Հուլիսի վերջին

05/07/2008

«Սպասվում է, որ ԱՄՆ Սենատում Հայաստանում դեսպան նշանակելու հարցը քվեարկության կդրվի հուլիսի վերջին»,- երեկ Հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Մարի Յովանովիչի թեկնածության քվեարկությունը հետաձգվել է Սենատում կայացած լսումների կապակցությամբ, որի ժամանակ թեկնածուին մի շարք հարցեր են տրվել՝ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման եւ Հայաստանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ: Հիշեցնենք, որ լրագրողները դեսպանի հարցով մեկ շաբաթ առաջ հետաքրքրվում էին կարճատեւ այցով Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեւիդ Կրամերից։ Նա հույս էր հայտնել, որ Սենատը կհաստատի Մարի Յովանովիչի թեկնածությունը։ «Սակայն մինչ այդ մենք ունենք նաեւ գործերի շատ լավ հավատարմատար: Բայց իմ տպավորությունն այն է, որ նա ավելի շատ կնախընտրեր կատարել այն աշխատանքը, որի համար եկել է այստեղ, այսինքն՝ փոխդեսպանի աշխատանքը»,- ասել էր Կրամերը, եւ ասուլիսին ներկա Փենինգթոնը հայերեն արձագանքել էր՝ «Ճիշտ է ասում»։ Այնպես որ, Ջ. Փենինգթոնի «չարչարանքներին» մնաց մոտ մեկ ամիս։