Մայիսի 11-ից «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի Սոթքի
հանքը չի գործում: Պատճառը բանվորների մասսայական գործադուլն է:
Գործադուլի մեկ այլ փորձ նրանք նախաձեռնել են դեռեւս ապրիլի 22-ին:
«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» ստեղծվել է 1998 թվականին
«Հայոսկի» ՊՓԲԸ-ի եւ կանադական «First Dinasty Mines Ltd.» ընկերության
համատեղ ջանքերով: Ընկերությունն աշխատանքները սկսել է Արարատում
կուտակված ոսկու պոչանքների վերամշակմամբ, այնուհետեւ՝ աշխատանքներ
ձեռնարկել Մեղրաձորի ոսկու փակ հանքի եւ Սոթքի բաց հանքի վերաշահագործման
նպատակով: Ներկայումս ընկերությունը ոսկու Դորեի համաձուլվածք է ձուլում
նշված հանքավայրերից բերվող հանքաքարից:
2000թ. կանադական ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է
բերում հնդկական մեկ այլ ընկերություն (որի անունը «ԱՈԱՁ» տնօրեն Վ.
Վարդանյանն առանձնապես հարկ չի համարում նշել) եւ սկսում կանադական եւ
եվրոպական մասնագետներին փոխարինել հնդիկներով: 2002թ. փետրվարից
հնդիկներն արդեն ձեռնարկության 100%-անոց բաժնետեր են:
Ինչպես տեղեկացրեց Սոթքի հանքի Արհեստակցական միության նախագահ Արմեն
Սահակյանը, ապրիլի 22-ի գործադուլը նախազգուշական բնույթ է կրել. Սոթքի
հանքի աշխատակազմը գրավոր բողոքով դիմել է «ԱՈԱՁ»-ի նախագահ Սանջեյ
Դալմիային: Բողոքում մասնավորապես նշվում է. «Գոյություն ունեցող մի շարք
անարդարությունների պատճառով, աշխատելը Սոթքի ոսկու հանքում դարձել է
անհնար: Այստեղ ամենակոպիտ ձեւով ոտնահարվում են մարդու տարրական
իրավունքները՝ թե աշխատանքային, թե մարդկային առումներով: Մենք մեզ զգում
ենք ռազմագերու կարգավիճակում»: Ինչպես պնդում էին գործադուլավորները՝
«Սոթքի ոսկու հանքում գոյություն չունի աշխատանքի պաշտպանության,
անվտանգության տեխնիկայի կանոնների կիրառում, աշխատողներին ազատում են
աշխատանքից առանց պատճառի եւ առանց որեւէ բացատրության, չի կիրառվում
աշխատավայրում արտաժամյա աշխատաժամերի փոխհատուցում, նախապես խոստացված
աշխատավարձերի բարձրացում, ավելին՝ ինֆլյացիայի հետեւանքով կորչում է
աշխատավարձերի 30%-ը»:
Ապրիլի 23-ին գործադուլավորները գրավոր դիմել են «ԱՈԱՁ»-ի նախագահ Սանջեյ
Դալմիային՝ պահանջելով ստեղծել հանձնաժողով, որը կաշխատի բանվորների
կողմից ստեղծված աշխատանքային խմբի եւ արհեստակցական միության հետ, եւ
մինչեւ մայիսի 10-ը կքննարկվեն եւ կբավարարվեն բանվորների պահանջները:
Հաջորդ օրը բանվորները վերադարձել են հանք: Ս.Դալմիային հասցեագրված
բողոքում նրանք նախապես տեղեկացրել են նաեւ, որ մինչեւ մայիսի 10-ն իրենց
պահանջների չբավարարման դեպքում, մայիսի 11-ի ժամը 8.30-ից սկսած
գործադուլը կշարունակվի: Իսկ Սանջեյ Դալմիայից բանվորներն ընդամենը
պահանջել են՝ «Գործատու-Աշխատող անհատական պայմանագրերը համապատասխանեցնել
ՀՀ Աշխատանքային օրենսգրքին եւ ՀՀ կառավարության որոշումներին, կնքել
կոլեկտիվ պայմանագիր Սոթքի ոսկու հանքի կոլեկտիվի «Լեռնագործ»
արհեստակցական կազմակերպության հետ, բարելավել աշխատանքային պայմանները,
վերանայել աշխատավարձերը, լուծել աշխատանքի պաշտպանության խնդիրները,
խստորեն կիրառել աշխատանքային անվտանգության տեխնիկայի կանոնները,
վերականգնել անօրինականորեն աշխատանքից ազատվածներին»:
Արհեստակցական միության նախագահ Արմեն Սահակյանի հավաստմամբ՝ մինչեւ
մայիսի 10-ն անգամ ծառացած խնդիրները քննարկող համապատասխան հանձնաժողով
չի ստեղծվել հնդկական ներկայացուցչության կողմից, միայն մայիսի 10-ին
Դալմիայի երեւանյան գրասենյակը գրավոր պատասխան է ուղարկում: «Մեզ
պատասխանել էին, որ՝ կոմպանիան ծանր վիճակում է, մենք կարող ենք ընդամենը
ապրիլի 1-ից ձեր աշխատավարձը վճարել 1 դոլարին համարժեք 500 դրամ,- ասում
է արհմիության նախագահը,- վերջում էլ շատ երկիմաստ մի նախադասություն էին
գրել՝ «որոշումը կոմպանիան ցանկացած պահի կարող է վերանայել», ինչն էլ
միանգամից պայթյուն առաջացրեց բանվորների շրջանում, այսինքն՝ ցանկացած
պահի նրանք ցանկացած որոշում կարող են ընդունել մեր վերաբերյալ, եւ մայիսի
11-ին, ինչպես նախօրոք հայտարարել էինք, մենք վերսկսեցինք գործադուլը»:
Գործադուլի մասին տեղեկացվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ
կառավարությունը, սակայն մայիսի 14-ին, երբ մեր աշխատանքային խումբը
հանդիպեց գործադուլավորներին, պարզվեց՝ մենք առաջինն էինք, որ
ուշադրության էիք արժանացրել իրենց: «Մենք կարծես հնդկական ռազմագերիներ
լինենք, մենք նույնիսկ մեր հայրենի կառավարությանը չենք հետաքրքրում, էլ
ուր մնաց՝ հնդիկը մտածի մեր մասին»,- բողոքում էին վրդովված բանվորները:
Միակ «ուշադրությանը», որ արժանացել էին գործադուլավորները, կրկին «Արարատ
ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի նախագահ Սանջեյ Դալմիայի
կողմից էր. Դալմիան՝ վկայակոչելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի
4-րդ կետը՝ առանց հարգելի պատճառների գործալքություն, դադարեցրել էր
միանգամից 470 աշխատանքային պայմանագիր: Հրամանները գործադուլավորները
ստացան փոստով:
Ի դեպ, Սոթքի հանքում աշխատանքային օրը սկսվում է ժամը 8.30-ից եւ
ավարտվում 20.30-ին: Եվս 3 ժամ բանվորները կորցնում են հանք գնալու եւ
վերադառնալու վրա: Երեք օր աշխատում են, երեք օր հանգստանում:
«Աշխատանքային պայմաններն ահավոր են,- պատմում էին բանվորները,- աշխատում
ենք ծովի մակերեւույթից 2370մ բարձրության վրա, ոչ զուգարան ունենք, ոչ
ճաշարան, նույն տեղում համ հաց ենք ուտում, համ բնական կարիքները հոգում,
ոչ խմելու ջուր կա, ոչ լվացվելու, ձմռանը՝ 40-45 աստիճան սառնամանիք է
անում, եթե մեկն ուզենա մի մոմենտ վազի ձեռները տաքացնի, ու հնդիկ շեֆերը
նկատեն, նույն պահին կարող են գործից ազատել»:
«Իրենք մեզ ոնց ուզում, էդպես էլ վճարում են, մենք չգիտենք՝ ի՞նչ ենք
աշխատում, ինչքա՞ն պիտի ստանանք, ե՞րբ պիտի ստանանք, արդյոք մեր ստացածն
ու մեր արած գործն իրար համապատասխա՞ն են: Ոչ մի տարբերակում չկա՝ որ
այսքանը աշխատավարձ է, այսքանը հավելավճարն է, այսքանը նախատեսված է
բարձրլեռնային գոտու համար, այսքանը՝ արտաժամյա աշխատանքի համար:
Բանվորները հիվանդանալու դեպքում հիվանդության թերթիկից 10 օրից ավելի չեն
կարող օգտվել, ո՞վ է տեսել՝ մարդ պատվերով հիվանդանա՝ 10 օր, ոչ ավել: 10
օրը խախտեցիր՝ կարող են գործից ազատել՝ առանց պատճառաբանելու: Մարդ կա,
որին արդեն 3 տարի է արձակուրդ չեն տալիս՝ պատճառաբանելով, որ՝ դու մեզ
պետք ես»,- պատմում էր արհմիության նախագահը:
Բանվորները պնդում էին, որ ոչ ոք աշխատանքային պայմանագրի երկրորդ օրինակ
չունի. «Մեր տեսածը մի թուղթ է, որ ամեն անգամ աշխատավարձ ստանալուց
ստորագրում ենք, էն էլ անգլերենով ա, ոնց որ աշխատավարձի տաբել լինի, էդ
թերթի վերեւում հայերենով մենակ մի բան ա գրած՝ «Խնդրում ենք ստորագրել
ներքեւում նշված ձեր անվան դիմաց՝ որպես ընդունում: Չստորագրելու դեպքում
պայմանագիրը դադարեցվում է»: Դե, հասարակ բանվորն էլ ի՞նչ անի՝ ստիպված
ստորագրում ա»:
«Սոթքի ոսկու հանքից մեզ 3 տարի 6 ամսով գործուղել էին Մեղրաձորի հանք,
երբ հետ վերադարձանք՝ երկու ամիս անգործ մնացինք, չէին ուզում հետ
վերցնել՝ պատճառաբանելով, որ՝ դուք մեր աշխատողը չեք, մեզ պետք չեք՝
մինչդեռ հենց իրենք էին գործուղել: Հազար անգամ գնացինք-եկանք՝ մինչեւ
վերականգնեցին, էն էլ՝ պակասացնելով աշխատավարձը՝ նախկին 180-ի փոխարեն
հիմա 130 են տալիս՝ առանց բացատրելու, թե ինչի»,- ասում էր հանքի
պայթուցիկ նյութերի բաշխման բաժնի աշխատակից Մելքոնյան Սպարտակը:
Մկրտչյան Համլետը Մեղրաձոր գործուղման ժամանակ կորցրել է մատները:
«Ամենավտանգավոր աշխատանքն ենք կատարում, բայց աշխատանքի պահին որ մի
փորձանք է պատահում, ոչ մի օգնություն, ոչ մի փոխհատուցում չի լինում՝
մենակ խաբում են, իրար վրա գցում ու բանվորին էդպես անմխիթար վիճակում էլ
թողնում»:
«Եթե իրենք կասկածում են, որ մի բանվոր կարող ա պատահի դժգոհ ա, բողոքի,
թե բանվորին շահագործում են, անմիջապես էդ բանվորին աշխատանքից ազատում
են, հրամանն էլ էդպես գրել-կպցրել են պատին»,- ասում էր Գագիկ Սաֆարյանը:
«2004թ. ապրիլին 100 հոգուց ավելի մարդկանց միանգամից կրճատեցին՝
պատճառաբանելով, որ աշխատանքի տեղ չկա, երբ լինի՝ հետ կկանչեն, ամսական
50-ական դոլար փող էին տալիս ամեն մեկիս, որ երեխեքին հաց առնենք: Հետո,
երբ նորից աշխատանքի կանչեցին մեզ, իրենց էդ տված փողերը պահեցին. էն
ժամանակ, երբ էդ փողերը տալիս էին, դոլարի կուրսը 580 էր, իսկ նրանք հիմա
մեզնից էդ փողերը պահում են էն ժամանակվա կուրսով»,- բողոքում էր մեկ այլ
գործադուլավոր:
«Հնդիկների գալուց հետո մեր հանքը լրիվ որակազրկվել է,- ասում է Ղազարյան
Արամայիսը,- նրանք հանքից կորզում են մենակ հանքաքարը, մակաբարձման
աշխատանքների վրա ուշադրություն չեն դարձնում: Եթե այսպես շարունակեն,
նրանցից հետո այս հանքն ընդհանրապես ոչ մեկը չի կարողանա շահագործել, սա
նշանակում է նաեւ, որ նրանք մեր երեխաների ապագայի վրա են խաչ քաշում»:
Մայիսի 14-ի երեկոյան Գեղարքունիքի մարզպետարանից զանգով
գործադուլավորներին տեղեկացվել է, որ հայրենի կառավարությունն արդեն
անհանգստացել եւ համապատասխան միջոցներ է ձեռնարկել. նրանց խոստացան, որ
մայիսի 17-ին մարզպետը եւ «ԱՈԱՁ»-ի սեփականատերերը կհանդիպեն
գործադուլավորներին: Սակայն մայիսի 17-ին խոստացված հանդիպման փոխարեն՝
գործադուլավորներն ընդամենը հեռախոսազանգ ստացան, որ ցանկության դեպքում
կարող են 10 հոգանոց պատվիրակություն կազմել եւ մեկնել Երեւան. Սանջեյ
Դալմիան լսելու պատրաստակամություն էր հայտնել:
Երեկոյան Երեւան հասած գործադուլավորների պատվիրակությանը Դալմիան
ընդունեց «Կռունկ» ռեստորանում, սուրճ ու խմորեղեն հյուրասիրեց եւ
առաջարկեց աշխատանքի ընդունվելու դիմում գրել՝ խոստանալով ազատվածներից
մոտ 80 տոկոսին գործի ընդունել: Ի դեպ՝ նախորդ օրերին, մինչ գործադուլը
շարունակվում էր, ձեռնարկության տնօրինությունն արդեն իսկ հանդես էր եկել
պատերին փակցված հայտարարությամբ, ըստ որի՝ մինչեւ մայիսի 20-ն ընդունվում
են հայտեր Սոթքի ոսկու հանքի թափուր աշխատատեղերի համար: Հանդիպումից հետո
պրն Սանջեյ Դալմիան հրաժարվեց մեզ որեւէ մեկնաբանություն տալ:
Գործադուլավորները դժգոհ էին: Գործադուլը շարունակվում է: