Տիկին Լաուրայենց տան մթնոլորտում ակամայից քեզ կալանավոր ես զգում: Այստեղ ննջարանն ու զուգարանը բաժանվում են ստվարաթղթե պայմանական պատով, իսկ խոհանոցն ու ննջարանը պայմանական վարագույրով: Լաուրայենց տունը կալանավայրի խցի նման անհարմարավետ, ճնշող է, ու ակամայից դառնում ես անազատ ու ստրուկի նման: Այստեղ պայմանական է նաեւ մարդու ազատության զգացողությունը, մարդն այստեղ չի կարող իրեն մարդանման զգալ, որովհետեւ երկրագնդի վրա նույնիսկ կենդանիները նման կենսակերպով չեն ապրում: Լաուրայենց տանն ամեն ինչ պայմանական է, անգամ՝ նրանց կյանքը, որովհետեւ նրանք գոյատեւում են պայմանականորեն: Րաֆֆու 111 հասցեն գտնվում է Փարաքարի մայրուղուց մի քանի կիլոմետր այն կողմ, դեպի անորոշություն, որովհետեւ քաղաքի այդ հատվածը, մասնավորապես` շենքը, քարտեզագրված չէ: «Ռոբոտների» գործարանի հրշեջ կայանում, որը չորսհարկանի կիսաավերակ շենք է, հանգրվանել են անօթեւան, փողոցներում հայտնված մարդիկ: Նրանցից մեկն էլ Լաուրան է, ով ապրում է մի սենյակում, որը զուգարան, խոհանոց, ննջարան ու ամեն ինչ է: Մարդիկ այստեղ ամեն րոպե պաշտպանվում են, պաշտպանվում են սովից, առնետներից, հիգիենիկ անհարմարավետությունից, մարդկանցից, որովհետեւ այս հասցեի բնակիչների համար արված է ամեն բան, որպեսզի նրանք չկարողանան ապրել, կամ արված չէ այն ամենն, ինչ կարելի էր անել մի քիչ ապրելու համար: Լաուրան ասում է, որ տասնյակ տարիներ վարձով են ապրել, սակայն` «Էլ չէինք կարում վարձ տալ, հայտնվեցինք փողոցում: Մի ծանոթ ասեց, որ էս տարածքում սենց շենք կա՝ առանց դուռ-լուսամուտի: Եկանք մտանք ստեղ ու 10 տարի ա՝ ստեղ ենք ապրում»: Լաուրայի աղջիկը` Մարիամը, սննդի պակասից թերզարգացածի տպավորություն է թողնում: «Օրերով սոված ենք մնում, երեխաս շատ տկար ա: Չի սնվում, դրա համար էլ աճը նորմալ չի»,- ասում է մայրը, ով երեխային ամեն օր տանում է Արմավիրի մարզի Թաիրովի դպրոց, քանի որ Րաֆֆու 111 հասցեում եւ հարակից տարածքներում դպրոց չկա: Հարցնում եմ` «Լա՞վ ես սովորում»: Պատասխանում է` «Չեմ ուզում դպրոց գնամ, ես նոր շորեր չունեմ, վատ եմ հագնվում, ու ինձ ձեռ են առնում, ծաղրում են: Ես էլ գալիս եմ տուն, սկսում եմ լացել, ասում եմ, որ չեմ ուզում դպրոց գնամ»: Մարիամն 8 տարեկան է, սակայն այդ 8 տարիների ընթացքում երբեւէ մարմնի վրա նոր հանդերձանք չի կրել, մշտապես հագնում է ուրիշների տված հնամաշ հագուստը: Լաուրան ասում է, որ դպրոցում գնումների հավաքագրմանը չի կարողանում մասնակցել, հետեւաբար՝ երեխան արժանանում է վատ վերաբերմունքի: «Մուրացկանի կյանք ենք վարում, ու չգիտես էլ, թե քո կյանքն ի՞նչ արժեք ունի»,- ասում է նա` պատմելով, որ Մարիամը չորրորդ հարկի աստիճաններից գլորվելով՝ ընկել է առաջին հարկ: Չորսհարկանի այս կիսաավերակի առաջինից չորրորդ հարկ տանող աստիճաններն անգամ բազրիքներ չունեն, դրա համար էլ մանկահասակ երեխաները հաճախ աստիճաններից գլորվում են ցած: Լաուրան Մարիամին այդ դեպքից հետո բժշկի չի տարել ու չգիտի, թե երեխայի մոտ այդ հարվածներից ինչ հետեւանքներ են մնացել: Լաուրան ու Մարիամն ապրում են 13.500 դրամ ընտանեկան նպաստով: «Ներվային հիվանդ եմ, չեմ կարողանում աշխատել: Ախր էս պայմաններից մարդ գժվում ա, չի կարում ապրի: Անընդհատ ներվայնությունից դողում, գլխացավեր եմ ունենում: Գնում եմ բժշկի` ասում են` արի պառկի, բայց էդ պառկելն առանց փող չի լինում: Սրտի նեւրոզ ունեմ, ներվերիցս մարմինս քորում-քորում եմ, շատ աննորմալ, վատ վիճակում եմ հայտնվում»,- ասում է Լաուրան` վստահեցնելով, որ շենքի հարեւանները մշտապես օգնում են սննդով, այլապես Մարիամն օրերով քաղցած կմնա: Այս շենքի բնակիչները որեւէ փաստաթուղթ ձեռք բերելու համար հայտնվում են քաշքշուկի մեջ, քանի որ թե՛ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանը եւ թե՛ «Ռոբոտների» գործարանի ղեկավարությունը հրաժարվում են բնակության վայրի մասին տեղեկանք տրամադրել: Հաճախ Լաուրան այդ տեղեկանքի բացակայության պատճառով չի կարողանում ընտանեկան նպաստի համար պահանջվող փաստաթղթերը ժամանակին ներկայացնել, հետեւաբար՝ ամիսներ են լինում, որ նպաստ էլ չի ստանում: «Ամսի
27-ին գնացի թաղապետարան, որ տեղեկանք վերցնեմ նպաստի համար: Կոմունալ բաժնի պետ Արիստակեսյանը չի տալիս, բայց մենք էդ նպաստով ապրող մարդիկ ենք»,- ասում է Լաուրան` ավելացնելով, որ ձմռանն իրենց ապրելակերպը սարսափելի դժվարանում է: «Ընկնում ենք փողոցներից ցելոֆան, զիբիլ, միբիլ ենք հավաքում, վառում-տաքանում ենք: Ամբողջ պատերը ջուր են, կռիշից լրիվ թափվում ա ներս, խոնավությունից մեռնում ա՝ հեն ա: Երեխայիս բժշկի չեմ տանում, որ տանեմ՝ երեւի հազար ձեւի հիվանդություն կբացահայտվի», ասում է Լաուրան, ով համարում է, որ այս շենքի բնակիչները գնչուական կյանքով են ապրում, իսկ իշխանությունները հավանաբար տեղյակ էլ չեն, որ մոռացված այս տարածքում ապրում է մոտ 150 ծայրահեղ անապահով մարդ: Ընտրությունների ժամանակ այս բնակիչներին հիշում են, թեկնածուներն այցելում, ինչպես միշտ՝ խոստումներ են տալիս, հավաքում-տանում են ընտրության ու այլեւս մոռանում են խոստումների մասին:
Րաֆֆու 111 շենքում ապրող Լաուրան այնքան է հոգնել կենցաղային հոգսերից, որ նյարդերը տեղի են տվել: Ուզում է ամեն ինչ պատմել, բայց նյարդայնանում ու չի կարողանում միտքն արտահայտել: Նրանց տան դատարկությունը բնորոշում է մոր ու աղջկա հոգեկան դատարկությունը, որովհետեւ նրանք ապրում են օրվա հոգսը հաղթահարելով: