«Գյադեք, էս կողմ անցեք, գյադեք, էն կողմ անցեք»

05/07/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր երկրում տեղի ունեցող շատ երեւույթներ այլեւս զարմանալի չեն: ՀՀ Սահմանադրության բազմաթիվ դրույթներ իրականում ձեւական բնույթ են կրում: Սահմանադրությամբ ամրագրված է` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Ավելին` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Հայաստանում հարաբերական է նաեւ ժողովուրդ հասկացությունը, որովհետեւ իշխանության համար ժողովուրդն ազգությամբ հայ մարդու փաստացի ամբողջական թվաքանակն է: Այսօր մեր երկրում հազարավոր մարդիկ զրկված են տարրական` գրանցման եւ անձնագիր ստանալու իրավունքից, հետեւաբար՝ որպես ժողովուրդ, վերոնշյալ զանգվածը չի կարող օգտվել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից: Դրա վառ ապացույցը կներկայացնենք ստորեւ: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը հայտարարում է, թե ՀՀ ազգաբնակչության աղքատությունը կազմում է 49%, մինչդեռ կարող ենք հարյուրավոր օրինակներ նշել, երբ աղքատության այդ ցուցանիշի մեջ ներառված չեն գրանցում կամ անձնագիր չունեցող մարդիկ: Այսինքն` աղքատության ցուցանիշը կազմվում է Հայաստանի այն ազգաբնակչության կենսամակարդակով, որի մեջ միանշանակ չկան գրանցումից եւ անձնագրից զրկված մարդիկ:

Րաֆֆու 111 փողոցում գտնվող չորսհարկանի հանրակացարանում ապրող 41 ընտանիքները բառացիորեն չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից միայն այն պատճառով, որ ՀՀ իշխանությունն այս մարդկանց չի ցանկանում ճանաչել: Այսինքն` իշխանությունը նրանց՝ որպես ժողովուրդ, քաղաքացի չի ճանաչում, հետեւաբար, նրանք էլ որպես ժողովուրդ չեն կարող սահմանադրական իրավունքները վերականգնելու պահանջատեր լինել: Այս հասցեն գտնվում է Փարաքարի մայրուղուց դեպի նախկին «Ռոբոտների»` «Մարս» գործարան տանող ճանապարհին, որն, ի դեպ, անմարդաբնակ, աղբավայր հիշեցնող տարածք է: Այս տարածք, որպես կանոն, չեն մտնում երթուղային տաքսիներ, տաքսիներ, շտապօգնության մեքենա, եւ նույնիսկ 41 ընտանիքների կուտակած ամենօրյա աղբահանությունը չի կատարվում: Հանրակացարանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մինչդեռ համայնքային իշխանությունը սկզբունքորեն չի ցանկանում ճանաչել այս բնակիչներին՝ որպես Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ:

Բանն այն է, որ «Մարս» գործարանի տարածքում գտնվող այս հանրակացարանը, ճիշտ է, իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց հողատարածքն, այնուամենայնիվ, համեղ պատառ է: 41 ընտանիքները զրկված են տեղեկանք, անձնագիր ստանալու, բժշկական, սոցիալական ծառայություններից օգտվելու իրավունքից: Վերջին 10-15 տարիների ընթացքում ծայրահեղ աղքատության մեջ, անօթեւան վիճակում հայտնված ՀՀ որոշ քաղաքացիներ հանգրվանել են այս շենքում: «Բոլորս էլ աղքատ, անտուն, մուրացկանի կյանքով ապրող մարդիկ ենք, որոնք անճար ու անօգնական վիճակից են եկել էս շենք: Այսինքն` մահից փրկվելու համար ծվարել ենք էստեղ»,- ասում են բնակիչները: Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ մարդու կյանքը բարձրագույն արժեք է: Մալաթիա-Սեբաստիա համայնքապետարանից ասում են, որ հանրակացարանը պատկանում է «Ռոբոտների» գործարանին, իսկ գործարանի ղեկավարությունն էլ, իր հերթին, բնակիչներին ուղղորդում է թաղապետարան` ասելով, որ իրենց տարածքն է:

Շենքի բնակիչ Լաուրա Գալստյանն արդեն 9 տարի ապրում է մի կիսաավերակ սենյակում` «Ոչ մի տեղեկանք չենք կարողանում վերցնել, նպաստի համար էլ չենք կարողանում տեղեկանք վերցնել: Էս ժողովուրդն անտուն, անտեր, թափառական մարդիկ են, չենք կարողանում ապրել: Ես փաստացի գրանցում ունեմ, բայց բնակիչների մեծամասնությունը չունեն: Անհույս ապրում ենք, գնում ենք տեղեկանք վերցնելու՝ թաղապետարանն ասում է` մեզ չեք պատկանում, իսկ «Ռոբոտների», գործարանն էլ իր հերթին ասում ա` մեզ չեք պատկանում: Ասում են` որտեղից եկել եք, էնտեղից էլ տեղեկանք ուզեք, բայց որտեղի՞ց ենք եկել` փողոցներից: Մենք, փաստորեն, Հայաստանի քարտեզում չկանք: Ասում են` գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»: Բնակիչների պատմելով` «Ռոբոտների» գործարանի ղեկավարությունն ասում է, թե հողատարածքն իրենց է պատկանում, իսկ շենքը` թաղապետարանին, հետեւաբար՝ բնակիչներին խորհուրդ են տալիս` «Կարա՞ք` շենքը վերցրեք-տարեք ուրիշ տեղ ու ապրեք»: Չորսհարկանի այս շենքում ծայրահեղ անապահով պայմաններում ապրում է մոտ 150 մարդ, որոնք չկարողանալով ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր` ի զորու չեն օգտվել առողջապահական, սոցիալական, իրավաբանական որեւէ ծառայությունից: Օրինակ` Նաիրա Պետրոսյանը նորածին թոռնիկի համար պետության կողմից տրամադրվող 100.000 դրամը Սոցիալական ծառայությունից մինչեւ հիմա չի կարողանում ստանալ` բնակության վայրից տեղեկանք չներկայացնելու պատճառով: «Իսկ թաղապետարանի Կոմունալ վարչության պետ Նուբար Արիստակեսյանն անգամ չի էլ ընդունում մեզ»,- ասում է Ն. Պետրոսյանը` վստահեցնելով, որ իրենց հորդորում են, թե հուլիսի 5-ից նոր թաղապետի պաշտոնավարումից հետո իրենց հարցը կվերանայվի:

Պոլիկլինիկայի բժիշկներն այս շենքի բնակիչներով ընդհանրապես չեն հետաքրքրվում, մանկահասակ երեխաները տարատեսակ ինֆեկցիաներով, վարակներով հիվանդանալուց երաշխավորված չեն: Ժամանակ առ ժամանակ շենքում մահվան դեպք է լինում, իսկ հանգուցյալին ստիպված են լինում օրերով, շաբաթներով տանը պահել, քանի որ, տեղեկանքի բացակայության պատճառով՝ գերեզմանատանը նրանց տարածք չեն հատկացնում: 74-ամյա Շուշան տատը ձեռնափայտով մի կերպ տեղաշարժվելով՝ մոտենում ու ասում է. «Ես շատ եմ վախենում մեռնելուց, որովհետեւ, որ մեռնեմ՝ ինձ չեն կարա թաղեն, տեղ չեն տագ»: Տարեցները կենսաթոշակ ստանում են 10-15 տարի առաջ ապրած բնակավայրերից, այլապես այս հասցե տեղափոխվելուց՝ կզրկվեին թոշակից: Այս հանրակացարանում ապրող չափահաս դարձած, զինվորական ծառայության ենթակա երիտասարդներին մեր պետությունն անձնագիր չի տալիս, բայց պարտաճանաչ կերպով ուղարկում է զինծառայության: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն այս երիտասարդների անձը չի ճանաչում, բայցեւ նրանց ուղարկում է Ղարաբաղ` սահմանները պաշտպանելու: Նաիրա Պետրոսյանը երեք տղա ունի. «Արթուրիս համար տեղեկանք չտվեցին, որ անձնագիր հանենք: Երբ ծառայության ժամկետը մոտեցավ, առանց անձնագրի ես իրեն ներկայացրի Զինկոմիսարիատ, որ տանեն բանակ, պրոբլեմներ չլինի: Արտակիս էլ՝ առանց տեղեկանք, առանց անձնագրի, տարան Ասկերան: Ասում են` թող ծառայի, գա, նոր անձնագիր կտանք, բայց խաբում են»:

Սա բավական խորամանկ քայլ է, որովհետեւ, եթե, Աստված մի արասցե, պատերազմական իրավիճակում այս տղաներից մեկը զոհվի, ապա վիճակագրության մեջ այս երիտասարդները ոչ եղել, ոչ էլ զոհվել են: Կարեն եւ Արմեն Տոնոյան զույգ եղբայրները նոր են ավարտել զինվորական ծառայությունը: Ծառայել են Ղարաբաղում։ «Ասեցին` ծառայեք, եկեք՝ անձնագիր կտանք, բայց խաբեցին, չեն տալիս: Գնացել էինք անձնագրային բաժին, ասեցին՝ բնակության վայրից տեղեկանք բերեք, բայց տեղեկանք ոչ թաղապետարանն ա տալիս, ոչ էլ «Ռոբոտների» գործարանը: Հիմա գնում ենք, որ աշխատանքի ընդունվենք` չեն ընդունում, անձնագիր են ուզում, իսկ սենց ապրել հնարավոր չի»,- ասում է Կարենը: Ի դեպ, տեղեկանք չտրամադրելու պատճառով այս ծայրահեղ անապահով ընտանիքներից շատերն ընտանեկան նպաստից զրկվում են: Շենքի ամենաանապահով՝ 6 երեխա ունեցող ընտանիքը նպաստ չի ստանում: Այս կիսաավերակ հանրակացարանը 4-րդ կարգի վթարային է, հետեւաբար, բնակիչների անվտանգությունն էլ խիստ վտանգի տակ է, մինչդեռ. «Մենք էս պայմաններում էլ կապրենք, մենակ թե մեզ ճանաչեն որպես բնակիչներ, ու կարողանանք օգտվել մեր իրավունքներից: Էստեղ կռիսանոց ա, խոլերայի բուն, եթե մեր իրավունքները ճանաչեն, սեփականաշնորհեն` գոնե մեր չնչին հնարավորություններով շենքը մի քիչ կարգի կբերենք: Չորրորդ հարկի տանիքի վրա ցելոֆան ենք փռել, որ անձրեւների ժամանակ սելավի տակ չմնանք: Ինչքան զոնտիկ, թաս-մաս ունենք՝ պահում ենք, որ չթրջվենք: Ամբողջ պատերը, առաստաղը ջուր ու խոնավ ա, հիվանդությունների բուն ա»: Մանկահասակ երեխաները պարբերաբար չորրորդ հարկի աստիճաններից գլորվում են առաջին հարկ` գլխի շրջանում տարբեր հարվածներ ստանալով: Պատճառը փլատակ աստիճաններն են, որոնց վրայով քայլելիս թվում է՝ ուր որ է գլխիվայր շրջվելու ես: Մեկ ամիս առաջ գիշերն առնետը կրծել է քնած Մարիամի քիթը: Երեխան ծանր սթրեսից մեկ շաբաթ չի կարողացել խոսել, իսկ հիմա կակազելով է խոսում: «Ինչքան էլ անցքերը փակում ենք, մեկ ա` տանը լիքը կռիս ա: Գիշերն երեխու ղժոցից արթնացա՝ տեսնեմ կռիսը դեմքի վրա, քիթը կրծել էր: Վախից լեզուն կապ էր ընկել»,- ասում է երեխայի մայրը:

Րաֆֆու 111 շենքի մոտ 20 բնակիչներ առանձին նամակներով դիմել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին` խնդրելով հետամուտ լինել իրենց խնդրին: Ա. Բախշյանը, տեւական ժամանակ է, զբաղվում է այս բնակիչների հարցերով: Երեկ մենք խնդրեցինք մեկնաբանել, թե տիկին Բախշյանը մասնավորապես ո՞ւմ է դիմել, եւ ի՞նչ արդյունք է եղել իր միջամտությունից հետո։ «Րաֆֆու 111 «Մարս» գործարանին պատկանող հրշեջ դեպոյի շենքում ապրում է 41 ընտանիք: Բնակիչները չունեն կարգավիճակ, հետեւաբար՝ հազար ու մի խնդիր ունեն բնակավայրից տեղեկանք ստանալու պատճառով: Ես հանդիպեցի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի տեղակալ Սամվել Հարթինյանի հետ: Նա ասաց, որ, եթե այդ շենքը տրվի համայնքին, ապա դուք էլ կօգնեք մեզ, որպեսզի այդ ընտանիքները կադաստրի հետ կապված խնդիրները կարողանան լուծել, եւ մենք պատրաստ ենք այդ տարածքն ըստ քմ-ների բաժանել բնակիչների միջեւ, ինչպես նաեւ՝ ապահովել քիչ թե շատ տանելի պայմաններով: Այսինքն` նա խոստացավ»,- նշեց տիկին Բախշյանը, ով հանդիպել է նաեւ «Մարս» գործարանի տնօրենի պաշտոնակատար Լեւիկ Ավետիսյանի հետ: Պարզվում է` գործարանը Ռուսաստանին գույք պարտքի դիմաց տրամադրելու ժամանակ՝ հարակից հսկայական տարածքը նույնպես տրվել է ռուսական կողմին, որի մեջ է մտնում նաեւ վերոնշյալ 4 հարկանի շենքը: «Տարածքը ռուսների սեփականությունն է, եւ Հայաստանը չի կարող տնօրինել, բայց տարիների ընթացքում նրանք մեր պետությանը կուտակել են գույքահարկ, հողահարկ: Լ. Ավետիսյանն ասաց, որ արդեն ռուսական կողմն էլ է եկել այն եզրակացության, որ այդ հսկայական հարկերը չեն կարող մարել, շատ մեծ բեռ է, իսկ գործարանը համարյա արտադրություն, շահույթ չունի: Իրենք մտածում են այդ տարածքները վերադարձնելու մասին»,- ասաց տիկին Բախշյանը, ով խոսել է նաեւ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի հետ: Վերջինս հաստատել է այն տեղեկությունը, որ ռուսական կողմն ուզում է այդ բեռը թեթեւացնել, հետեւաբար՝ լուրջ բանակցություններ են ընթանում այդ գործողությունը կատարելու ուղղությամբ: Այնուամենայնիվ տիկին Բախշյանը նկատում է, որ թե՛ համայնքային իշխանությունների, թե՛ Էկոնոմիկայի փոխնախարարի եւ թե՛ գործարանի ղեկավարության կողմից այս հարցը լուծելու պատրաստակամություն կա, իսկ մենք հետեւողականորեն կներկայացնենք, թե որքանով այդ բարի կամքի դրսեւորումը կվերաճի գործնական քայլի: