Մկրտիչ Աբրահամյանը երկու անչափահաս երեխա ունի: Փոքրիկ տղային բերել էին դատարան, որ հայրիկին տեսնի ու կարոտն առնի: Հոր եւ որդու հանդիպումը հուզիչ էր, բայց նման տեսարանները դատարաններում հազվադեպ բան չեն:
Մկրտիչն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է: Զբաղմունքը՝ հողագործություն: Բայց դատարանում հայտնվել է միանգամայն այլ գործողությունների մասնակիցը լինելու մեղադրանքով:
2008 թվականի մարտի 1-ին նա մասնակցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ կատարված իրադարձություններին: Մկրտիչի արարքը, որի համար մեղադրվել ու դատապարտվում է, ամրագրվել է իրեղեն ապացույց ճանաչված տեսաերիզի վրա: Նկարահանված տեսարանում Աբրահամյանը ոստիկաններից խլած մահակն է ճոճում, ոստիկաններից խլած վահանով հարվածներ հասցնում ոստիկանների գլխին:
Այն, ինչ կատարվել է տվյալ վայրում, տվյալ պահին, նախաքննական մարմինը որակել է՝ որպես «զանգվածային անկարգություններ»: Իր գործողություններով Մկրտիչը համարվել է դրանց մասնակից: Ըստ մեղադրանքի՝ նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայհոյանքներ է տվել, ոստիկաններին չենթարկվելու կոչեր հնչեցրել, իսկ ոստիկանների հետ բախման ժամանակ, ըստ մեղադրանքի` ագրեսիվ գործողություններ կատարել:
Մկրտիչ Աբրահամյանին կալանքի տակ էին առել մարտի 11-ից: Մայիսի 15-ին Երեւանի Քրեական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով եւ դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ինչպես՝ մեղադրող, այնպես էլ՝ պաշտպանական կողմերը: Ըստ մեղադրող կողմի՝ քրեական դատարանը Մկրտիչ Աբրահամյանի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ էր սահմանել, որովհետեւ հաշվի չէր առել արարքի հանրային մեծ վտանգավորությունը: Ամբաստանյալը մինչեւ վերջ էլ չէր ընդունել մեղքը, չէր զղջացել կատարածի համար, ինչը կարող էր մեղմացնող ազդեցություն ունենալ սահմանվող պատժի վրա: Իսկ որ նա կատարել էր ագրեսիվ գործողություններ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, նկարահանված է եւ անհերքելի: «Ծանր վահանով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ոստիկանության աշխատակիցներին: Դա նկարահանված է, հարվածողն էլ ինքն է, ինքն էլ չի ժխտում դա: Եվ բռնարարք կատարելու համար նա պետք է պատասխան տա, ու պատիժն էլ ավելի խիստ պիտի լինի»,- Վերաքննիչ քրեական դատարանում իր բողոքը պնդեց դատախազը:
Պաշտպանական կողմն ընդունում էր, որ տեսաերիզի վրա պատկերվածը, իրոք, Մկրտիչ Աբրահամյանն է: Որ նա, իրոք, վահանով հարվածել է Ոստիկանության աշխատակիցներին: Սակայն պաշտպանը համաձայն չէր, որ այդ արարքը որակվել էր՝ որպես մասնակցություն զանգվածային անկարգություններին: Ըստ պաշտպանի՝ նախ՝ հստակեցված չէ, թե կոնկրետ ո՞ր ժամից են սկսվել եւ որտե՞ղ են տեղի ունեցել զանգվածային անկարգությունները: Նա համաձայն չէր այն մոտեցմանը, թե մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածը զանգվածաբար պետք է որակվի որպես դիմադրություն՝ Ոստիկանության աշխատակիցներին, իսկ Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում կատարվածը՝ զանգվածային անկարգություն:
Մկրտիչ Աբրահամյանի մասնակցությամբ կատարված միջադեպը տեղի է ունեցել իրավապահների կողմից հանրահավաքի մասնակիցների հետ բանակցություններ սկսելուց առաջ: Եթե բանակցություններից առաջ արդեն զանգվածային անկարգություններ էին տեղի ունենում, ապա իրավապահներն էլ ինչո՞ւ էին բանակցում, պետք է պարզապես ցրեին անկարգությունների մասնակիցներին:
Պաշտպանը հետեւյալ կերպ ներկայացրեց կատարվածը. Մկրտիչը՝ հողագործ մի մարդ, մարտի 1-ին, ժամը 22-ի սահմաններում լրիվ պատահաբար հայտնվել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Տեսնելով, որ Ոստիկանության աշխատակիցները հավաքվածներին, այդ թվում՝ կանանց ու երեխաներին ուժով ստիպում են հեռանալ, մնացել է, որ նրանց պաշտպանի: Նա պաշտպանել է տվյալ վայրում գտնվելու՝ այլոց եւ իր իրավունքը: Այո, խլել է ոստիկանական մահակն ու վահանը, այո, դրանցով հարվածներ է հասցրել Ոստիկանության աշխատակիցներին, սակայն դա արել է՝ հանուն իրավունքներ պաշտպանելու, ինչպես նաեւ՝ հավաքված կանանց ու երեխաներին ֆիզիկապես պաշտպանելու նպատակով: Պաշտպանը պնդեց, որ սխալ է տեսաերիզի մի քանի վայրկյանանոց հատվածով հաստատված գնահատել իր պաշտպանյալի մեղքը: Իսկ ի՞նչ է կատարվել նրա կողմից հարվածներ հասցնելուց առաջ, ի՞նչ է կատարվել դրանից հետո՝ տեսաերիզի այդ հատվածում չկա: Մինչդեռ դրանք, ըստ պաշտպանի, կարեւոր հարցադրումներ են:
Ձեւական առումով պաշտպանը համաձայն էր անգամ, որ Մկրտիչի արարքը որակվի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: «Չնայած՝ դա էլ հետամնացություն կլիներ»,- ասաց պաշտպանը:
Վերջինիս այս տեսակետին կտրուկ դեմ արտահայտվեց դատախազը՝ տարակուսելով, թե ինչպե՞ս է հնարավոր ծանր վահանով Ոստիկանության աշխատակիցների գլխին հարվածողի արարքը որակել որպես կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում: «Այս աշխատավոր մարդն արդեն իր տանը պիտի լիներ, իր զավակների, իր աշխատանքի հետ, ոչ թե՝ կալանավայրում: Նրա արարքի որակումը սխալ է, իմիտացիա է տեղի ունեցել, Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցակազմ նրա գործողություններում չկա: Իսկ դատախազի կողմից պատժի խստացման առումով բողոք բերելը պահպանողական գնահատական է, իրավիճակային մոտեցում: Իմ պաշտպանյալին ազատազրկման հետ չկապված պատժի կարելի է ենթարկել»,- ասաց պաշտպանը:
Մեղադրանքի կողմը մնաց իր դիրքորոշմանը: Նա Մկրտիչ Աբրահամյանի մեղքը հաստատված գնահատեց՝ ինչպես տեսաերիզի վրա պատկերված դրվագով, այնպես էլ՝ մի շարք վկաների ցուցմունքներով, որոնք, ի դեմս Մկրտիչ Աբրահամյանի, «ճանաչել էին զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակցի, որն իշխանության ներկայացուցիչներին չենթարկվելու կոչեր էր անում եւ ագրեսիվ գործողություններ կատարում»:
Հունիսի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ Մկրտիչ Աբրահամյանի նկատմամբ Երեւանի Քրեական դատարանի կայացրած դատավճիռը թողնվեց անփոփոխ, իսկ բերված բողոքները մերժվեցին: Դատավճիռն ուժի մեջ մտավ, եւ պատիժը մնաց նույն՝ 3 տարի 6 ամիս ազատազրկումը: