Եվ նորից կոռուպցիայի մասին

05/07/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեւանում անցկացվում է կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված հերթական միջոցառումը. ֆորում, կոնֆերանս, քննարկում՝ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ մասնակցում են լիքը փողկապավոր մարդիկ՝ խելացի եւ մտահոգ դեմքերով, ներկա են պաշտոնյաներ՝ վարչապետից մինչեւ փոխնախարարներ, օտարերկրացիներ, լրագրողներ եւ, իհարկե, ֆուրշետի սեղան՝ մրգերով, հյութերով… ։

Պաշտոնական մասի ժամանակ քննադատում են կոռուպցիան, «coffee-break»-ի ժամանակ՝ մեկ բաժակ սուրճի շուրջ անկեղծ զրույցի բռնվում կոռուպցիոներների հետ՝ ասենք, քննարկում, թե ուր կարելի է գնալ հանգստանալու ամառվա շոգին։ Սա այն տիպային մոդելն է, որով արդեն երկար ժամանակ անցկացվում են կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառումները:

Այդուհանդերձ, ամենեւին չենք ցանկանում թերագնահատել այն մարդկանց աշխատանքը, ովքեր կազմակերպել էին երեկ Երեւանում տեղի ունեցած Հակակոռուպցիոն առաջին ֆորումը։ Շատ հնարավոր է, որ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրն» ինչ-որ օգուտ տա՝ գոնե հոգեբանական առումով։ Իսկ նման միջոցառումների ժամանակ հիմնականում խոսում են այն մասին, թե ինչ վատ բան է կոռուպցիան, ինչ վնասներ է հասցնում այն երկրին, որ պետք է անզիջում պայքար մղել դրա դեմ, եւ այլն, եւ այլն: Գուցե մի բանի մասին այդքան լսելուց հետո հայրենի կոռուպցիոներները հասկանան, որ դա իրոք վատ բան է։ Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ նրանք դրանից հետո կաշառք չեն վերցնի, պարզապես, երեւի, դա կանեն մեղքի զգացումով, ավելի զգույշ, ոչ այնքան բացահայտ ու լկտի ձեւով։ Չէ՞ որ դա էլ մի քայլ առաջ է։ Այսպիսով, առաջարկում ենք լինել լավատես, որովհետեւ երեկվա ֆորումին ներկա պետական պաշտոնյաները շատ ուշադիր լսում էին ելույթները, անգամ ծափ էին տալիս, մերթընդմերթ գլխով էին անում՝ ցույց տալով, որ համաձայն են հնչող մտքերին։ Ընդ որում, առավել ուշադիր ու մտախոհ հայացքով լսողները, առավել ինտենսիվ գլխով անողները հիմնականում այն մարդիկ են, ովքեր մինչեւ կոկորդը խրված են կոռուպցիայի մեջ։ Գլխով են անում, համաձայնում, հետո գնում աշխատավարձով ձեռք բերած իրենց վիլլան եւ արծաթափայլ եղեւնիների հարեւանությամբ գտնվող լողավազանի կողքին բազմած՝ խորհում են լսածների շուրջ։ Խորհում են, խորհում, ու բացահայտում կյանքի՝ իրե՛նց փիլիսոփայությունը, որը պարզ է եւ հանճարեղ. իրենց կարելի է, մյուսներին՝ ոչ։ Ժողովուրդն իրենց արդեն սովորել է, հանգիստ է վերաբերվում։ Իրենք արդեն միլիոններ են կուտակել, բայց իրավունք ունեն պատժել, ասենք, 200 դոլար կաշառք վերցրած դասախոսին։ Դա իրենց պարտքն է։

Ու երբ ասվում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը մենք պետք է սկսենք մեզանից, կարելի է հանգիստ պատասխանել՝ դասախոսն էլ մեզանից մեկն է, մեր հայրենակիցը։ Ինչ վերաբերում է խոսելուն, ապա խնդիր չկա՝ լողավազանի կողքին մեկ բաժակ սառը գարեջուր վայելելով՝ կարելի է այնպիսի հանճարեղ ելույթ մտածել, որին կնախանձեր անգամ Ցիցերոնը: Մնում է եվրոպաներից ու ամերիկաներից եկած միշտ ժպտացող մարդկանց համար ականջահաճո բառեր արտասանելը։ Քանի որ, այդ մարդիկ թեեւ ժպտում են, բայց այնքան միամիտ ու դյուրահավատ չեն, որքան մերոնք կարծում են։ Օրինակ, երեկ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին լրագրողներից մեկը հարցրեց՝ հավատո՞ւմ է արդյոք ՀՀ կառավարության անկեղծությանը, երբ վերջինիս ներկայացուցիչները խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ի պատասխան՝ դիվանագետը նախ՝ նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը շատ համոզիչ էր, դիպուկ, նա նշեց կոնկրետ թիրախները եւ այլն: Սակայն նաեւ ավելացրեց` մի բան է ասելը, այլ բան՝ գործելը։ Մի կողմ թողնենք այն, որ խոսելու հետ սեր ունեցողների մեջ ամերիկացիներն իրենց ուրույն տեղն ունեն։ Բայց Փենինգթոնի հետ էլ չհամաձայնելը դժվար է։ Քանի՜ տարի է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, քանի՜ սեմինար ու կոնֆերանս է անցկացվել, քանի գիրք ու բրոշյուր է հրատարակվել (նաեւ գրանտային միջոցներով), քանի օրենք է ընդունվել, քանի կառույց է ստեղծվել, քանի միջազգային պարտավորություն է ստանձնել Հայաստանը։ Երբեմն թվում է, թե այս ամենի վրա ծախսվող գումարներն ավելի շատ են, քան կոռուպցիայի տված վնասը, որովհետեւ ոչ մի դրական տեղաշարժ մինչ այժմ չի եղել կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ։

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այժմ ինչ-որ քայլեր կատարվում են՝ օրինակ, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրար հերթ չտալով՝ «ակտ» են գրում, գումար էլ չեն վերցնում։ Նրանց դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ նշենք, որ երբ լրագրողներից մեկը երեկ Տիգրան Սարգսյանին հարցրեց՝ ինչո՞ւ այդ քայլերը մինչ այժմ չէին արվում, նա պատասխանեց՝ կոռուպցիան միայն այսօր չի հայտնվել, նույնկերպ կարելի է հարցնել՝ ինչո՞ւ մեր նախնիները չէին պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետեւ այդ երեւույթը միշտ էլ եղել է։ Իսկ երբ հարցրին, թե ծրագրից, խոսքերից հետո ե՞րբ կանցնեն կոնկրետ քայլերի, վարչապետն ասաց, որ այդ քայլերն արդեն կատարվում են։ Այն հարցին էլ, թե արդյո՞ք ինքը բավարար է համարում մեր իրավապահ մարմինների գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարում, վարչապետը նշեց, որ եթե այսօր կոռուպցիայի խնդիրը կա, այն լուրջ է, մենք դրա մասին խոսում ենք, ուրեմն աշխատանքների մեջ թերացումներ եղել են։

Հիմա՝ այս ամենի ենթատեքստում, վերադառնանք Ճանապարհային ոստիկանությանը։ Երբ մեքենան կանգնեցնում են, եւ վարորդը կաշառք տալու անհաջող փորձից հետո հետաքրքրվում է՝ այդ ինչպե՞ս եղավ, որ փող չեք վերցնում, տեսուչը բազմանշանակ հայացքով ասում է՝ «վերեւից» չեն թողնում։ Հետաքրքիրն այն է, որ ճիշտ է ասում։ «Ուզում ես՝ ինձ գործից հանե՞ն, այ ախպեր»,- ասում է նա իրեն կաշառք առաջարկող վարորդներին՝ հասկացնելով, որ ինքը մեծ հաճույքով փող կվերցներ, բայց վախենում է։ Փաստորեն, իրավապահն արդարանում է, որ ինքը չի կարողանում խախտել օրենքը։ Սակայն կարեւորը սա չէ։ Կարեւորն այն է, որ «գայիշնիկների» փող վերցնելը գրեթե վերացել է՝ ոչ թե հատուկ քայլերի, սեմինարների, կոնֆերանսների, թրեյնինգների, հսկող տեսախցիկների եւ այլ միջոցների շնորհիվ, այլ այն պարզ պատճառով, որ «վերեւներն» արգելել են։ Սա ցույց է տալիս, որ ճիշտ են բոլոր այն մարդիկ, ովքեր թերահավատությամբ էին մոտենում Հայաստանում անցկացվող բոլոր «թիթիզ» բաներին. կոռուպցիան հաղթահարելու համար ամենակարեւոր նախապայմանը «վերեւների» դիրքորոշումն է։ Ճանապարհային ոստիկանության այս վարքագիծը բացահայտում է եւս մեկ իրողություն. եթե ոստիկանը հիմա կաշառք չի վերցնում եւ դա պատճառաբանում է «վերեւների» արգելքով, նշանակում է՝ նախկինում չեն արգելել, ավելին՝ թույլատրել են, ավելին՝ «փայ» են ունեցել այդտեղից։

Ի՞նչը փոխվեց։ «Վերեւնե՞րը» փոխվեցին Տիգրան Սարգսյանի՝ ներքին հեղափոխություն անելու կոչով։ Դժվար է հավատալ, որովհետեւ վերեւները կայուն են՝ այդ բառի բոլոր իմաստներով։ Փոխվել է այն, որ իշխանությունները հասկացել են՝ ժողովուրդը հենց այնպես չէր մասնակցում հանրահավաքների, դրա համար կան դժգոհության պատճառներ։ Եվ եթե չեն ուզում դժգոհությունը մեծանա, պետք է վերացնեն կամ գոնե ցույց տան, որ ցանկանում են վերացնել այդ պատճառները, այդ թվում՝ կոռուպցիան։

Սակայն այս «բարեշրջումների» համատեքստում իշխանությունները մոռանում են մի բան. երբ իրավապահ համակարգն իր բանուգործը թողած զբաղվում է ընդդիմադիր մարդկանց «անկեղծ զրույցների» հրավիրելով, դա ամենավտանգավոր կոռուպցիան է, որովհետեւ կոռուպցիան միայն փող վերցնելը չէ։ Երբ դատավորը դառնում է դատախազի կամակատարը, դատախազը՝ քննիչի, քննիչը՝ միլպետի, միլպետը՝ չգիտես ում բարեկամի, դրանից ավելի վտանգավոր բան չկա։ Եվ եթե ճանապարհային ոստիկանը կաշառք չի վերցնում, բայց կարող է անտեղի կանգնեցնել հանրահավաքի օրը մարզերից Երեւան եկող մեքենաները, կամ տուգանային հրապարակ տանել, դա, հավատացե՛ք, շատ ավելի վատ է, քան 1000 դրամ կաշառք վերցնելը։