ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ պաշտոնական գրությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին է ներկայացրել ՀՀ ընտրական օրենսդրության բարելավմանն ուղղված 21 էջից բաղկացած իր առաջարկությունները:
Ա. Հարությունյանը նշում է, որ ներկայացրած առաջարկությունների նպատակն է՝ բարելավել ընտրական վարչարարությունը` ընտրական գործընթացն անհարկի իրավական շահարկումներից զերծ պահելու համար: Նա իր առաջարկների հիմքում հաշվի է առել 2007թ. ԱԺ եւ 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում առաջացած խնդիրների այն ցանկը, որոնք «հաճախ չարդարացված, ստվեր են գցում ընտրական գործընթացի վրա»: Պաշտպանի առաջին առաջարկությունը վերաբերում է «ընտրական գործընթացի պատշաճ վարչարարության ապահովման կարեւորագույն նախապայմաններից մեկին` անկախ եւ անկողմնակալ ընտրական հանձնաժողովների առկայությանը»: «Այս առումով պետք է նշենք, որ թեեւ ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը վերաբերող դրույթներն արժանացել են միջազգային կառույցների դրական գնահատականին, այնուամենայնիվ, ինչպես 2007թ. ԱԺ, այնպես էլ 2008թ. նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքները վկայում են այդ դրույթների հետագա քննարկման եւ վերանայման անհրաժեշտության մասին»,- նշված է օմբուդսմենի առաջարկությունների փաթեթում: Ըստ Արմեն Հարությունյանի, փորձը ցույց է տվել, որ ընտրական հանձնաժողովների ձեւավորման քաղաքական սկզբունքն ի զորու չէ ապահովելու ընտրական գործընթացի պատշաճ վարչարարություն: Ուստի, որպես ելք՝ նա առաջարկում է հետեւյալը. «Վարչական մարմինները կարող են իրականացնել ընտրական վարչարարություն, իսկ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներից կամ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների ներկայացուցիչներից ձեւավորված դիտորդական հանձնաժողովները` վերահսկողություն համապատասխան մարմինների գործունեության նկատմամբ»: Օմբուդսմենի հաջորդ առաջարկը վերաբերում է քվեարկության արդյունքների վերահաշվարկին: Քանի որ վերահաշվարկի աշխատանքներն ԸԸՀ-ում դադարեցվում են քվեարկության օրվանից 5 օր հետո` ժամը 14:00-ին, փաստորեն, ըստ նրա` առանձին դեպքերում նշված ժամկետային սահմանափակման առկայության պատճառով քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի ոչ բոլոր դիմումները կարող են բավարարվել: Ա. Հարությունյանի դիտարկմամբ` թերեւս, հարցն այդքան վիճահարույց չէր լինի, եթե Ընտրական օրենսգիրքն ամրագրեր, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկն իրականացնում են ոչ թե ըստ դիմումների մուտքագրման հաջորդականության, այլ բավարարում են վերահաշվարկի պահանջ ներկայացրած բոլոր թեկնածուների դիմումները` որոշակի համամասնությամբ, կամ էլ սահմանվեր, որ առաջնահերթ քննարկվում են առավել շատ ձայներ հավաքած թեկնածուների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները:
Արմեն Հարությունյանը գտնում է, որ պետք է վերականգնվի ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող, բայց քվեարկության օրն արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի իրականացման հնարավորությունը: «Մեր համոզմամբ, նրանց ընտրելու իրավունքի նման սահմանափակումը չի կարող արդարացված համարվել: Խոսքը հատկապես վերաբերում է տասնյակ-հազարավոր արտագնա աշխատողներին, որոնց ընտանիքների անդամները բնակվում են ՀՀ-ում: Վերջին հանգամանքը պայմանավորում է այն, որ հիշատակված արտագնա աշխատողների կենսական շահերի կենտրոնը ՀՀ-ն է, եւ, հետեւաբար, նրանք պետք է հնարավորություն ունենան քվեարկելու երկրի տարածքից դուրս»,- գտնում է Մարդու իրավունքների պաշտպանը:
Ի դեպ, պաշտպանի առաջարկությունների փաթեթում առաջարկ կա նաեւ ԶԼՄ-ներում նախընտրական քարոզչության իրականացման ընթացակարգերի կարգավորման վերաբերյալ: «Հաշվի առնելով 2007թ. ԱԺ եւ 2008թ. նախագահի ընտրությունների համատեքստում հեռուստատեսությամբ եւ ռադիոյով նախընտրական քարոզչության լուսաբանման պրակտիկան, գտնում ենք, որ անհրաժեշտություն կա առավել մանրամասն կանոնակարգելու լրատվական հաղորդումներում նախընտրական քարոզարշավի լուսաբանման գործընթացը՝ սահմանելով հստակ չափորոշիչներ»: Օմբուդսմենը նաեւ նշում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում տուգանքներ են նախատեսված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների համար»: Առանձնացնելով օրենքի համապատասխան հոդվածները` Արմեն Հարությունյանն ընդգծում է. «Հաշվի առնելով ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության նշանակությունը եւ դրա հետեւանքները եւ կարեւորելով նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը, գտնում ենք, որ անհրաժեշտ է հեռուստառադիոընկերություններին լիցենզիայից զրկել, ոչ միայն մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական տույժի ենթարկվելուց հետո խախտում կատարելու դեպքում, այլեւ տարվա ընթացքում մեկ անգամ վարչական տույժի ենթարկվելուց հետո կրկին անգամ խախտում կատարելու դեպքում, եթե դրանք կամ դրանցից որեւէ մեկը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում է: Բացի այդ, գործնականում հնարավոր է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների դեպքում անգործություն ցուցաբերի եւ պատասխանատվության չենթարկի իրավախախտներին: Նման պարագայում թեկնածուների մոտ իրավունք է ծագում դիմել ՀՀ վարչական դատարան՝ բողոքարկելու հանձնաժողովի անգործությունը»:
Քանի որ այս դեպքում հնարավոր է՝ խնդիրներ ծագեն Վարչական դատարանում ողջամիտ ժամկետներում հայցերը լսվելու հարցում, Արմեն Հարությունյանն առաջարկում է. «Ընտրությունների եւ հանրաքվեների մասին ՀՀ օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու, ինչպես նաեւ՝ նախընտրական քարոզչության մեկնարկից հետո հեռուստառադիոընկերությունների կողմից օրենսդրության պահանջների խախտման եւ դրանց արդյունքում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ցուցաբերած անգործության դեպքերում Վարչական դատավարության օրենսգրքով սեղմ ժամկետներ նախատեսվեն նմանատիպ գործերի քննության եւ լուծման համար (ասենք, օրինակ, հայցադիմումը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում)»: Օմբուդսմենը գտնում է, որ փոփոխության պետք է ենթարկվի ԸՕ-ի 111-րդ հոդվածը, համաձայն որի՝ ընտրությունների ժամանակահատվածում ԱԺ՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: «Արձանագրվել է դեպք, երբ մինչեւ պատգամավորության թեկնածու գրանցվելը կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է առանց ԿԸՀ-ի համաձայնության: Գտնում ենք, որ նման մեկնաբանությունը համահունչ չէ նշված դրույթի սահմանման նպատակի հետ: Անհրաժեշտ ենք համարում ՀՀ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխության կատարումը՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեպքում ԿԸՀ-ի համաձայնությունը ստանալու պահանջը հստակ սահմանելու նպատակով (խոսքն այն դեպքերի մասին է, երբ անձը կալանավորվել է մինչեւ որպես թեկնածու գրանցվելը)»:
Արմեն Հարությունյանի մյուս առաջարկը վերաբերում է երկքաղաքացիների ընտրական իրավունքին. «Հարկ է նշել նաեւ, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքով՝ հատկապես շեշտվել է այն հանգամանքը, որ եթե պետությունն ընդունում է երկքաղաքացիության իրավունքը, ապա երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները»: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկներ է ներկայացրել նաեւ նախընտրական քարոզչության իրականացման ձեւերի եւ տեսակների, քարոզչական պաստառների կամ այլ նյութերի օգտագործման կարգի եւ այլ խնդիրների հետ կապված: