Ընդդիմության շարժումը եւ իշխանության շարժումը

05/07/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հուլիսի 4-ին (ի դեպ, ԱՄՆ Անկախության օրը) հայաստանյան ընդդիմությունը պատրաստվում է անցկացնել մարտիմեկյան դեպքերից հետո իր երկրորդ հանրահավաքը:

«Փոքրիկ երեւանցի» օպերացիայի տապալումից հետո անհասկանալի է, թե ինչո՞ւ իշխանությունները կրկին փաստացի չարտոնեցին ընդդիմության հանրահավաքը` այս անգամ ընտրության հնարավորություն տալով երեւանյան երկու մարզադաշտերի միջեւ: Այնպիսի տպավորություն է` կարծես ընդդիմության ամառային հանրահավաքների «հովանավորը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է: Իրականում Մատենադարանի մոտ կայացած հունիսի 20-ի հանրահավաքը արգելելուց, այնուհետեւ, կամա թե ակամա, թույլատրելուց հետո, բավականին անհասկանալի է դառնում, թե ո՞րն է վաղվա հանրահավաքի արգելման իմաստը: Եթե խնդիրը վախեցնելն է, ապա փորձը ցույց տվեց, որ դա այնքան էլ լավ չի ստացվում: Այդ դեպքում` ի՞նչ կարիք կա կրկին անգամ «փչացնել» ոստիկաններին, որոնք ամեն անգամ հայտարարում են, որ թույլ չեն տալու անցկացնել չարտոնված հանրահավաքը, սակայն հետո բոլորը տեսնում են, որ հանրահավաքը կայացավ «Չ ս՚ոց՚ տՏչՏՊց»:

Դեռեւս Ադամի ժամանակներից (ասում եմ՝ Ադամի, եւ ոչ թե՝ «Նիկոլի ժամանակներից», քանզի այս պարագայում ինձ կարող են սխալ հասկանալ) բոլորին է հայտնի, որ արգելված պտուղը քաղցր է: Արգելված հանրահավաքն` առավել եւս: Այստեղ կարելի է միայն մի եզրակացություն անել. քանի որ Երեւանում եւ Գյումրիում կայացած վերջին երկու հանրահավաքների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հանդեպ տրամադրված էր ավելի շատ «ընկերական, քան դուշմանավարի», իշխանություններն իրենց այս քայլով որոշել են գովազդել ընդդիմության հերթական հանրահավաքը, որտեղ, հուսով են, որ Լ.Տեր-Պետրոսյանը կփորձի էլ ավելի ջերմացնել իր «հարաբերությունները» Սերժ Սարգսյանի հետ, «տՐՌ ֆՑՏՎ» չմոռանալով՝ էլ ավելի դաժան դատաստան պահանջել Ռոբերտ Քոչարյանի համար: Ընթերցողներին հիշեցնեմ, որ մոտավորապես նույն կերպ, սկսած 2007թ. հոկտեմբերից, Ռոբերտ Քոչարյանը PR ակցիաներ էր կազմակերպում հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի, երբ օրումեջ բոլոր լրատվական հաղորդումների ժամանակ, միայն 7 րոպե, խոսում էր ռեյտինգով 5-6-րդ տեղը զբաղեցնող թեկնածուից:

Հունիսի 20-ից մի քանի օր առաջ հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ եթե ինքը լինի որոշողը, ապա ոչ միայն թույլ կտա հանրահավաքի անցկացումը, այլեւ այն կհեռարձակի «Հ1»-ի ուղիղ եթերով: Այս հարցում լիովին համաձայն եմ նրա հետ, որովհետեւ, կարծում եմ, այդպիսով՝

1. կպակասի «սպասումի էֆեկտը», եւ շատերը կգերադասեն հանրահավաքը դիտել ոչ թե հրապարակում, այլ տանը` բազմոցին նստած,

2. կբացառվեն այն «խոհանոցային եւ վարսավիրանոցային» խոսակցությունները, որոնք սովորաբար տարածվում են յուրաքանչյուր հանրահավաքից հետո` հատկապես մասնակիցների քանակի եւ հարթակում ելույթ ունեցողների խոսքերի աղավաղումների առումով,

3. ոչ ներքին, եւ ոչ էլ, առավելեւս, արտաքին քաղաքական ուժերը չեն կարող մեղադրել իշխանություններին՝ հակաժողովրդավար լինելու մեջ:

Այսքանից հետո, իրոք, անհասկանալի են հանրահավաքների շուրջ իշխանությունների այն նյարդային շարժումները, որոնք նկատվում են վերջին 20-25 օրերի ընթացքում: Թեեւ քաջ ծանոթ լինելով ներիշխանական ինտրիգներին` չի բացառվում, որ այս պատմությունը պարզապես «ինտրիգային գզվռտոցի» արդյունք է, որտեղ կոալիցիա կոչվածի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուզում է առանձին «աչոկ հավաքել» եւ իր պարտքն է համարում հայտնել «շեֆին իր հանճարեղ տեսակետը»` միաժամանակ, իհարկե, չմոռանալով «բանանի կլեպ» դնել «գործից բան չհասկացող կամ ընդդիմության հետ խաղեր տվող իր գործընկերների» ոտքերի տակ: Այլ կերպ այս ամենը բացատրել հնարավոր չէ: Առավելեւս, երբ բոլորն են տեսնում, թե որքան է տարբերվում նոր իշխանության եթերային քաղաքականությունը նախորդների «տապոռ» եթերից: Ի դեպ, նաեւ նշեմ, որ երբեմն հենց հեռուստալրագրողների միջի եղած վախն է հեռուստաեթերի փակ լինելու պատճառը: Դա կոչվում է՝ ինքնագրաքննություն: Սակայն ունենք այն, ինչ ունենք, ինչպես կասեր մեծն Թումանյանը. «… ոչինչ, օրեր են` անց կկենան, կգնան»:

Եվ քանի որ այսօր շատ խոսեցինք ընդդիմության առաջիկա հանրահավաքի, իշխանությունների քայլերի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մասին, հոդվածն ուզում եմ ավարտել մեծանուն ռուս գրող Իլյա Իլֆի խոսքերով. «Վատն է այն շախմատիստը, ով պարտիան տանուլ տալուց հետո չի հայտարարում, որ խաղի ընթացքում իր դիրքը շահած էր»: