Հավաստիացրել են

05/07/2008

«Վրաստանի վարչապետն ու կառավարությունը հստակ գործողություններ կիրականացնեն, որպեսզի Վրաստանում չլինեն հակահայկական տրամադրություններ, ոտնձգությունների չենթարկվեն հայկական եկեղեցիները»,- երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ ավելի քան մեկ ամիս առաջ Վրաստանի վարչապետն իր հետ հանդիպմանը հավաստիացրել է, թե հայկական եկեղեցիների դեմ ուղղված ցանկացած գործողություն դատապարտելի է եւ հարիր չէ վրացիներին: «Մենք մեր հերթին եւս ունենք անելիքներ` հետեւելով, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները չվտանգվեն»,- ասել է Տ.Սարգսյանը: Հիշեցնենք, որ մայիսի վերջին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն ահազանգել է, որ Սբ. Նորաշեն եկեղեցու նկատմամբ Վրաց ուղղափառ եկեղեցու ծառայող Հայր Տարիել Սիկինչելաշվիլու կողմից իրականացվել է ոտնձգություն: 15-րդ դարի կեսերին կառուցված Սբ. Նորաշեն եկեղեցին Վիրահայոց թեմի հաշվեկշռում է եղել մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները, երբ եկեղեցին հոգեւոր այլ կառույցների հետ փակվել է կրոնական գործունեության համար եւ օգտագործվել որպես գրքի պահոց: Վրաստանի անկախության վերականգնումից հետո եկեղեցին չի վերադարձվել իր օրինական տիրոջը: Թեմում 30-ից ավելի հայկական եկեղեցի է գործում: Վիրահայոց թեմին վրացական իշխանություններն առաջարկում էին ձեռք բերել հասարակական կազմակերպության կարգավիճակ: Վրաստանը չի ընդունել «Խղճի ազատության մասին» օրենքը, որով Վիրահայոց թեմը կստանա հանրային իրավունքի կարգավիճակ եւ կտնօրինի հայկական եկեղեցիների ճակատագիրը: Իսկ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունենալու դեպքում վիճարկելի կլինի սեփականության իրավունքի հարցը, այնինչ հայկական վեց եկեղեցիների, որոնք, ի դեպ, փակ են, Նորաշեն, Սբ. Նշան, Շամխորեցոց Սբ. Աստվածածին, Մուղնու Սբ. Գեւորգ եւ Սբ. Մինաս` Թբիլիսիում ու Սբ. Նշան` Ախալցխայում, խնդիրը մնում է չլուծված: Վրաստանի իշխանություններն անարձագանք են թողել թեմի բազմաթիվ դիմումներն ու հորդորները՝ եկեղեցիները թեմին վերադարձնելու վերաբերյալ: Օրենքի ընդունմամբ Վրաստանում այլ կրոնական համայնքները, այդ թվում` Վիրահայոց թեմը, իրավական կարգավիճակ կստանան: