ՀՀ պատվիրակության «լինգվիստիկ» հաղթանակը

05/07/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հունիսի 25-ին ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում ընդունված 1620 բանաձեւը (որն, ի դեպ, կարող է վերջինը լինել Հայաստանի համար, եթե ՀՀ իշխանությունները չկատարեն դրա պահանջները) չի փոխարինելու ապրիլի 17-ին ընդունված 1609 բանաձեւին, եւ երկու փաստաթղթերի պահանջներն էլ շարունակում են գործել:

Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Վերջնաժամկետը, որը ԵԽ ԽՎ-ն սահմանել է Հայաստանի համար` լրանում է հունվարին, սակայն, մինչ այդ, սեպտեմբերին կայանալիք ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում կառույցի Մոնիտորինգի հանձնաժողովում լսվելու է մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանում քրեական հետապնդումներին եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ՝ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը վերաբերող զեկույցը: Սակայն, ինչպես երեկ նշեց Դ. Հարությունյանը` հնարավոր է, մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից հետո՝ Մոնիտորինգի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստի ընթացքում կայացնի համապատասխան որոշումներ: Ուստի չի նշանակում, թե բանաձեւի բոլոր կետերի կատարման համար ՀՀ իշխանությունները միանշանակ մինչեւ հունվար ժամանակ ունեն: Ըստ Դ. Հարությունյանի` չի բացառվում, որ Հայաստանին վերաբերող հարցը քննարկվի նաեւ հոկտեմբերին տեղի ունենալիք ԵԽ ԽՎ նստաշրջանում:

1620 բանաձեւում ՀՀ իշխանություններին կոչ է արվում պատշաճ կատարել «Հավաքների, ցույցերի, երթերի մասին» օրենքը` ընդգծելով, որ «հատուկ ուշադրության է արժանի հավաքների անցկացման վայրը, եւ այդ առումով՝ չպետք է անհարկի սահմանափակումներ մտցվեն»: Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանն անընդհատ մերժում է Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու ընդդիմության իրազեկումները` առաջարկելով որեւէ մարզադաշտի (հունիսի 20-ին՝ «Հրազդան», հուլիսի 4-ին՝ «Վազգեն Սարգսյանի» անվան մարզադաշտերի) հարող տարածքը: Հարցին, թե արդյո՞ք քաղաքապետարանի այդ որոշումներն անհարկի սահմանափակումներ չեն, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետք է ուշադրություն դարձնենք ԵԽ պահանջներին, ընդ որում, որպեսզի ավելի պարզ դառնան բանաձեւի պահանջները, խորհուրդ եմ տալիս բոլորին, այդ թվում նաեւ՝ Երեւանի քաղաքապետին, ուշադրությամբ հետեւել բացատրական հուշագրին, որը կցված է բանաձեւում»:

Անդրադառնալով բանաձեւի այն դրույթին, որտեղ ԵԽ ԽՎ-ն՝ «հաշվի առնելով քաղաքական վիճակը, հանրային վստահության պակասը, որ առկա է այսօր ՀՀ-ում, իշխանություններին առաջարկում է դրսեւորել բարի կամք եւ ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս դադարեցվեն քրեական հետապնդումները, դրա համար օգտագործելով հնարավոր իրավական մեխանիզմները՝ լինի դա ներում, համաներում, քրեական հետապնդման դադարեցում եւ այլն», Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա ոչ այնքան իրավական, որքան քաղաքական քայլ է: Հիշեցնենք, որ բանաձեւի նախնական նախագծում ՀՀ իշխանություններին կոչ էր արվում քրեական գործերը սահմանափակել միայն բուն հանցագործություններ, բռնություններ կատարողներով, սակայն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մեր պատվիրակների առաջարկությամբ այն վերափոխվեց: «Քննարկումների արդյունքում հանգեցինք նրան, որ այստեղ պետք է անպայման հաշվի առնվեն այն անձինք, ովքեր հրամայել են, դրդել են կամ օժանդակել են բռնությունների կատարմանը: Մեր Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածը նախատեսում է, որ պատասխանատվություն են կրում նաեւ կազմակերպիչները, բայց հաշվի առնելով եւ ուսումնասիրելով այն քրեական գործերը, որ հարուցված են, այնքանով, որքանով հնարավոր է, համազեկուցողներն առաջարկություն ներկայացրին, որ «կազմակերպիչ» բառը ՀՀ օրենսդրության մեջ հստակ սահմանում չունի, եւ առավել հստակ ձեւակերպումը «հրամայել» բառն է. անձինք, ովքեր հրամայել են կատարել բռնի գործողություններ»,- ասում է Դավիթ Հարությունյանը:

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության անդամները խաբում ու հիմարացնում են եվրոպացիներին: Հակադարձելով այս հայտարարությանը, երեկ Դ. Հարությունյանն ասաց, թե իրենք ԵԽ ԽՎ-ում գործ ունեն լուրջ քաղաքական կենսագրություն ունեցող գործիչների հետ, եւ «միամիտ է կարծել, թե այդպիսի գործիչները կարող են խաբնվել»: «Նրանք շատ օբյեկտիվ մարդիկ են եւ խնդիր չունեն շողոքորթելու կողմերից որեւէ մեկին»,- նշեց Դ. Հարությունյանը` ընդգծելով հատկապես համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին եւ Ջոն Պրեսկոտին (նշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւս առանձնացրել էր նրանց): Իսկ պատվիրակության ԲՀԿ-ական ներկայացուցիչ Ավետ Ադոնցի գնահատմամբ` «ցինիզմ» է ընդդիմադիր որոշ գործիչների կողմից հնչող այն տեսակետը, թե ԵԽ ԽՎ 1620 բանաձեւում տեղ գտած պահանջների շեշտադրումների թուլացումը Հայաստանի պատվիրակության եւ ԵԽ-ի միջեւ կայացած «տորգի» արդյունք է, ըստ որի` Հայաստանը դրա դիմաց պարտավորվել է չընդդիմանալ Ղարաբաղին վերաբերող բանաձեւերի ու որոշումների կայացման ժամանակ: Հիշեցնենք, որ Ադրբեջանին վերաբերող ԵԽ ԽՎ զեկույցում ամրագրվել է, թե` «դժվար է ակնկալել ժողովրդավարության կայուն զարգացում Ադրբեջանում, քանի դեռ չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը»: «Դա ոչ թե Հայաստանի պատվիրակության, այլ ԵԽ-ի պարտությունն է, որովհետեւ այս կամ այն երկրում ժողովրդավարության զարգացումը կապել ինչ-որ գործոնների հետ, սա որեւէ կերպ չի համապատասխանում այն կանոններին ու այն մթնոլորտին, որոնք ընդունվել են ԵԽ-ի կողմից»,- ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Ա. Ադոնցը: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հայկական պատվիրակությունը դեռեւս մայիսին Կիեւում տեղի ունեցած ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի նիստի ժամանակ դեմ չի քվեարկել այդ փաստաթղթին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք առաջին փուլում բանավոր առարկություններ են ներկայացրել, իսկ հետո «համաձայնել են նախագծին, որպեսզի հաջորդ փուլում արդեն արվեն գրավոր առարկություններ»: Դ. Հարությունյանի ասելով` իրենց հաջողվել է հասնել նրան, որ նախագծում նշված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն անհնար է առանց տարածքային ամբողջականության վերականգնման» արտահայտության մեջ «անհնար է» բառը փոխարինվի «դժվար է ակնկալել» բառակապակցությամբ: