Ինչպես հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, մայիսի
14-ին Թեհրանում Հայաստանը եւ Իրանը համաձայնության են եկել երկու
երկրների ընդհանուր սահմանին 2 էլեկտրակայան կառուցելու մասին: Որոշումը
կայացվել է Միացյալ տեխնիկական հանձնաժողովի 7-րդ հանդիպման ժամանակ, որին
ներկա են եղել Իրանի ջրային եւ էներգետիկ ռեսուրսների ընկերության
ղեկավարի տեղակալ Նասեր Նամատին եւ Հայաստանի էներգետիկայի փոխնախարար
Կարեն Սարգսյանը: Հանդիպման ժամանակ Նամատին ասել է, որ Իրանը եւ
Հայաստանն ունեն 40 կմ ընդհանուր սահման Արաքս գետի երկայնքով, եւ 2
երկրները որոշել են օգտագործել այդ հիդրոէներգետիկ պոտենցիալը: Նամատին
նաեւ նշել է, որ համաձայնագրի համաձայն՝ 1-ին էլեկտրակայանը, որը կունենա
130 մվտ հզորություն, կկառուցվի Հայաստանի տարածքում, որի համար կպահանջվի
կառուցել 18,3 կիլոմետրանոց թունել: 2-րդ` 140 մվտ հզորությամբ կայանը
կկառուցվի Իրանի տարածքում, որի համար կպահանջվի կառուցել 17,5
կիլոմետրանոց թունել: 2-րդ նախագծի 1-ին փուլի նախնական
ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Երկու կողմն արդեն ստորագրել են
հարցին վերաբերող 5 փաստաթղթեր: