ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխնախագահ
Պավել Ղալթախչյանը երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրեց հանձնաժողովի
2005թ. մայիսի 11-ին կայացած նիստում կաթի եւ կաթնամթերքի, երշիկեղենի եւ
մսամթերքի ոլորտներում ապրանքային շուկաների ապրանքատեսակային եւ
աշխարհագրական սահմանների որոշման, կաթի եւ կաթնամթերքի ոլորտում
ապրանքային շուկաների ուսումնասիրությունների եւ տնտեսվարող սուբյեկտների
նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը:
Ըստ հանձնաժողովի արձանագրած արդյունքների, թթվասերի ապրանքային շուկայում
2004թ. գործել են 39 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 38-ը արտադրողներ
են, մեկը` ներմուծող: Թթվասերի արտադրության ծավալն, ըստ շուկայում գործող
տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տվյալների, կազմել է 609,3
տոննա, արժեքային` 406.620,2 հազ. դրամ, ներմուծման ծավալը` 2,7 տոննա,
1.965,7 հազ. դրամ, իրացման ծավալը` 607.1 տոննա, 409.190,2 հազ. դրամ,
իսկ արտահանում չի իրականացվել: Ընդ որում, իրացման ամենամեծ ծավալն ունի
«Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն, որի բաժինը ապրանքային շուկայի իրացման ծավալում
կազմում է ապրանքային շուկայի իրացման ծավալի 1/3-ից ավելին՝ 40,2%, ապա
հաջորդում է «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ն՝ 14,5%: Հանձնաժողովը «Աշտարակ-կաթ»
ՓԲԸ-ին «Թթվասեր» ապրանքային շուկայում 2004-ի տվյալներով համարել է
գերիշխող դիրք ունեցող: Իսկ ահա «Պաղպաղակ» ապրանքային շուկայում 2004թ.
գործել են 13 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 12-ը՝ արտադրող, մեկը՝
ներմուծող է: Պաղպաղակի արտադրության ծավալը կազմել է 1.466,6 տոննա,
արժեքային՝ 1.614.596,9 հազ. դրամ, իրացման ծավալը՝ 1.356,3 տոննա,
1.485.666, 2 հազ. դրամ, արտահանման ծավալը՝ 142,7 տոննա, 179.875,6 հազ.
դրամ: Արտահանող տնտեսվարող սուբյեկտները «Շանթ Պլյուս», «Թամարա» եւ
«Գրանդ Քենդի ՀՁ» ՍՊԸ-ներն են:
Ամենամեծ ծավալն ունի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ն, որի բաժինն ապրանքային շուկայի
իրացման ծավալում կազմում է ապրանքային շուկայի իրացման ծավալի 1/3-ից
ավելին՝ 36,1%, ապա հաջորդում են «Թամարա» ՍՊԸ-ն՝ 30,6% եւ «Աշտարակ-կաթ»
ՓԲԸ-ն՝ 18,9%: Այնպես որ, «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ն համարվել է «Պաղպաղակ»
ապրանքային շուկայի գերիշխողը: Ըստ ՀՀ Տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների, մեկ շնչի հաշվով 2004թ.
արտադրվել է 0,5 կգ, իրացվել՝ 0,4 կգ պաղպաղակ: Հետաքրքիր է, որ 1985 թվի
արտադրության ծավալի (9400 տոննա) հետ համեմատած 2004թ. արտադրության
ծավալը նվազել է 6,4 անգամ, 1990թ. ծավալի (10.900 տոննա) հետ համեմատած՝
7,4 անգամ: «Պաղպաղակ» ապրանքային շուկայի 2005 մրցակցային միջավայրի
մոնիթորինգի նպատակով հանձնաժողովը դիմել է 4 տնտեսվարող սուբյեկտների՝
«Շանթ Պլյուս», «Թամարա», «Գրանդ Քենդի ՀՁ» ՍՊԸ-ներ եւ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ՝
տեղեկատվություն ներկայացնել պաղպաղակի արտադրության եւ բաշխման
հզորությունների վերաբերյալ: «Կարագ» ապրանքային շուկայում 2004թ. գործել
են 33 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 13-ը՝ արտադրող, 20-ը ներմուծողներ
են: Կարագի արտադրության ծավալը կազմել է 15,6 տոննա, արժեքային՝ 17.429,8
հազ. դրամ, ներմուծման ծավալը՝ 5.036,2 տոննա, 3.664.295,5 հազ. դրամ,
իրացման ծավալը՝ 4.143,3 տոննա, 4.285.628,3 հազ. դրամ: Ամենամեծ ծավալն
ունի «Ֆլիտֆրուդ» ՍՊԸ-ն, որի բաժինն ապրանքային շուկայի իրացման ծավալում
կազմում է ապրանքային շուկայի իրացման ծավալի 1/3-ից ավելին՝ 36,2%, ապա
հաջորդում են «Մառնիկ» ՍՊԸ-ն՝ 21,6%, եւ «Վալետտա» ՍՊԸ-ն՝ 14,6%: Այնպես
որ, 2004թ. «Կարագ» ապրանքային շուկայի գերիշխողը «Ֆլիտֆրուդ» ՍՊԸ-ն է:
Հարկ է նշել, որ հանձնաժողովը «Տնտեսական մրցակցության պաշտպանության
մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդունել է որոշում ներքոնշյալ տնտեսվարող
սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին, քանի
որ հանձնաժողովի որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը սահմանված ժամկետում
չեն ներկայացրել: Նշանակվել է տուգանք բազային տուրքի հարյուրապատիկի
(100.000 դրամ) չափով: Դրանք են՝ երշիկեղենի եւ մսամթերքի շուկայում
գործող «Կիրեղյան եւ եղբայրներ», «Գլոբուս», «Վաչիկ-Հրաչիկ», «Թագ»,
«Արմավ» ՍՊԸ-ները: Ինչպես նաեւ՝ կաթ եւ կաթնամթերքի ոլորտում գործող՝
«Գեւորգ Բադալյան» ՍՊԸ-ն, «Դրոշակակիրյան Պետրոս» Ա/Ձ-ն եւ «Ռոմիկ
Հակոբյան» Ա/Ձ-ն: Ի դեպ, անդրադառնալով գազին, պրն Ղալթախչյանն ասաց, որ
գազի շուկան ուսումնասիրության ընթացքում է: Երեք սուբյեկտի պատճառով,
որոնք տվյալներ չեն ներկայացնում, հանձնաժողովը չի կարողանում ի մի բերել
շուկայի արդյունքները: Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի
այն հայտարարությանը, թե Հայաստանում մենաշնորհայնացում կա, եւ
հակամրցակցային իրավիճակը թույլ չի տալիս, որ ռուս բիզնեսմեններն այստեղ
գործեն՝ պրն Ղալթախչյանը նշեց. «Վ. Հովհաննիսյանը մեր հանձնաժողովին չի
մեղադրել. Եվրոկամիսիայում նույնպես գործում է այս հանձնաժողովը, եւ
Եվրոպայում էլ կան չարաշահողներ: Ասվել է, որ ռուս գործարարներն անհանգիստ
են, որ Հայաստանում մենաշնորհային իրավիճակը խորանում է: Դա ոչ միայն
իրական իրավիճակն է, այլ նաեւ խոսակցությունների, լրատվամիջոցների, որոշ
բիզնեսմենների բողոքների արդյունք է: Մենք ուսումնասիրում ենք շուկան եւ
այդ տեսակետը չափազանցեցված է, այդ աստիճան չէ: Պրն Հովհաննիսյանի
անհանգստությունն ընդունելի է եւ երեւի հիմքեր կան: Եթե շուկաներում 2-3
սուբյեկտները միասին մոտ 75% են կազմում, ապա դա էլ է համակենտրոնացման
կամ կենտրոնացման բարձր աստիճան: Եթե գործում է 33 սուբյեկտ, բայց 3
սուբյեկտները տնօրինում են 70%-ը, ապա շուկայում գերիշխողներ են: Մենք
ուսումնասիրություններն ավելի ենք խորացնում, որպեսզի հասկանանք շուկան,
եւ վերջին երկու տարվա ընթացքում մենաշնորհային դիրք ունեցողներից մի քանի
սուբյեկտների պատժել ենք, գոնե «ԱրմենՏելին» 4 անգամ պատժել ենք: Նոր
օրենքում պատիժները խստացվում են եւ նոր օրենքով գերիշխող դիրք ունեցողի
կողմից 1-ից ավելի անգամ դիրքը չարաշահելու դեպքում նախատեսվում է
ապախոշորացում: Այդ սուբյեկտները պետք է դաշտն ազատեն, որպեսզի այլ
սուբյեկտներ մտնեն մրցակցության մեջ»: Ըստ պրն Ղալթախչյանի՝ ամբողջ
աշխարհում գոյություն ունի երկու կառուցվածք՝ կառուցվածքային, ասել է թե՝
հակամենաշնորհային, եւ կարգավորող, որն ընդունված է Եվրոպայում, եւ
ընդունել ենք նաեւ մենք: Մեր օրենսդրությունը հակամենաշնորհային չէ, բայց
անգամ հակամենաշնորհային օրենսդրություն ունեցող երկրներում մենաշնորհներ
ունեցողներ կան: