Հայ-թուրքական հարաբերությունների մասին, հասկանալի պատճառներով, միշտ էլ շատ է խոսվել: Դրանց մասին խոսակցությունները, որպես կանոն, ընթանում են առավել զգացական հարթությունում, եւ պրագմատիզմն ակնհայտորեն ստորադասվում է: Պե՞տք է, արդյոք, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ դա ծայրահեղ անհրաժեշտ քայլ է, եւ միայն այդ պարագայում Հայաստանը կարող է բնականոն զարգացման ուղի մտնել: Մյուս մասն առավել հոռետեսորեն է տրամադրված այս հարցում` ենթադրելով կամ նույնիսկ համոզված լինելով, որ դա կործանարար կլինի Հայաստանի տնտեսության համար` իր ուղղակի ազդեցությունն ունենալով նաեւ քաղաքական խնդիրներում: Սակայն, իմ խորին համոզմամբ, բացի տնտեսական խնդիրներից, որոնք, անկասկած, նույնպես չափազանց կարեւոր են, կան բաներ, որոնց վրա անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Շրջափակում: Ըստ էության, Հայաստանի տնտեսության ոչ լիարժեք զարգացման հիմնական նախապայմաններից մեկը տնտեսական շրջափակումն է, որի պարագայում, զրկված լինելով էժան ու կարճ հաղորդակցության ուղիներից, մենք սակավ գրավիչ ենք դառնում օտարերկրյա ներդրողների համար: Եվ, այս առումով, ներդրողի համար շատ ավելի գրավիչ է դառնում ներդրումները կատարել, ասենք, Վրաստանում կամ Ադրբեջանում: Այսինքն` տնտեսական շրջափակումն իսկապես էլ լրջագույն խոչընդոտ է Հայաստանի համար: Սակայն այստեղ մի կարեւոր նյուանս կա: Շրջափակումը, ինչպես գիտենք, իրականացվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը, ըստ էության, լուրջ ազդեցություն չի թողնում Հայաստանի տնտեսության վրա, քանի որ արտաքին աշխարհ դուրս գալու հիմնական տարանցիկ ճանապարհներն այլ տարածքներով են անցնում: Տրամագծորեն այլ է պատկերը Թուրքիայի պարագայում: Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը եւ երկուստեք բեռնափոխադրումների իրականացումը ծայրահեղ կարեւոր, կենսականորեն կարեւոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար: Մյուս, չափազանց կարեւոր խնդիրը Թուրքիա-Ադրբեջան քաղաքական տանդեմն է, որի գործունեության վեկտորներից մեկը, կամ նույնիսկ հիմնականն ուղղված է հենց Հայաստանի դեմ: Հիմա փորձենք զուգահեռներ անցկացնել վերը նշվածը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կենսական անհրաժեշտությունը պայմանավորվում է հենց տնտեսական շրջափակման առկայության տեսանկյունից: Այսինքն` քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, շրջափակումը չի վերացվելու: Մենք արդեն խոսեցինք այն մասին, որ միայն ադրբեջանական շրջափակումը Հայաստանին էական վնասներ չի հասցնում: Ու եթե մենք պետք է ինչ-որ զիջումների գնանք միայն այն բանի համար, որ Ադրբեջանը վերացնի Հայաստանի շրջափակումը, ապա, մեծ հաշվով, մեզ նման «լավություն» այնքան էլ պետք չէ: Քաղաքական որոշ ուժեր, սրան զուգահեռ, նաեւ պնդում են, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, թեկուզեւ՝ մեզ համար ոչ այնքան ձեռնտու պայմաններով, կարող է լուծել կոմունիկացիոն խոշոր ծրագրերից Հայաստանի մեկուսացումը վերացնելու խնդիրը, ինչը, մեղմ ասած` մոլորություն է: Եթե նույնիսկ ենթադրենք, որ հենց վաղը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է, արդյո՞ք որեւէ բանական մարդ մտածում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները հաջորդ օրն ապամոնտաժելու են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ու այն նորից անցկացնեն` արդեն Հայաստանի տարածքով: Իրականում մեր տարածաշրջանում առկա էներգակիրների փոխադրման բոլոր հնարավոր կոմունիկացիոն ծրագրերն արդեն գրեթե ամբողջությամբ ավարտվել են կամ արդեն իսկ նախագծված են, եւ դրանցում փոփոխություն չի կարող լինել: Հետեւաբար, եթե վաղը մենք Ղարաբաղն անգամ նվեր տանք Ադրբեջանին, ոչինչ չի փոխվելու: Եվ ստացվում է, որ մեզ ասում են` զիջումների գնացեք ղարաբաղյան հակամարտության հարցում եւ ոչինչ մի ստացեք Ադրբեջանի կողմից: Միակ կողմը, որից մենք կարող ենք որեւէ բան ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունքում, ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Թուրքիան: Հենց վերջինիս կողմից իրականացրած շրջափակումն է մեզ համար ամենաէականը, հենց վերջինիս հետ տնտեսական առողջ համագործակցությունը, վերջինիս տարանցիկ ճանապարհների օգտագործումը կարող է հզոր ազդակ հանդիսանալ Հայաստանի զարգացման համար: Փաստացի, մեզ հետաքրքիր է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան: Հիմա արդյոք Թուրքիան երբեւէ հարաբերություն կհաստատի՞ Հայաստանի հետ, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը: Առաջին հայացքից` երբեք: Բայցգ Սխալ կարծիք կա, թե թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրներ են ու հենց եղբայրների պես էլ շփվում են իրար հետ: Իրականում դա մոլորություն է, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բավականին լուրջ տարաձայնություններ կան բազմաթիվ հարցերում, սկսած՝ տնտեսականից, վերջացրած՝ աշխարհաքաղաքականով: Այդ հարցերն առավել ցցուն են մասնավորապես Կասպյան ավազանի հարցում, որը, բացի տնտեսական բաղկացուցչից, իրենից նաեւ լրջագույն աշխարհաքաղաքական խնդիր է ներկայացնում: Իրականում Թուրքիա-Ադրբեջան այդ տանդեմը ձեւավորված է ընդհանուր շահի վրա, սակայն շահի, որը կարող է նաեւ փոփոխվել ժամանակի ընթացքում: Թուրքերը, մանավանդ գործարար շրջանակները, երբեք չեն թաքցրել, որ Հայաստանն իրենց համար չափազանց հետաքրքիր երկիր է՝ ոչ միայն եւ ոչ այնքան հայկական շուկայի տեսանկյունից, այլ որպես տարանցիկ ճանապարհ, որն ավելի կարճ ու էժան է, քան ադրբեջանականը: Բացի դրանից, Թուրքիան նաեւ ծայրահեղ սուր խնդիրներ ունի իր հյուսիսային շրջանները զարգացնելու հետ, ինչն ուղղակի անհնար է առանց Հայաստանի հետ սահմանի վերաբացման: Եվ հետո, արդյո՞ք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, գլոբալ առումով, որեւէ նշանակություն ունի Թուրքիայի լավ կամ վատ ապրելու համար. դժվար թե: Միակ իրական խնդիրը, որն այժմ կանգնած է թուրք-հայկական հարաբերությունների միջեւ, հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն է: Թուրքերը, սակայն, առաջարկում են այդ խնդրի պարզաբանումը հանձնել պատմաբաններին: Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ չի բացառում այդ տարբերակը: Զգացական տեսանկյունից` բացառապես խոցելի հայտարարություն է: Պրագմատիզմի տեսանկյունից` դրական տարրեր պարունակող: Ակնհայտ է, որ իրերի ներկայիս դասավորության պայմաններում թուրքերը երբեք չեն ճանաչի ցեղասպանությունը: Իսկ պատմաբանների հանձնաժողովի առկայության, նրանց աշխատանքի ու եզրակացության պարագայում թուրքերն ուղղակի այլ տարբերակ չեն ունենալու: Ի վերջո, կա՞ այսօր մարդ, ով կարծում է, թե հայոց ցեղասպանություն իրականում տեղի չի ունեցել: Կա՞ արդյոք մարդ, ով կարծում է, թե չկան բավարար ապացույցներ տեղի ունեցածն ապացուցելու համար: Հետեւաբար, եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման պարագայում ղարաբաղյան հակամարտության հարցում մեր` էական զիջումների գնալու անհրաժեշտությունը սակավ շեշտադրված է դառնում, եթե հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման միակ խոչընդոտն է, ու եթե մենք առավել քան վստահ ենք, որ ցանկացած մեկի կարող ենք ապացուցել, որ ցեղասպանության փաստն անհերքելի է, ու եթե պատմաբանների հանձնաժողովի ձեւավորումը կարող է դառնալ այս շղթայի առաջին կարեւոր օղակը, ապա ինչո՞ւ չգնալ այդ քայլին: Հասկանում եմ, որ խնդիրը շատ ցավոտ է ու լուրջ, բայց, համենայնդեպս, կարելի է գոնե քննարկել այն: Եվ ոչ թե զգացական հարթությունում, այլ՝ պրագմատիզմի սկզբունքով: Դա շատ կարեւոր է: