Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի մասնակիցները եւ կազմակերպիչները, արժանացել է հատուկ ուշադրության եւ գնահատականների:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ փառատոնի կազմակերպիչը` ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայոց ցեղասպանության մասին կինոնկարն ընդգրկել էր կինոփառատոնի ծրագրում՝ շուրջ 33 միլիոնի հասնող փախստականների ծանր վիճակը աշխարհով մեկ բարձրաձայնելու համար: «Մենք այս տարի ընդգրկել ենք «Ճչացողները» կինոնկարը փառատոնի ծրագրում, քանի որ այն ներկայացնում է ցեղասպանության պատմությունը, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում Դարֆուրում՝ պատմության աչքերով»,- ասել է կինոփառատոնի տնօրեն Կիրիլ Կոնինը: Հոլիվուդյան աշխարհահռչակ կինոդերասանուհի Անջելինա Ջոլին փառատոնին ցուցադրվող ֆիլմերը բարձր գնահատականի է արժանացրել: «Կինոն կարեւոր միջոց է` ներկայացնելու համար աշխարհով մեկ սփռված փախստականների կյանքի տարբեր հանգամանքները, արվեստի այս տեսակը նպաստում է հիմնախնդիրն ավելի լավ ճանաչելուն եւ հասկանալուն»,- ասել է Ջոլին: Փառատոնի մասին պատմող ամերիկյան «Business Wire» լրատվական ծառայության արվեստի մեկնաբաններն այսպես են գնահատել Կարլա Կարապետյանի ֆիլմը. «Ճչացողները» կինոնկարը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության հիմնապատճառները, շարժառիթները՝ ներկայացվում է այս էպիկական չափերի հասնող մարդկային ողբերգության վավերագրությունը՝ Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոստ, Կամբոջայի, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ եւ այսօր դեռ չդադարած մարդկային աղետը Դարֆուրում»: Ըստ գործակալության, «Ճչացողներն» արդեն իսկ ցուցադրվել է ԱՄՆ-ի եւ Կանադայի էկրաններին, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում, բրիտանական խորհրդարանում եւ Եվրախորհրդարանում: «Business Wire»-ը հաղորդում է, որ հռչակավոր Sony ընկերությունը թողարկել է «Ճչացողները» ֆիլմը տեսասկավառակով: