Ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել

05/07/2008 Արփի ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

«Որեւէ հայ չի կարող ցեղասպանության խնդիրը դնել կասկածի կամ վտանգի տակ: Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը կարեւոր է, քանի որ Հայաստանն իր հարեւանների հետ ունի խնդիրներ, ՕԵԿ-ը բազմիցս անդրադարձել է հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ կարեւորել դրանց կարգավորումը»,- անդրադառնալով անցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտնի հայտարարությանը, երեկ հրավիրված ասուլիսում նման, մեղմ ասած, տարօրինակ ու հակասական հայտարարություն արեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ըստ Հ. Բիշարյանի՝ այսօր Հայաստանում արդիական են երեք խնդիրներ՝ երկրի ներքաղաքական վիճակը, ԵԽ ԽՎ ընդունած 1609 եւ 1920 բանաձեւերի պահանջների կատարումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Անդրադառնալով վերջին կետին, նա նշեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ ունի տնտեսական հարաբերություններ: «Ունենք չվերթների խնդիր, ունենք մեծ թվով հայրենակիցներ, ովքեր աշխատում են Թուրքիայում, ունենք հանգստացողներ, սակայն չունենք դիվանագիտական հարաբերություններ, հետեւաբար՝ ունենք հարաբերությունների խնդիրներ մեր հարեւան պետության հետ, եւ Ս. Սարգսյանի մոտեցումը հարցի կարգավորման համատեքստում կարեւոր է»,- ասաց նա: Իսկ այս հարցի առնչությամբ քաղաքական շրջանակներում եւ մամուլում հնչեցվող տարբեր մեկնաբանություններն ու վերլուծությունները տկն Բիշարյանը համարում է «ոչ պրոֆեսիոնալ»: «Պետք է Ս.Սարգսյանի ելույթին նայել կոնտեքստում եւ ճիշտ մեկնաբանել, որեւէ հայ չի կարող ցեղասպանության հարցը դնել կասկածի կամ վտանգի տակ»,- ասում է Հ. Բիշարյանը: Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նախկին կարկառուն ընդդիմադիր Հեղինե Բիշարյանը, բնականաբար, անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներին եւ «դրանց վտանգավոր հետեւանքներին»: «Լավ կլիներ, որ Լ.Տ.-Պ.-ն խոսի իր հետագա ծրագրերից ու պլաններից, ոչ թե մարդկանց առաջնորդի չգիտես ուր: Մարդիկ եւ ժամանակը տվել են Լ.Տ.-Պ.-ի գնահատականը»,- ասաց Հ. Բիշարյանը, որը, իր «ընդդիմադիր» վերջին ելույթներից մեկը հնչեցրել էր հենց Լ.Տեր-Պետրոսյանի կազմակերպած «վտանգավոր» հանրահավաքում: Ըստ նրա, եթե երկրում տեղի են ունենում հանրահավաքներ, ցույցեր՝ կապված որեւէ խնդրի հետ, ապա նորմալ է եւ հասկանալի, բայց «ի՞նչ իմաստ ունի երկրի տարբեր շրջաններից ավտոբուսներով մարդկանց հավաքել-տանել մի տեղ եւ կազմակերպել բողոքի ցույց»: Տկն Բիշարյանը կարծում է, որ հասարակությունն այսօր ունի սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրներ եւ այնքան էլ հետաքրքրված չէ քաղաքական գործընթացներով:

«Գյումրիում տեղի ունեցած ընդդիմության հավաքի ժամանակ ես Գյումրիի գյուղերում էի, եւ գյուղացին հետաքրքրված էր ոռոգման ջրի խնդիրներով, բերքատվության ու իրացման խնդիրներով, ես սա ասում եմ նրանց հետ զրույցից ելնելով: Նրանք չեն հետաքրքրվում քաղաքականությամբ եւ էժան դիվիդենտներ հավաքելով»,- հայտարարեց նա՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ «հավաքները եւս քաղաքական պայքարի ձեւ են»: ՕԵԿ-ը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել «օրենքի երկիր», սակայն որեւէ քայլ չի ձեռնարկում, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն իրավապահ մարմինների այն ներկայացուցիչները, ովքեր ակնհայտ սուտ մեղադրանքներ են առաջադրել ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ, հարուցել են քրեական գործեր, սակայն հետագա դատավարությունների ժամանակ արդարացվել եւ ազատ են արձակվել: Լրագրողներից մեկի այս հարցերին ի պատասխան՝ Հ. Բիշարյանն ասաց. «Եթե երկրում մի քանի օրինախախտում է տեղի ունեցել՝ չի նշանակում, որ երկրում օրենքը վտանգված է: Մենք ասել ենք, որ կառուցելու ենք օրենքի երկիր, եւ պայքարում ենք այդ երկիրը կառուցելու համար: Ես հավատում եմ, որ կգա մի ժամանակ, որ կպատժվեն բոլոր մեղավորները»: Բնականաբար, մարտյան դեպքերի մասին խոսելիս՝ Հ. Բիշարյանը մեղավորների ցուցակի շարքում չնշեց իշխանության որեւէ ներկայացուցչի անուն: Ավելին` ի պատասխան հարցին` «արդյոք տեղի ունեցածի մեջ իշխանությունը մեղք չունի՞», նա պատասխանեց. «Ես իրավաբան չեմ եւ գնահատական տալ չեմ կարող, սակայն, կարծում եմ, որ գուցե մեղքն այն է, որ պետք էր ավելի շուտ միջամտել եւ կանխել հետագա դեպքերը»: Ըստ նրա՝ այդ իրադարձությունների հետ կապված հարցերի պատասխաններ կփորձի գտնել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը: «Ես կարեւորում եմ եւ՛ իշխանական կողմի, եւ՛ ընդդիմության մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին, ինչն այն կդարձնի առավել արդյունավետ եւ թափանցիկ»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը, ով հույս ունի, թե այդ հանձնաժողովը կարող է դառնալ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության սկիզբը: «Ես չեմ կարծում, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը մտել է փակուղի, ցանկացած ժամանակ, եթե կա հարաբերությունների կարգավորման ցանկություն, կլինի եւ համագործակցություն»,- կարծում է նա: