Դերասանուհի Նարե Հայկազյանը երեք տարի առաջ հեռացավ Հայաստանից՝ ցանկանալով բախտը փորձել Ամերիկայում։ Նա Հայաստանում թողեց իր խաղացած ու չխաղացած դերերը, սերը, ընկերներին ու բեմը։
Փոխարենը՝ գտավ այն նեղ ու հազիվ նշմարվող արահետը, որը դեպի տուն է տանում։
Նարեն հեռացավ այն պահին, երբ իր բեմական կյանքը կարծես հունի մեջ էր ընկել, որպես դերասանուհի նա արդեն մի քանի մենաներկայացումներ էր արել, մնջախաղի ակցիաներով հյուրախաղերի էր մեկնել Ամստերդամ, աշխատելու բազմաթիվ հրավերներ ուներ, իսկ 2003 թվականին ճանաչվել էր տարվա լավագույն դերասանուհի՝ ստանալով թատերական «Արտավազդ» մրցանակը։ Ռուս դրամատուրգ ու ռեժիսոր Մարկ Ռոզովսկին, օրինակ, նրան Մոսկվա էր հրավիրում՝ իր ղեկավարած թատրոնում միանգամից մի քանի ներկայացումների գլխավոր դերեր առաջարկելով։ Սակայն Նարեն ընտրեց անհայտությունը։ Նարեն ընդհանրապես տարերային մարդ է։ Կատակով ասում է, որ իրեն շատերն են «տարերային աղետ» անվանում։ Եվ հենց այդ տարերային խառնվածքի շնորհիվ էլ նա կարողանում էր լիաթոք շնչել բեմում եւ «վարակել» հանդիսատեսին իր հույզերով ու ուժով։ Նրա զրնգուն ձայնը, մնջախաղի արվեստի միջոցով կոփված պլաստիկան ու բեմական հմայքը դեռ նոր պիտի բացահայտվեին, քանի որ Նարեն գտնվում էր իր ծաղկուն շրջանում եւ իրապես շատ շնորհալի դերասանուհի էր, սակայն նա որոշեց, որ հարկավոր է դադար վերցնել։
Նարեն ստեղծագործող այն մարդկանց սերնդից է, որը կարողացավ բեմի վրա ցուցադրել իր ներուժի ու շնորհի միայն շատ քիչ տոկոսը։ Ժամանակներն այնպիսին էին, որ թատրոնը փոքր-ինչ վախենում էր վառ մարդկանցից, սուր թեմաներից ու արտահայտչամիջոցներից եւ գերադասում էր նիրհել ընդունված կանոնների համաձայն։ Արդյունքում՝ հայկական թատրոնում ուշացավ սերնդափոխությունը, եւ շատ վառ մարդիկ այդպես էլ չստեղծեցին այն դերերը, որոնք ստեղծելու ունակ էին։ Հիմա Նարե Հայկազյանը Երեւանում է, ինչպես ինքն է ասում՝ հաճույքով ու երանությամբ շրջում է Երեւանի փոշիների մեջ, զրուցում է իր քաղաքի ու ընկերների հետ եւ լիցքավորվում է։ Նրա հետ մեր զրույցը հեռանալու ու վերագտնելու մասին ստացվեց։ Այլ կերպ, թերեւս, չէր էլ լինի, քանի որ, որքան էլ փորձես փախչել քո ներքին կյանքից, այն անպայման քեզ կդիմավորի նոր մի հետաքրքիր շրջապտույտով։
Ամերիկա
«Ամերիկան ինձ համար եւ՛ կորուստ, եւ՛ ձեռքբերում էր։ Ուզում էի Հայաստանից դուրս գալ, ինձ թվում էր, որ խելագարվում եմ այստեղ։ Մայրիկիս մահից հետո (բանաստեղծուհի Ջուլիետ Մատինյան.- Ն.Հ.) ես վերցրեցի երկու ճամպրուկ (մեկում մայրիկիս չտպագրված գործերն էին), ինքնաթիռ նստեցի ու գնացի դեպի անհայտություն։ Ես ոչ մի ծանոթ չունեի Ամերիկայում, պարզապես որոշեցի, որ պետք է գնամ։ Բոլոր հայերն Ամերիկայում կարծես մի քեռի կամ տատիկի քույր ունենում են, իսկ ես ոչ մեկը չունեի ու որբուկի նման հայտնվեցի Ամերիկայում։ Ուզում էի ինքս ինձանից ազատ ապրել, հասկանալ, թե ո՞վ եմ ես իրականում։ Երբ իրավիճակների հետ մեկտեղ՝ ինքդ ես փոխվում, հասկանում ես, որ ինքդ քեզ փառաբանելն ու ինքդ քեզ խղճալն անիմաստ է։ Ամերիկայում ես մաշվեցի, բայց հասկացա, որ մինչեւ չմաշվես` չես նորոգվի։ Կուշտ ու ապահով Ամերիկայում ես կարծես բոլորովին ուրիշ օպերայից էի, տեղս չէի գտնում։ Օրինավոր փաստաթղթեր էլ չունեի։ Իսկ հիմա կարող եմ ասել, որ կարողացա ոտքի կանգնել եւ դա արեցի առանց որեւէ մեկի օգնության։ Ես հանձնվող մարդ չեմ, պարզապես ուզում էի ստեղծարար բաղադրությունս չկորցնել։ Երեւանից դադար վերցնելով՝ իմ կյանքի նոր ոճը հորինեցի։ Համոզված եմ, որ եթե մարդն արարող է լինում իր էությամբ, ապա դա անպայման մի տեղից բխելու է։ Ես սկսեցի հագուստի ձեւավորմամբ զբաղվել։ Մեկ տարի շարունակ խենթի պես աշխատում էի, հագուստ էի կարում, նկարազարդում էի, նկարում ու ներկում էի։ Իսկ մինչ այդ՝ Երեւանում ես նույնիսկ կոճակ կարել չգիտեի, բայց Ամերիկայում հասկացա, որ շատ բան կարող եմ անել։ Հագուստն ինձ համար կտավ է, որը նկարում եմ, զարդարում եմ, տարբեր կտորներ եմ իրար միացնում, գործում եմ, հյուսում եմ։ Կոշիկներ, պատի պաստառներ ու պայուսակներ էլ եմ ձեւավորում։ Հաճախ ամբողջովին ձեւավորում եմ տների ինտերիերը։ Շատ եմ սիրում, օրինակ, իմ նախագծած վարագույրները, որոնք զարդարում եմ փոքր քանդակներով, իսկ այդ քանդակներն արեւի շողերի տակ սկսում են պարել ու ստվերների թատրոն են հիշեցնում։ Շատ հագուստներ պարզապես նվիրում եմ, բիզնեսի ջիղ չունեմ, ինձ համար կարեւորը ստեղծագործական պրոցեսն է։ Հիշում եմ, որ փակվում էի հյուրանոցի իմ փոքր սենյակում ու մոլագարի պես աշխատում էի, որպեսզի կարողանամ դիմանալ կարոտի զգացումին։ Ես ինքս ինձ համար հորինել էի մի պատմություն, որը դեպի Ամերիկա էր տանում։ Իմ էությամբ ես հորինող եմ, հորինում եմ ու հավատում եմ իմ սեփական հեքիաթներին։ Եվ այդպես ես փրկվեցի Ամերիկայում»։
Թատրոն
«Հիմա եկել եմ Հայաստան ու իմ ամբողջ սրտով տրվել եմ Երեւանի ռիթմին ու փոշիներին։ Այստեղ այնքան լավ է, որ մարդու շունչն է կտրվում։ Իհարկե, ինձ թվում էր, որ շատ ծանոթներիս արդեն կորցրել եմ, բայց ուրախ եմ, որ այդպես չէ։ Հիմա ես այստեղ գովեստի խոսքեր լսեցի ու, անկեղծ ասած, շատ ուրախացա, քանի որ վտարանդի լինելու զգացում ունեի։ Ախր Ամերիկայում շատ ինքնամփոփ էի ապրում՝ գրեթե շփում չունենալով մարդկանց հետ։ Եվ հաճախ կոկորդումս մնացած նախագծերն ինձ խեղդում էին։ Երբ առանց փողի ու հեռանկարների հայտնվում ես Ամերիկայում, շատ բան է փոխվում քո մեջ։ Ամերիկայում ստեղծարար շունչ չկա։ Օրինակ, մինչեւ բացատրում ես մարդկանց՝ մնջախաղն ինչ է, հոգիդ դուրս է գալիս։ Ես Լոս Անջելեսում մի բեմադրություն արեցի, որը «Նոր սկիզբ» էր կոչվում։ Այդ ներկայացման մեջ երկու՝ սեւ եւ սպիտակ կարապների վեճն է։ Պատերազմի մեջ են մտնում նաեւ սեւ ու սպիտակ դաշնամուրները, եւ հնչում են Չայկովսկու ու Պրոկոֆեւի ստեղծագործությունները։ Կարծում եմ, շատ հետաքրքիր ներկայացում էր ստացվել։ Ես կարճ, խտացված մտքերի սիրահար եմ, եւ հենց այդպես էլ բեմադրեցի իմ այդ խաղաղ պատերազմի պատմությունը։
Մնջախաղը միայն «շպագատ» իջնելը չէ։ Մնջախաղն ինձ համար մի այնպիսի վիճակ է, որտեղ արդարացվում են սեփական մարմնի ու մտքի պաուզաները։ Ես ինձ մնջախաղի դերասան չեմ համարում, եւ միշտ եղել եմ սինթեզի կողմնակիցը։ Բեմում ուզում եմ երգ, պար, գոռոց, շշուկ, ինքնածաղրում տեսնել։ Մարդը, որը բեմ է դուրս գալիս, ինքն իրեն պիտի բեմում ոչնչացնի, որպեսզի կարողանա ինչ-որ բան փոխանցել հանդիսատեսին։ Նկատեցի, որ Երեւանում թատրոնի եւ, ընդհանրապես, արվեստի շորշոփն է նվազել։ Կարծում եմ, մեծ ողբերգություն է, երբ արվեստում հայտնվում է նորարարության վախն, ու արվեստի մարդկանց տարբեր սերունդներ ազատորեն չեն կարողանում իրար հետ խոսել։ Առաջին ներկայացումը, որ այստեղ տեսա, «Ժիզել» բալետն էր։ Ես նայեցի այդ բալետն ու շատ տխրեցի։ Տխրեցի, քանի որ տեսա, որ շատ նվիրյալներ կան, բայց բեմում նորարարություն չկա։ Զգացվում էր, որ պարողներն ամենօրյա ելույթներ չունեն, մինչդեռ դա անհրաժեշտ է, որպեսզի պարողների մկանները «շնչեն»։
Զգում եմ, որ հիմա Հայաստանում փակ կոալիցիաներ են ստեղծվել, ու մարդիկ սեփական խնդիրներն են լուծում։ Դա այն «հացի խնդիրը» չէր, որը մենք բոլորս փորձում էինք լուծել 1990-ականներին։ Այն ժամանակ մենք ինքներս մեր առաջ ազնիվ էինք ու ազնվորեն էինք պայքարում։ Հիմա կարծես շատերի սիրտը կոտրվել է։ Իսկ կոտրված սրտով մարդը կարող է ոչ թե հանրության, այլ՝ միայն ինքն իր համար երգել։ Շատ եմ ուզում Հայաստանում տարբեր խմորումներ տեսնել, ուզում եմ, որ մարդիկ միասին շաղախեն խմորն ու միասին էլ հաց թխեն։ Ուզում եմ տեսնել, թե որտեղ է բաբախում Երեւանի իրական սիրտն, ու միանալ այդ բաբախող մարդկանց։ Կարծում եմ, զիլ ներկայացումներ չկան, քանի որ իրար հետ «եփվելու» ցանկություն չկա, միավորում չկա։ Հիմա Հայաստանում միայն երգիչներն են բարգավաճում, իսկ մնացած արվեստագետները մենակ են՝ իրենք` իրենց հետ։ Որոշ մարդիկ արվեստի «սառած» դաշտեր են վերցրել ու ուզում են չհանձնվել։ Ազատ բանտարկյալ լինելու ցանկությունն է նկատվում։ Կարծում եմ, հիմա լավերին պետք է հավաքագրել ու միաբանել։ Դա բարդ գործ է, որովհետեւ շատերին լրջորեն համոզել է պետք։ Այդպիսի համոզողի կարիքը կա։ Բայց միայն այդպես կարելի է արվեստին կյանք տալ։ Իսկ հիմա արվեստում կյանք չի նկատվում, կեղծիքն է շատ։ Մի քանի բեմադրություններ կան, որոնք անպայման ուզում եմ տեսնել, ուզում եմ հիանալ ու զարմանալ։ Ուզում եմ թատրոնը եւ ընդհանրապես մեր կյանքը թարմ շնչով լցված տեսնել։
Այս տարիների ընթացքում Երեւանը փոխվել է։ Մեր քաղաքը երիտասարդների քաղաք է դարձել։ Ես չէի տեսել նորակառույց Հյուսիսային պողոտան։ Բայց երբ քայլեցի այդ հսկա շենքերի արանքով, զգացի, որ շենքերն իրար հետ պատերազմում են՝ նույնիսկ մեկ սանտիմետրի համար։ Մեր տան բակում, օրինակ, որտեղ միշտ կանաչ ու խաղաղ էր, շենքերն ուղղակի իրար վրա են «պառկում» ու աղաղակում են։ Ես շշմեցի, երբ տեսա, որ վերացել է երեխաների խաղադաշտը։ Բայց ես վերջապես տուն եմ վերադարձել ու ուզում եմ միայն լուսավոր բաների մասին խոսել»։
Կերպարների միջով
«Հիմա հասկացա, որ հեռանալն անհրաժեշտ էր։ Հեռանում ես, մոտենում ես հնին ու հասկանում ես, որ հենց դա է նորը։ Եթե մարդը փնտրող է, ապա նա պիտի ժամանակ առ ժամանակ հեռանա, որպեսզի չլճանա ու պատրաստ լինի պայքարին։ Իսկ այդ տեսակի պայքարի մեջ չկա տարիք, չկա սեռական պատկանելություն։ Պետք է խառնվել օտար մշակույթին, շփվել ուրիշների հետ ու հասկանալ՝ իրականում դու ի՞նչ ես ուզում անել։ Ելումուտ պիտի լինի, գնալու, սնվելու-ետ գալու աղբյուր է մեզ հիմա հարկավոր։ Միեւնույն է, ուր էլ գնաս, քո էմոցիաները միայն քո հողում կարող ես փոխանցել։ Նոր հայրենիք հո չե՞ս ստեղծի։ Պիտի հեռանաս ու պաշարված ետ գաս։
Ես ինքս դադարներ սիրող մարդ եմ, բայց երբ դադարները երկարում են, ժամանակը քեզ համար պարզապես մահանում է։ Եթե զգում ես, որ մեջդ ասելու բան կա, պիտի ասես ու ոչ մեկից կախյալ չլինես, որովհետեւ, եթե ասելու պահը կորցնես, էլ չես ասի։ Պիտի մտածես, որ՝ եթե չասեմ՝ կգժվեմ։ Այս տարիների ընթացքում, երբ ես բեմի կարոտ էի, զգում էի, որ կերպարները քամու նման գալիս ու կողքովս անցնում էին։ Հիմա ուժերս վերականգնվել են, պատրաստ եմ խաղալ ու բեմ դուրս գալ։ Բեմին սովոր մարդն առանց բեմի պարզապես երկար ապրել չի կարող, այսինքն՝ կարողանում է միայն ֆիզիկապես գոյատեւել ու… վերջ։ Չեմ ուզում անբեմ մարդկանց հանգիստը խախտել, բայց դերասանի համար, իրոք, առանց բեմ լինելը լռել է նշանակում։ Երբեք չեմ դադարել իմ երազներին արթուն աչքերով նայել, միշտ մարդկային կերպարները միջովս հոսել են ու հարստացրել են ինձ։ Եվ մի տեսակ տենդի զգացումով եմ մոտեցել թատրոնին, միշտ գնահատել եմ մարդու փնտրող տեսակը։ Կարծում եմ, հայ երիտասարդ դերասաններին առաջին հերթին կրթություն է պետք։ Մեր Թատերական ինստիտուտը փնտրող երիտասարդների տեսակներ չի հավաքում, այն միայն ուսանողների քանակ է ապահովում։ Իսկ փնտրող մարդն աչքի է ընկնում եւ՛ իր հայացքով, եւ՛ քայլվածքով, եւ՛ մտքերով։
Պաշար հավաքած, հմայքով իրենց քաղաքում շրջող մարդկանց եմ կարոտ։ Ամերիկայում մի շատ լավ բան կա, այնտեղ վերացված է տարիքի չափանիշը։ Ամերիկայում կինը կարող է չսպառվել մեջդ, նույնիսկ, եթե դու 60 կամ 70 տարեկան ես։ Իսկ Հայաստանում մարդիկ 30 տարեկանից հետո կարծես «զոնայում» են հայտնվում, հեռուստատեսությամբ, օրինակ, միայն երիտասարդներ են երեւում։ Իհարկե, հիմա ողջ աշխարհն է երիտասարդական շոուներ կազմակերպում։ Բայց ուզում եմ հարցնել. բա հասուն, պաշար հավաքած մարդը որտե՞ղ է։ Մանավանդ տարիքի առումով՝ արվեստի մասին խոսել չի կարելի։ Չէ՞ որ կյանքը պիտի վրայովդ «անցնի», պիտի ընկնես, լաց լինես, քայքայվես, որպեսզի կարողանաս ծիծաղել ու նորից ապրել»։