Ազատությունը լավ բան է, բայց գիտությունն ավելի լավ բան է, ըստ իս։ Ազատությունը միակ կատեգորիան չէ, որով կարելի է կամ պետք է ապրել։ Ազատությունն արժեւորվում է այն դեպքում, երբ հավասարության նշան է դրվում նրա եւ պատասխանատվության միջեւ։ Նույն կերպ եւ՝ ցանկացած կատեգորիա. ամեն ինչ արժեւորվում է որոշակի դաշտում, եւ որեւէ բան ինքնին ոչինչ չի նշանակում: Խնդիրն այն է, թե ինչն ենք ինչի կողքին դնում, ինչպես ենք անում դա։
Դեռ խորհրդային ժամանակներից մեր գիտական լեզուն հիմնականում հենվել է թարգմանական գրականության վրա, որը չի ձեւավորել ինքնուրույն լեզվական մտածողություն: Սա լուրջ խնդիր է: Մարդն ինչքան էլ տիրապետի օտար լեզուների, մայրենին մնում է այն գլխավոր երակը, որից սնունդ է առնում նախածին միտքը, այլ դեպքերում նա աշխատում է պատվաստի վրա, որը հաճախ տեղապտույտ է տալիս։ Ցավոք, ազատությունը եւս մեզ համար դարձավ ձեռքբերովի մի բան, քանի որ չգիտենք ինչ անել նրա հետ (կամ որտեղ կապել նրան, որ չխանգարի)։ Ազատությունը հատկապես անհրաժեշտ է գիտությանը, սակայն անհրաժեշտ է խորքով եւ ոչ լայնքով, անհրաժեշտ է ոչ թե նրա համար, որ ով ասես ոտք դնի այդ ասպարեզ եւ իր կամքը թելադրի, այլ, որ այդ ասպարեզ մտնողը հաշվի առնի իր ուր մտնելը։ Մի կողմից՝ բողոքում ենք ընթերցողների պակասից, սակայն մյուս կողմից էլ՝ ընթերցողի սեղանին շուտասելուկի պես միմյանց ետեւից խոտան ենք նետում։ Շուկան այսօր հեղեղված է ամեն տեսակ գրքերով եւ հատկապես ուսումնական ձեռնարկներով. ինչ-ինչ, բայց ուսումնական ձեռնարկներն այս կամ այն կերպ ստիպված են թերթել (թեկուզ այն բանի համար, որ տվյալ դասախոսի հեղինակածն է, եւ դասախոսն էլ քննություն է վերցնում միայն ըստ իր հեղինակային գրքի, իսկ գիտությունը ոչ մի կապ չունի. մարդը կարող է առարկան շատ լավ իմանալ կամ այլ դասագիրք ընտրել, ավելի պարզ ու մատչելի, ավելի գրագետ, սակայն դա ոչ մի տեղ չի անցնի)։ Զավեշտալին այն է, որ այս ձեռնարկներն էլ հիմնականում այլ լեզուներից թխված տարբերակներ են, բազմաթիվ թարգմանական, խմբագրական եւ սրբագրական վրիպակներով։ Նման ձեռնարկների հեղինակները լռության մեջ մենակ աշխատելիս (թող ներվի ասել՝ նաեւ ուրիշի մտքերը գողանալիս) մոռանում կամ անտեսում են այն հանգամանքը, որ, ի վերջո, իրենց թաքուն գործերը լույս աշխարհ են գալիս, եւ ընթերցողն այնքան հիմար կամ անտեղյակ չէ, որ չկռահի բանի էությունը (նույնիսկ ամենաանտեղյակ եւ ծույլ ընթերցողն իսկույն նկատում է կեղծիքը): Գիրքը լույս տեսնելուց հետո հեղինակն այլեւս մենակ չէ եւ ոչ էլ մութ անկյունում: Նրա դեմ դիմաց բազմաթիվ ընթերցողներ են, եւ դրանց մեջ թեկուզ մեկը հաստատ իրենից խելոք է (սա այն օրենքն է, որ ոչ մի հեղինակ չպետք է մոռանա եւ պետք է հաշվետու լինի հենց այդ ընթերցողի առաջ եւ կողմնորոշվի միակ ընթերցողի չափանիշով՝ նրա, որ իրենից բարձր է. միայն այդ դեպքում կարող է լավ գիրք ծնվել, այսինքն, երբ գրողի ազատությունը հանդիպի ընթերցողի առջեւ պատասխանատվության զգացմանը)։
Ցավոք, այսօր գրքեր հրատարակում են միայն նրանք, ովքեր ունեն դրա ֆինանսական հնարավորությունը, եւ հրատարակում են օրումեջ, առանց տքնանքի ու պատասխանատվության (լսել են, որ գիրքը լավ բան է, բայց թե ինչո՞ւ, ո՞րն է նրա դերը, չգիտեն: Ավելի ճիշտ՝ գիտեն, թե գիրքը փառքի սանդուղք է յուրաքանչյուրի համար, ում անունը գրվում է թղթին, սակայն այդ սանդուղքն ինչպես ապահովում է վերելք, այնպես էլ վայրէջք է նրանց համար, ովքեր տիրաժավորում են իրենց անգրագիտությունը)։ Ամերիկայի պես ազատության չափանիշ երկրում հեղինակավոր «Նյու Յորք թայմս» օրաթերթը դեռեւս նախորդ դարասկզբին հեղինակներին տուգանք սահմանեց յուրաքանչյուր վրիպակի համար, եւ մինչ օրս լեզվի հանդեպ որեւէ օրինախախտում այդ մեծածավալ ու բազմատիրաժ թերթում չի արձանագրվել (այսինքն՝ ազատությունն այնտեղ է, ուր գործում ու հարգվում են օրենքները)։ Ինչպես մարդիկ, այնպես էլ ազգային արժեքներն իրավունքների պաշտպանության կարիք ունեն, եւ այդ արժեքները պետք է պաշտպանվեն պետականորեն, օրենքով։ Եթե մեկն ինչ-որ մեկի, ասենք, գույքը փչացնում է, նրան, սահմանված կարգով, պատասխանատվության են ենթարկում, իսկ երբ տասնամյակների ընթացքում ծաղրվում, վարկաբեկվում, ոտնահարվում են մեր լեզվի իրավունքները, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։
Ուսումնական ձեռնարկներն ու գիտական աշխատությունները (այդ թվում եւ՝ բուն լեզվի վերաբերյալ) լույս են տեսնում ոչ միայն անթույլատրելի վրիպակներով, այլեւ խրթնաբանությամբ: Ասենք, մեկ նախադասությունը կարող է զբաղեցնել կեսէջանոց պարբերություն, այնպես, որ մինչեւ հասնում ես վերջին, սկիզբը մոռացվում է։ Այնինչ, գիտության լեզուն պերճախոսության լեզու չէ, այն պետք է լինի պարզ, ստույգ եւ հնարավորինս հակիրճ. խճողաբանությունը խանգարում է ընկալել բուն նյութը, եւ հաճախ առարկան բարդանում է ոչ այն պատճառով, որ ինքնին բարդ է, այլ ուղղակի լեզուն չի համապատասխանում առարկայի պարզաբանման խնդրին։
Գոյություն ունի Գիտությունների ազգային ակադեմիա, որն էլ ունի առանձին գիտական ճյուղերի համակարգված ցանց, սակայն ոչ միայն տվյալ ճյուղի շրջանակում չի լուծվում սույն խնդիրը, այլեւ չկա փոխադարձ համագործակցություն։ Թե ինչ արտոնագրով է գիրքը մտնում բուհական համակարգ, անհայտ է: Ձեռնարկների վրա ընդամենը մեկ-երկու ստորագրություն կա, այսինքն՝ գրքի արտադրման մշակույթը դադարել է այդպիսին լինելուց (չկա սրբագրիչ ու խմբագիր, մասնագետ խմբագիր, ներքին գրախոսության վկայական), Լեզվի ինստիտուտը չի մասնակցում գիտական գրականության հրատարակման գործին, այնինչ դա պետք է լինի համատեղ արտադրանք, մեկը մյուսին լրացնելով։ Ի վերջո, պետք է մշակվի գիտական լեզու, եւ Ազգային ակադեմիայի ստորագրության առկայությունը գրքում ընթերցողի համար պետք է որակի երաշխիք լինի: Նման պարագայում, եթե Ազգային ակադեմիան շահագրգռված լինի իր հեղինակության խնդրով, շուկայում զգալիորեն կպակասեն խոտան արտադրանքը եւ այդ արտադրանքը ընթերցողին պարտադրելու կամայական փորձերը։