Երեւանի մի քանի ոսկու շուկաներում առեւտրով զբաղվող անհատները երեկ բողոքի ցույց էին անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց. նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Ցուցարարները բողոքում էին վերջերս Ֆինանսների նախարարության` այս դաշտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման կայացրած այն որոշման դեմ, ըստ որի՝ ոսկյա զարդերի համար պետք է օգտագործեն նոր` «Սասունցի Դավիթ» դրոշմ («պրոբ»): Հավաքվածները հատկապես դժգոհ էին այն փաստից, որ այդ նոր դրոշմով ոսկյա զարդերն արտերկրում չեն վաճառվի: «Պրոբ-ինսպեկցիայից եկել են, ասում են` եթե Սասունցի Դավիթ պրոբը չտեսնեն, բռնելու են տուգանեն»,- մեզ հետ զրույցում ասաց ոսկու շուկայում զարդեղենի վաճառքով զբաղվող տիկին Անահիտը` ավելացնելով, որ նախորդ տարի իրենք հանդիպել են այն ժամանակվա վարչապետ եւ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին` ոլորտում հարկային խնդիրների հետ կապված: «Պայմանավորվեցինք, որ լինելու է հաստատագրված գումար, ամիսը 5000 դրամ հարկ: Ինքը մեր ղեկավարության հետ պայմանավորվեց, որ պետք է այնպես լինի, որ ոչ մի աշխատող չզրկվի իր աշխատատեղից: Դրանից հետո հարկը դարձրին 7000 դրամ, հիմա էլ 18.000 դրամ է: Հետո էլ` եկամտահարկ, հաշվապահի գումար, հիմա էլ՝ «Սասունցի Դավիթ» դրոշմը: Հիմա էլ Պրոբ-ինսպեկցիան ասում է, թե գալու է, օրական 50.000-ի տուգանք գրի: Եթե ասում էլ ես` ինչի՞ համար, ասում է` 100.000 եմ տուգանելու, վախեցնում է»,- ասաց նա: Ոսկու շուկայի աշխատակիցները պնդում են, որ ներկայումս ոսկյա զարդերը հիմնականում արտահանվում են Ռուսաստան: «Մեր աղքատ երկրում ոչ ոք ոսկի չի գնում: Հիմնական վաճառքն արվում է Ռուսաստանի հետ: Բացի դա` աշխարհի ոչ մի երկրում մեր «Սասունցի Դավիթը» չի անցնում: Կամ, օրինակ, ռուսական կամ թուրքական ոսկու վրա ինչպե՞ս այդ դրոշմանիշը խփենք: Թուրքական ապրանք, վրան` Սասունցի Դավիթ, ինչպե՞ս կլինի: Կամ կոմունիստների ժամանակվա ապրանքը չեղավ-չեղավ, այս պրոբի չափ չեղավ, հա՞»,- ասում է նրանցից մեկը: Երեկ Կառավարության շենքի դիմաց հավաքված մարդկանց ընդունել է Ֆինանսների նախարարության աշխատակից Կարեն Թամազյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում ոսկու շուկայի աշխատակիցներից տիկին Եվգենյան նշեց, որ շատ հարցերում իրենք փոխհամաձայնության չեն եկել: Մտադրություն է եղել անգամ այսօր ցույց կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Ի վերջո, սակայն, կողմերը ժամանակավորապես համաձայնության են եկել, եւ այսօր ոսկու շուկա կայցելի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը` բոլոր հարցերը տեղում քննարկելու: