«Արմռոբոտիքս»

05/07/2008

Երեւանում դեկտեմբերին կանցկացվի «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն»` «Արմռոբոտիքս» մրցույթ: Մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հավաստմամբ` մրցույթի ընդհանուր նպատակն է՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաներ արտադրող երկիր` համակարգում ներգրավելով հիմնականում երիտասարդ մասնագետների, ուսանողների: «Արմռոբոտիքսը» համահայկական երիտասարդական մրցույթ է, որտեղ թիմերը կմրցեն իրենց կողմից նախագծված եւ պատրաստված ինքնակառավարվող սարքերով»,- նշեց նա: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդները: Հուլիսի 5-ից օգոստոսի 1-ը մասնակցության հայտ ներկայացրած թիմերը պետք է նախագծեն եւ պատրաստեն այնպիսի սարքեր, որոնք կկարողանան հետեւել եւ շարժվել սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերի ուղղությամբ: Ռոբոտները պետք է ունենան սահմանափակ չափեր` 18/18 քսմ եւ 27 սմ բարձրություն: Դրանք կարող են սնվել ինչպես՝ իրենց մեջ տեղադրված մարտկոցների միջոցով, այնպես էլ՝ արտաքին կամ այլընտրանքային աղբյուրներով: «Ինդասթրիալ թեքնոլոջիս» ընկերության ներկայացուցիչ, նախաձեռնող խմբի անդամ Արթին Մելիքյանի խոսքով, նախաձեռնության նպատակն է՝ նաեւ ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ երիտասարդ մասնակիցները նախեւառաջ ձեռք կբերեն փորձ. «Սա միայն ծրագրավորման եւ էլեկտրոնիկայի մրցույթ չէ, այլեւ բազմակողմանի զարգացած երիտասարդների համատեղ աշխատանքով հանդես գալու յուրահատուկ մեթոդ, այսինքն` փորձում ենք թիմերում մենեջմենթի մշակույթը ձեւավորել»: Ըստ Կ.Վարդանյանի` Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը կնպաստի հատկապես երկրի պաշտպանական համակարգերի զարգացմանը, մասնավորապես` ականների փնտրման ժամանակ` խուսափելով մարդկային կյանքին սպառնացող վտանգներից: