«Չնայած իշխանությունները ձգտում էին, որպեսզի 1609 բանաձեւի պահանջների կատարումը բավարար գնահատվեր, ու այդ հարցը փակվեր, սակայն նրանց չհաջողվեց թաղել այդ հարցը»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Դ. Շահնազարյանը վերջերս Ստրասբուրգում կայացած ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում Հովհաննես Իգիթյանի հետ միասին ներկայացնում էր Համաժողովրդական շարժման պատվիրակությունը: Ըստ Դ. Շահնազարյանի, Ստրասբուրգում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մի շարք նպատակներ ուներ, մասնավորապես` մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված հանձնաժողովը ներկայացնել իբրեւ անկախ ու վստահություն վայելող, վերացնել դրա աշխատանքներին միջազգային փորձագետների մասնակցության վերաբերյալ պահանջը, եւ այլն: «Հարցերը 1609-ում ու 1620-ի նախագծում իմպերատիվ բնույթ ունեին, ու նպատակն էր՝ դա փոխարինել Վենետիկի հանձնաժողովի հետ ինչ-որ համաձայնությամբ, նաեւ` Սահմանադրական դատարանի որոշումը մտցնել բանաձեւի մեջ: Նախագծում պահանջ կար՝ ուղղված ՀՀ նախագահին, որը նրանց հաջողվեց փոխարինել «ՀՀ իշխանություններով», ինչը պատասխանատվությունը փոքր-ինչ թուլացրեց: Եվ, վերջապես, մարտի մեկի իրադարձությունների հետ կապված` նրանց առաջարկով բանաձեւի նախագծի որոշ կետերում մտավ մարտի 1 եւ 2: Նպատակն ակնհայտ է` երբ նշում են մարտի 1, 2, ուզում են ցույց տալ, որ այդ հանցագործությունները տեղի են ունեցել արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո: Նպատակն է՝ կոծկել մարտի մեկին իրականացրած հանցագործությունները»,- ասաց նա` ավելացնելով, որ ընդդիմության համար լավ ձեռքբերում էր բանաձեւի 9.2 կետը, որտեղ իրենց հաջողվեց մարտի մեկի հետաքննության եւ քաղբանտարկյալների հարցով ժամկետը 2009-ի հունվարից տեղափոխել այս տարվա սեպտեմբեր: «Այդ երկու հարցերը շարունակում են մնալ հրատապ: Կարծում եմ` մոտ ժամանակներս Եվրոպայի խորհրդից ներկայացուցիչներ կգան Հայաստան` քննելու իրավիճակը մարտի մեկի ու քաղբանտարկյալների հարցով: Երկարացնելով ժամկետը` ԵԽ ԽՎ-ն, Եվրոպայի խորհուրդն ամբողջովին կիսում են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության պատասխանատվությունը»,- ասաց նա: Բանաձեւի կատարման ժամկետի երկարաձգումն, ըստ Դ. Շահնազարյանի, կապված է Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտությունների հետ: «Իմ կարծիքով` ԵԽ ԽՎ-ն, ԵԽ-ն շարունակում է բալանս պահպանել ու պատրաստվում է Հայաստանի հարցը լսել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո: Իհարկե, դատապարտելի մոտեցում է, ու ԵԽ ԽՎ-ն իր այս բանաձեւով ցույց տվեց, որ եվրոպական արժեքներն իրենց համար երկրորդական են, իրենք պատրաստ են աչք փակել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա: ՀՀ պատվիրակությունն անուշադիր վերաբերմունք ունեցավ Ստրասբուրգում ընդունված Ադրբեջանի բանաձեւի նկատմամբ, որտեղ արտահայտվեց Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Այնտեղ գրված է, որ Ադրբեջանում լուրջ ժողովրդավարական առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ վերականգնված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա ՀՀ պատվիրակության համար նշանակություն չուներ, իրենց համար կարեւորը Հայաստանում ազատությունների ու ժողովրդավարության դեմ պայքարելն էր»,- ասաց նա: Անդրադառնալով նախօրեին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Դատախազության փաստաթղթի հրապարակմանը հաջորդած Քննչական ծառայության արձագանքին, Դ. Շահնազարյանը նշեց, որ դրանք ինքնախոստովանական ցուցմունքներ էին: «Նրանց համար օրենք չի գործում, Սահմանադրություն չի գործում, լրիվ բացահայտել էին իրենց ողջ էությունը: Իրենք թող հասկանան, որ այն օրենքներով, որոնք իրենց համար գոյություն չունեն, այդ նույն օրենքներով իրենք կանգնելու են դատարանի առաջ»,- ասաց նա: Մամուլում տարածվել էր տեղեկատվություն, համաձայն որի` արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում հնարավոր է՝ Դավիթ Շահնազարյանն առաջադրի իր թեկնածությունը: Ինքը` Դ. Շահնազարյանը, սակայն, դա համարում է իշխանության ներսում ծրագրավորված սադրանք: «Սադրանքներ են, ինչպես Գեւորիկը կասեր: Նույն խոհանոցում եփված, որ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է լքել Հայաստանը, եւ այլն: Նման կեղծիքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասաց նա: Դ. Շահնազարյանը նշեց նաեւ, որ հուլիսի 4-ին կայանալիք հանրահավաքն ամբողջովին համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, եւ եթե ոստիկանները փորձեն անօրինական գործողություններ կատարել, ամբողջ պատասխանատվությունը կկրեն իշխանությունները։ «Չեմ կարծում, որ նրանք նման քայլերի կգնան: Թող խելքները գլուխները հավաքեն»,- ասաց նա:
Անդրադառնալով գիտնականներից կազմված հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հնարավորությանը` Դ. Շահնազարյանը նշեց, թե դա սպասելի էր: «Մենք հայտարարում էինք, որ սխալ է ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձնել արտաքին քաղաքականության հիմնական խնդիր, դա ավելի շատ թող մտահոգի այն ուժերին` իրենց ազգայնական համարող, որոնք մինչեւ այսօր շարունակում են հլու-հնազանդ ծառայել ներկայիս իշխանությանը, փորձում են դեմքը փրկել: Առաջին հերթին Դաշնակցությանն ի նկատի ունեմ: Սա անխուսափելի հանգրվանն էր այն սխալ արտաքին քաղաքականության, որն արվել է 10 տարուց ավելի»,- ասաց նա: