«Ես պատրաստ եմ շարունակելու իմ հաղթարշավը եւ մրցելու ինչպես՝ ամերիկացի Ռաֆայել Մարկեսի, այնպես էլ՝ այլ մրցակիցների հետ»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում գտնվող Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի միջին՝ 75,3կգ քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը: Մեկնաբանելով իր վերջին մրցամարտը կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ` նա ասել է, որ Միրանդան սովորություն ունի «տաք» հայտարարություններ անելու մրցամարտից առաջ, որպեսզի դրանով բարոյական ճնշում գործադրի մրցակցի վրա եւ հայտնվի ուշադրության կենտրոնում: Ա. Աբրահամն առայժմ հանգստանում է, մինչեւ հուլիսի 5-ը գտնվելու է Հայաստանում, այնուհետեւ Գերմանիայում կամ այլ երկրում կշարունակի նախապատրաստվել հերթական մրցամարտերին: Նա պատրաստ է պայքարելու պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար: Իր հերթական մրցամարտին ամերիկացի Ռաֆայել Մարկեսի հետ շատ լուրջ է նախապատրաստվելու: Ըստ Ա. Աբրահամի` Ռ.Մարկեսը Էդիսոն Միրանդա չէ, նա խելոք, արժանի եւ լուրջ մրցակից է, որը նույնիսկ երբեք չի հայտնվել նոկդաունում: «Նման բռնցքամարտիկի հետ հետաքրքիր է մրցելը, եւ շատ պատվաբեր է հաղթանակը նրա նկատմամբ»,- ասել է բռնցքամարտիկը: