տեղ է հասել այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեկնել էր ԵԽ ԽՎ նիստին մասնակցելու համար: «Այս օրերին նրան կծանոթացնեն նամակի հետ: Վերջնական պատասխան չի եղել, պաշտոնական մերժում չենք ստացել: Ինքս էլ գտնում եմ, որ օգտակար կլինի, եթե մենք իսկապես ապահովենք բոլոր կողմերի ներկայությունը»,- ասաց նա: Արդյոք տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու համար հանձնաժողով կհրավիրվե՞ն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ա. Շահբազյանը դա չի բացառում՝ նշելով, որ շատերը պետք է հրավիրվեն, ու հնարավոր է, որ հանձնաժողովը նաեւ նրանց դիմի: «Հիմա Լ. Տեր-Պետրոսյանը դեռ որեւէ կերպ չի անդրադարձել հանձնաժողովի՝ իրեն հղված դիմումներին, առաջարկներին, ու իր մասով չեմ կարող ասել` վաղը եթե հրավիրվի լսումների, արդյոք կգա՞, թե՞ չէ: Մենք իրավապահ մարմին չունենք ու պարտադրել որեւէ մեկին չենք կարող: Իսկ Ռոբերտ Քոչարյանին հրավիրելը, կարծում եմ, շատ հավանական է»,- ասաց նա: