Ուրիշների շահերի «խաչմերուկում»

06/07/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Վերլուծաբանների եւ փորձագետների ուշադրությունից չեն վրիպել վերջին ամիսներին Հայաստանի եւ Թուրքիայի իշխանական վերնախավերի ներկայացուցիչների միջեւ աննախադեպ ակտիվ շփումները: Առանձնակի ուշադրության է արժանացել այն երեւույթը, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի համար ամենածանր եւ անորոշ հետընտրական ժամանակաշրջանում ընտրվելու կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Իր հերթին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես «աննկատ» չթողեց ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը: Նա ոչ միայն ջերմորեն շնորհավորեց ոչ բարեկամ հարեւան երկրի գործընկերոջը, այլեւ հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի քաղաքական գերակայություններից է: Պատասխան «ռեւերանսներն» էլ իրենց երկար սպասել չտվեցին. Տիգրան Սարգսյանն իր թուրք գործընկերոջն ուղղված պատասխան նամակում պատրաստակամություն հայտնեց առանց որեւէ նախապայմանի միջպետական հարաբերություններ հաստատել: Մոտավորապես նույն ոգով են եղել նաեւ խնդրո առարկայի շուրջ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի արած հայտարարությունները: Այս գործընթացները եւ նկատվող միտումները հիմք տվեցին աշխարհում բավականին հեղինակավոր պարբերականների վերլուծաբաններին՝ նույնիսկ համարձակ եզրակացություն անել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ ոչ պաշտոնական բանակցությունների անցկացումը շատ մոտ ապագայի հարց է: Եվ պետք է նկատել, որ վերջին շաբաթների ընթացքում այս գործընթացներին լուրջ ազդակներ հաղորդվեցին աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից: Անցած ամսվա կեսերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, Վաշինգտոնում ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում, հերթական անգամ հայտարարեց, որ «ԱՄՆ-ում կարծում են, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է բացվի»: Ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ «ուղղակի առեւտրական կապերի հաստատումից, երկու պետությունների էլեկտրացանցերի իրար միացումից եւ հարեւաններին բնորոշ այլ քայլերի իրագործումից երկու երկրներն էլ կշահեն»: Սակայն, ի տարբերություն նախկինում արված նման հայտարարությունների՝ այս անգամ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ըստ էության նախանշեց նաեւ այդ «բարիդրացիական հարաբերությունների» ձեւավորման փոխզիջումային հիմնական դրույթները: Ըստ Դ. Ֆրիդի՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ եղած տարաձայնությունների հարթեցման համար կպահանջվի, որպեսզի կողմերն ի վիճակի լինեն «ցավոտ հարցերին» լուծում տալ: «Թուրքիայից կպահանջվի հաշտվել սեփական պատմության մռայլ այն էջի գոյությանը, երբ Օսմանյան Կայսրության գոյության վերջին ժամանակահատվածում զանգվածաբար սպանվեցին եւ բռնի կերպով արտաքսվեցին մինչեւ մեկուկես միլիոն հայեր»,- Թուրքիայի փոխզիջումը ձեւակերպելով՝ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: «Դա հեշտ խնդիր չէ, սակայն ԱՄՆ-ին ժամանակին նույնպես հեշտ չի եղել սեփական պատմության մռայլ էջերի հետ համակերպվել»,- հավելեց Դ. Ֆրիդը: Իսկ ի՞նչ փոխզիջումներ են, այդ դեպքում, ըստ ամերիկացիների, պահանջվում ՀՀ-ից: Պարզվեց, որ «ՀՀ-ն իր հերթին՝ պետք է պատրաստ լինի ճանաչել գոյություն ունեցող սահմանները, հրաժարվի ժամանակակից Թուրքիայից տարածքային ցանկացած պահանջից, ինչպես նաեւ՝ կառուցողական ոգով արձագանքի Թուրքիայի կողմից առաջարկվող` հաշտեցմանը նպատակաուղղված բոլոր նախաձեռնություններին»: Նույն թեման օրերս շոշափեց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, որն անսպասելիորեն շեղվելով ամերիկացիներին վերջին ժամանակներն անչափ հուզող հայաստանյան հետընտրական զարգացումների թեմայից՝ նույնպես հանգամանորեն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների դարավոր «թնջուկին»: Մի խոսքով, զգացվում էր, որ ինչ-որ լուրջ նախապատրաստական աշխատանք է «փակ ռեժիմով» արդեն իսկ ընդունվում, որին, ուշ թե շուտ, պետք է ինչ-ինչ կոնկրետ գործողություններ հետեւեն: Եվ դա տեղի ունեցավ այնտեղ, որտեղից դա, երեւի թե, ամենից քիչն էին սպասում, եւ այն ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ այդ անակնկալը ներքաղաքական խնդիրների մեջ առանց այդ էլ «խրված» Սերժ Սարգսյանին «հեչ պետք էլ չէր»: Բայց, այնուամենայնիվ, փաստ է, որ հենց Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում, այն էլ տեղի սփյուռքի` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահը հայտարարեց, որ մտադիր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մի քանի նոր քայլեր ձեռնարկել: Դրանցից առաջինը սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք ՀՀ-ի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրելն էր: Իսկ երկրորդը` Թուրքիայի ղեկավարության կողմից արդեն վաղուց առաջարկվող ու մինչ վերջերս ՀՀ ղեկավարության կողմից մերժված «պատմական փաստերն ուսումնասիրող» համատեղ հանձնաժողովի ստեղծման գաղափարին փաստացի հավանություն տալն էր: Ճիշտ է, այստեղ մի կարեւորագույն նախապայման, այնուամենայնիվ, ՀՀ նախագահն առաջ քաշեց. «Միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո»: Կարծում ենք՝ դժվար չէր կանխատեսել, թե ինչ արձագանք պետք է առաջացներ հայաստանյան հասարակության, քաղաքական եւ սփյուռքի կազմակերպությունների շրջանում առանձնապես ցեղասպանության պատմական փաստերն ուսումնասիրող համատեղ հանձնաժողովի ստեղծմանը պաշտոնական Երեւանի տված համաձայնությունը (համատեղ ֆուտբոլ դիտելուն կարծես թե ոչ ոք դեմ չէ): Այն անմիջապես դատապարտվեց ընդդիմության ամբողջ սպեկտրի կողմից` սկսած «ավանդական» հակաթուրք հնչակներից եւ վերջացրած «թուրքերի հետ քիրվայություն» անելու ձգտման մեջ «ավանդաբար» մեղադրվող Լեւոն Տեր-Պետրոսյանի Համաժողովրդական շարժումով: «Այն իրողության պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր քաղաքացիներ մերժում են Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու օրինականությունը, բացարձակ անընդունելի ենք համարում նման հայտարարությամբ հանդես գալը, որի իրավունքը տրված չէ նույնիսկ անվիճահարույց լեգիտիմությամբ օժտված նախագահին, կամ պառլամենտին, կամ որեւէ այլ պետական կառույցի»,- ընդդիմության ընդհանուր մոտեցումները արտահայտելով՝ հայտարարեցին ՀՀ-ի Մտավորականների ֆորումի ավագանին եւ համակարգող խորհուրդը: Ի հավելումն այդ բոլոր դատապարտող հայտարարությունների՝ Լ. Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը հայտարարեց, որ Ս. Սարգսյանի տված համաձայնությունն առհասարակ կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության հարցը: Նույնիսկ վերջին տարիներին համատարած կոնֆորմիզմի մեջ «թաղված» ՀՅԴ-ն որոշ ժամանակ լռելուց հետո, այնուամենայնիվ, թույլ դիմադրության նշույլներ է ցուցաբերում` Կիրո Մանոյանի միջոցով տրտնջալով, որ «նախագահին վատ խորհուրդներ են տալիս»: Ամեն դեպքում, դժվար չէր կանխատեսել, որ Ս. Սարգսյանի սենսացիոն հայտարարությունները հանգեցնելու էին բավականին լուրջ ներքաղաքական բարդությունների: Նման եզրակացությունների էին եկել նույնիսկ ադրբեջանական վերլուծաբանները: Այս առումով տրամաբանական են այն ենթադրությունները, որ այնպիսի զգույշ քաղաքական գործիչը, ինչպիսին Ս. Սարգսյանն է, հետընտրական այսօրվա, մեղմ ասած, բարդ շրջանում նման ռիսկային քայլի գնալու համար պետք է որ առավել, քան հիմնավոր պատճառներ եւ հաշվարկներ ունենա:

Բնականաբար, հայ-թուրքական հարաբերություններում «նոր կուրսի» հռչակումը պայմանավորված է նախ եւ առաջ արտաքին քաղաքական գործոններով, իսկ գործընթացների համար «կատալիզատոր» են հանդիսացել հայաստանյան ներքաղաքական զարգացումները: Խնդրո առարկայի շուրջ ԱՄՆ-ի բացառիկ ակտիվության եւ շահագրգռվածության մասին արդեն նշվել է: Այս առումով՝ կասկածից վեր է, որ Ս. Սարգսյանին ԱՄՆ-ից հետեւողականորեն դրդում էին գործնական քայլերի: Ինչ վերաբերում է հայտարարությունների համար «պահի ընտրությանը», ապա ակնհայտ է, որ այն պայմանավորված է զուտ պրագմատիկ հաշվարկներով: Ս. Սարգսյանի համար հավանաբար իսկական ժամանակն է՝ գործնական քայլերով փորձել մեղմացնել ամերիկյան վարչախմբի կողմից ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ հետեւողականորեն իրականացվող հետընտրական ճնշումները: Դա առավել, քան այժմեական խնդիր է, քանի որ ԱՄՆ-ը, թերեւս, միակ աշխարհաքաղաքական բեւեռն է, որի հետ հայաստանյան նոր վարչախումբը դեռեւս «նոր խաղի կանոններ» հաստատելու խնդիր ունի (Եվրոպայի եւ ՌԴ-ի հետ հարաբերություններում որոշակի հստակեցումներ կարծես թե հաջողվել է ձեռք բերել): «Թուրքական ուղղությունում» բավականին արմատական քայլեր կատարելով՝ Ս.Սարգսյանը փաստորեն նաեւ հասկացնել է տալիս ԱՄՆ-ին, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ կարող է հուսալի «պարտնյոր» դառնալ` կատարելով նախկինում ձեռք բերված «անդրկուլիսյան» պայմանավորվածությունները: Եվ վերջապես, Ս. Սարգսյանն իր թուրքական «բլից-կրիգով» փորձում է փաստացի չեզոքացնել «միակ ճկուն եւ խաղաղասեր» ու «արեւմտյան արժեքներին դավանող» գործչի իմիջով արտաքին աշխարհին ներկայացող Լ.Տեր-Պետրոսյանի գործոնը: Այս համատեքստում Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման վերոհիշյալ հայտարարությունում արտահայտած բավականին կարծր (նույնիսկ կարելի է ասել՝ պրոդաշնակցական) դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների շուրջ՝ կարող են լրացուցիչ փաստարկ դառնալ Ս. Սարգսյանի համար: Իհարկե, պետք է նկատենք, որ Ս.Սարգսյանը վերոհիշյալ փոքր նախապայմաններով Թուրքիային առաջարկություններ անելիս՝ հավանաբար, «մտքում ունի» նաեւ այն հույսը, որ դրանք ոչ միանշանակորեն եւ նույնիսկ բացասաբար կընդունվեն Թուրքիայի իշխանությունների եւ հասարակության կողմից: Այդ դեպքում այսօր ՀՀ-ին վերագրվող «ոչ կոնստրուկտիվ հարեւանի» իմիջը կփոխանցվի արդեն Թուրքիային: Նաեւ սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ասում են, «գնդակը տեղափոխեց Թուրքիայի խաղադաշտ»: Սակայն հնարավոր է, որ ՀՀ նախագահի այս հաշվարկները չարդարանան, քանի որ Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարություններն ամերիկյան պաշտոնական եւ նրանց մոտ կանգնած շրջանակները անմիջապես «շատ հետաքրքիր ու գրավիչ» համարեցին: Իսկ, օրինակ, ամերիկյան Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանը, որը, ինչպես հայտնի է, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի կինն է նաեւ, շտապեց միանգամից փաստացի հնչեցնել ամերիկյան վարչախմբի «ոչ պաշտոնական» տեսակետը։ «Ֆուտբոլը կարեւոր դեր է խաղում ՀՀ-ի ու Թուրքիայի ժողովուրդների կյանքում, եւ այդ խաղի ոգին կարող է իրապես մերձեցնել նրանց ոչ քաղաքական հարթության վրա: Հրավերը մերժելու որեւէ պատճառ չեմ տեսնում, առավել եւս, որ այն լիովին համապատասխանում է նախագահ Գյուլի կառուցողական մոտեցմանը Թուրքիայի ժողովուրդների բոլոր հարեւանների նկատմամբ»,- ասել է տիկին Բարանը: Իսկ Մ. Բրայզան, որն արդեն հասցրել է ակնարկել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության միջեւ նկատվող դրական տարբերությունների մասին, հույս է հայտնել, «որ այդ զարմանալի պրոգրեսիվ քայլերը կհանգեցնեն ԱՄՆ-ի այս երկու բարեկամների ընդհանուր եւ ողբերգական անցյալի քննարկմանը»: Ի դեպ, գործընթացները խթանելու համար ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Թուրքիայի ղեկավարությանը նաեւ յուրահատուկ «մեսիջ» հղեց` վստահություն հայտնելով, որ Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը օգուտ կբերի ինչպես` Թուրքիային, այնպես էլ՝ Եվրոպային:

Բնականաբար, միամտություն կլիներ կարծել, որ պատահական էր ընտրված հայ-թուրքական հարաբերությունների շուրջ արված հայտարարությունների տեղը: Այն փաստը, որ դա եղավ Մոսկվայում եւ ՌԴ ամենաբարձր պաշտոնյաների հետ հանդիպումներից անմիջապես հետո, առնվազն անուղղակիորեն վկայում է, որ Ս. Սարգսյանի նախաձեռնությունների հիմնական թեզերը համաձայնեցված են եղել նաեւ «ռազմավարական դաշնակցի» հետ: Սա, թերեւս, նախ եւ առաջ՝ ամերիկառուսական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային շահերի համադրման դասական օրինակ է: Դժվար է չնկատել, որ առանձնապես վերջին երկու տարիներին Մոսկվայի եւ Անկարայի միջեւ աննախադեպ ջերմություն է նկատվում: Այդ ժամանակահատվածում կայացել է երկու երկրների առաջին դեմքերի ամենաբարձր մակարդակի ութ հանդիպում, ինչն ինքնին խոսուն փաստ է: Թուրքիային ՌԴ-ում սկսել են դիտարկել ոչ միայն որպես հետաքրքիր տարածաշրջանային քաղաքական գործընկեր, այլեւ, որպես, նախ եւ առաջ՝ էներգետիկ լուրջ նախագծերի իրականացման համար հեռանկարային շուկա եւ տարանցիկ երկիր: Ավելի գլոբալ եւ հեռանկարային առումով Ռուսաստանում լուրջ հույսեր են կապում նաեւ Մոսկվա-Բաքու-Անկարա տնտեսաքաղաքական ուղղության ձեւավորման եւ զարգացման հետ: Օրերս Դ. Մեդվեդեւի Ադրբեջան կատարած «ռազմավարական նշանակության» այցը եւ նույն այդ օրերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գտնվելն Անկարայում, կարծում ենք, ասվածի վկայությունն է: Միեւնույն ժամանակ, ռուս-վրացական միջպետական հարաբերությունների այսօրվա լարված իրողությունները եւ դրանց ոչ պակաս անորոշ ապագան ՌԴ-ին մղում են այլընտրանքային ճանապարհներ եւ իրար կապող տրանսպորտային ուղիներ որոնելու՝ նաեւ Հարավային Կովկասում իր առայժմ միակ ռազմավարական դաշնակցի` ՀՀ-ի համար: Այս առումով կայուն եւ կանխատեսելի չէ նաեւ ՀՀ-ի մյուս հարեւանի՝ Իրանի ապագան՝ պայմանավորված ամերիկաիրանյան փաստացի հակամարտության անորոշ հեռանկարներով: Այսպիսով՝ ռուսաստանյան աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի սպասարկման առումով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ սահմանների բացումը կարեւորագույն նշանակություն են ստանում: Միեւնույն ժամանակ, հենց Մոսկվայում ՀՀ նախագահի հայտարարություններով ՌԴ ղեկավարությունն իր համար բավականին կարեւոր տակտիկական դիվիդենտ ձեռք բերեց` թե՛ ԱՄՆ-ին եւ թե՛ Թուրքիային հստակ ցուցադրելով ՀՀ ղեկավարության վրա ազդելու իր հնարավորությունները: Հատկանշական է, որ Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարություններն արվեցին հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Անկարա այցելության շեմին: Բնականաբար, նաեւ պատահական չէ, որ ռուս-թուրքական այդ բանակցությունների ընթացքում օրակարգային են եղել ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարները:

Ինչեւէ, ինչպես ասում են, «տՐՏՓպրր տՏՔպս», աշխարհաքաղաքական շահագրգիռ կենտրոններն արդեն «միացրել են ժամացույցը», բայց անորոշ է, թե որքանով են առաջարկվող «խաղի տեմպին» պատրաստ լինելու դիմանալ Երեւանը եւ Անկարան։ Առանձնապես՝ ՀՀ-ի նոր վարչախումբը, որի ցանկացած քայլ մինչ օրս, կարծես թե, միայն պայքարի լրացուցիչ ռեսուրսներ է տվել ընդդիմությանը: Դե ինչ, հետեւենք իրադարձությունների հետագա զարգացմանը…