ԵԽ ԽՎ անցած շաբաթ կայացած նստաշրջանում «Ա1+» հեռուստաընկերությանը վերաբերող ԵԽ ԽՎ թիվ 11656 բանաձեւի նախագծում ՀՀ պատվիրակության անդամների առաջարկությամբ վերափոխվեց այն դրույթը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է «անհապաղ եթեր տրամադրեին» «Ա1+»-ին: Բանաձեւի վերջնական տարբերակում այդ դրույթն ամրագրվեց հետեւյալ ձեւակերպմամբ. «անհապաղ ապահովել ազատ եւ թափանցիկ լիցենզիա տրամադրելու գործընթացը»: Արդյոք ԵԽ ԽՎ այս բանաձեւից չի՞ բխում, որ մինչ այս նմանատիպ բոլոր մրցույթներն անցկացվել են «ոչ ազատ եւ թափանցիկ»: Պատասխանելով այս հարցին՝ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հրավիրված ասուլիսում, ըստ էության, խոստովանել է, որ 2002թ. «Ա1+»-ի մասնակցությամբ մրցույթը «ազատ եւ թափանցիկ» չի եղել: «Ես համաձայն չեմ, որ մրցույթները բաց ու թափանցիկ չեն եղել, բացառությամբ այն մրցույթի, որի մասին խոսք է գնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտում: Այնուամենայնիվ, քաղաքական մարմնի պահանջը շատ ողջամիտ է, որ այսուհետ մրցույթները պետք է անցկացվեն ոչ միայն այնպես, որ դրանք լինեն բաց, թափանցիկ ու արդյունավետ, նրանք պետք է նաեւ այդպիսի տպավորություն ստեղծեն: Պետք է այնպես անել, որպեսզի հանրության համար նույնպես գնահատականը լինի այդպիսին»: Եվ բանաձեւում «Ա1+»-ին վերաբերող դրույթի ներառումը, Դ. Հարությունյանի կարծիքով, հնարավորություն է ընձեռում նրան՝ հետագայում մասնակցելու այլ մրցույթների եւ հաղթել: Իսկ «Ա1+»-ի թղթակցի հարցին, թե իրենք մրցույթում հաղթելու շանս ունե՞ն, Դ. Հարությունյանը պատասխանել է. «Այո, իհարկե, ունի»: «Այնպես, ինչպես անցած 6 տարիների՞ն»,- ճշտել է «Ա1+»-ի լրագրողը: «Ոչ այնպես, ինչպես անցած 6 տարիներին. հենց դրա մասին է խոսքը ԵԽ ԽՎ բանաձեւում»,- ասել է Դ. Հարությունյանը: