Որքան էլ տարօրինակ թվա, գործնականում Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կողմից հարցված բոլոր փորձագետները, կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտության ներկա ստատուս-քվոն արդյունք է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի կարճաժամկետ հավասարակշռության, ավելի ճիշտ՝ առաջատար աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ հակասությունների եւ հակամարտող կողմերի՝ այդ հակասություններն ի նպաստ սեփական շահերի օգտագործելու ունակության։
Այսինքն՝ ստացվում է, որ ազդեցության գոտիների համար մղվող պայքարն առաջատար աշխարհաքաղաքական կենտրոններին եւ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, թույլ չի տալիս մշակել միասնական դիրքորոշում հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը հմտորեն օգտվում են այդ հակասություններից՝ թույլ չտալով, որ միջազգային հանրության համակրանքը թեքվի դեպի հակամարտող կողմերից որեւէ մեկը։
Ստեղծվում է պատային իրավիճակ։ Առայժմ մրցակից առաջատար աշխարհաքաղաքական կենտրոններից եւ ոչ մեկը չի կարողանում հասնել գերակշիռ առավելության։ Ուստի նրանք միասնական ճակատով հանդես են գալիս հակամարտող կողմերի (առաջին հերթին՝ Ադրբեջանի)՝ գոյություն ունեցող ստատուս-քվոն խախտելու փորձերի դեմ, քանի որ դա կարող է ստեղծել անվերահսկելի իրադրություն տարածաշրջանում։
Միայն Խաղաղության եւ հակամարտությունների լուծման կենտրոնի ղեկավար Էլհան Մեհթիեւն է կարծում, որ չկա աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռություն. «Հավասարակշռությունն այն է, երբ պետք է հավասարակշռել կողմերի հայացքների տարբերությունները։ Ես Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ խիստ հակասություններ չեմ տեսնում»։ Բայց այս դեպքում հարց է առաջանում՝ եթե իսկապես ամեն ինչ այդպես միանշանակ է, եւ բոլորը միահամուռ սատարում են Հայաստանին, ապա ինչպե՞ս է Ադրբեջանը կարողանում 17 տարի շարունակ դիմանալ ողջ միջազգային հանրության ճնշմանը։ Չէ՞ որ փորձագետների մեծ մասը համարում է, որ, եթե առաջատար տերությունները ցանկանան, կարող են այնպիսի երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը եւ Հայաստանը, ենթարկել իրենց կամքին։ Գործնականում բոլոր փորձագետները, դարձյալ բացառությամբ Է. Մեհթիեւի, համարում են, որ Կոսովոյի շուրջ հակամարտության կարգավորման տարբերակը, ավելի ճիշտ՝ այդ տարածքի անկախության միակողմանի ճանաչումը, կարող է վտանգավոր նախադեպ դառնալ ուրիշ նմանատիպ հակամարտությունների համար։ Սակայն այլ կերպ է մտածում Արիֆ Յունուսը։ Նա կարծում է, որ Կոսովոյի շուրջ տարվող սուր բանավեճերի շրջանում ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները բազմիցս նշել են, որ Սերբիայի այդ մասի անկախության միակողմանի ճանաչումն ընդամենը բացառություն է, որը չի կարող նախադեպ դառնալ մյուս հակամարտությունների համար։ Ադրբեջանում արեւմտամետ քաղաքական ուժերը եւ փորձագետները եւս շտապեցին հայտարարել նույն բանը։ Մինչդեռ Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչմանը հաջորդած իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ դա խիստ հապճեպ որոշում էր, կրում էր բացահայտորեն չմտածված եւ քաղաքականացված բնույթ եւ այսօր արդեն վերածվել է վտանգավոր գործոնի։ Ո՞րն է դրա վտանգը։
Հայ վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ բանակցությունների ներկա ձեւաչափը, ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս համանախագահների, ամենաօպտիմալն է։ Թեեւ ոչ մեկն էլ հատուկ պատրանքներ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Ընդ որում՝ հայ փորձագետների եւ քաղաքագետների մեծ մասն ԱՄՆ-ը դիտում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ադրբեջանամետ տրամադրվածություն ունեցող համանախագահ։
Բացի այդ, հայ փորձագետներից եւ ոչ մեկը, նույնիսկ հեռանկարում, Հայաստանի անվտանգության ապահովումը չի տեսնում ՆԱՏՕ-ի շրջանակում, բայց միաժամանակ հանդես է գալիս Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացների ուժեղացման օգտին։ Այսինքն` հայ փորձագետների մեծ մասը համարում է, որ հետագայում սեփական անվտանգությունն ապահովելու համար Հայաստանը պետք է կողմնորոշվի դեպի Ռուսաստան եւ ՀԱՊԿ։
Իսկ ադրբեջանցիներն այնքան էլ գոհ չեն համանախագահների գործունեությունից եւ նրանց կազմի փոփոխության կոնկրետ առաջարկներ են անում: Կան տարբերակներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր չունեցող սկանդինավյան երկրներ, Ռուսաստան-Թուրքիա-Իրան եւ այլն։ Որպես հնարավոր տարբերակ՝ ադրբեջանցի փորձագետները տեսնում են հարցի քննարկումն այլ միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ՄԱԿ տեղափոխելը։
Փորձագետները ձգտում են հասկանալ, թե ինչ ընդհանուր եւ առանձնահատուկ գծեր ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (Ղարաբաղյան, Աբխազական, Հարավօսական, Մերձդնեստրյան եւ Չեչենական)։ Որքան էլ տարօրինակ թվա, երկու կողմերն էլ համաձայն են, որ Ղարաբաղյան հակամարտության գլխավոր տարբերությունը մյուսներից այն է, որ այնտեղ, ի դեմս Հայաստանի, որը ներկայացնում է Ղարաբաղի շահերը միջազգային արենայում, կա «հովանավորող» երկիր։ Ադրբեջանցի փորձագետները նաեւ նշում են, որ այդ հակամարտության ետեւում քողարկված ձեւով կանգնած է նաեւ Ռուսաստանը, ընդ որում՝ աջակցելով անջատողականներին։ Իսկ մյուս անջատողականները չունեն իրենց Հայաստանը։ Թեեւ որոշ փորձագետներ նկատում են, որ վերջին շրջանում աբխազական անջատողականների հետ կապված այդ դերին սկսում է հավակնել Ռուսաստանը։
Ընդ որում՝ որոշ ադրբեջանցի փորձագետներ նշում են, որ Աբխազիայի եւ Չեչնիայի բնիկ ժողովուրդների համար դա սեփական անկախ պետություններ ստեղծելու փորձ էր։ Բարոյական տեսանկյունից՝ դա թվում էր ավելի «արդարացի», թեեւ միջազգային իրավունքը միարժեքորեն մերժում էր նրանց այդ նկրտումները՝ համարելով, որ դա սկիզբ կդնի պետությունների քայքայման մի ամբողջ շղթայի։ Պարզապես, ի տարբերություն մյուս անջատողականների, չեչենների բախտը չբերեց, քանի որ չկարողացան դիմակայել ռուսական բանակի հզորությանը։
Հարավային Օսիայի եւ Ղարաբաղի դեպքում դա անջատման փորձ է՝ ձգտելով միանալ «մայր» երկրին կամ հանրապետությանը, այսինքն՝ ուրիշի, կամ վիճահարույց տարածքը բռնազավթելու փորձ։ Բազմաէթնիկության հանգամանքի բերումով՝ Մերձդնեստրը չի մտնում այս խմբերից եւ ոչ մեկի մեջ։
Այն, ինչը, ըստ փորձագետների, միավորում է այդ հակամարտությունները, դրանց մեկնակետն է՝ ազգային ինքնությունների բացահայտ ազդարարությունը, ինչը մեծ պետության անկման արդյունք, եւ միաժամանակ՝ հակամարտության կարգավորման գործիք էր։ Ընդ որում՝ գործնականում բոլոր փորձագետները նշում են կովկասյան հակամարտությունների էթնիկ բնույթը։
Այսպիսով, եթե հանրագումարի բերենք փորձագետների տված պատասխանները, ապա կարելի է հանգել այն եզրակացության, որ, մի կողմից, դրանք արտացոլում են ադրբեջանական եւ հայ հասարակություններում առկա բոլոր ստերեոտիպերն ու հայացքները, իսկ մյուս կողմից՝ որքան էլ որ պարադոքսային հնչի, զերծ են բոլոր այն պատրանքներից, որոնք մեզ բոլորիս բնորոշ էին տասը տարի առաջ։