Գյուղացին սովոր է

05/07/2008

Բոլոր հին ու նոր վարչապետները, բարձրաստիճան պաշտոնյաները, որպես կանոն, նշանակվելուց հետո սկսում են այցելություններ կատարել ՀՀ մարզեր, հանդիպել գյուղացիների հետ, նրանց խնդիրները լսել: Գյուղացին այդ երեւույթին լավ ծանոթ է, ավելին, համոզվել է, որ շատ հաճախ նման հանդիպումները որեւէ արդյունք չեն տալիս, զուտ ճանաչողական բնույթ են կրում: Երբեմն հաջողվում է բարձրաստիճան պաշտոնյային մոտիկից տեսնել, ձեռքը սեղմել, դարդուցավից պատմել, ոչ ավելին: Եվ, որպես կանոն, նրանք բոլորը մշտապես լսում են գյուղացուն, ուսին թփթփացնում, թե՝ պետությունն ամեն ինչ անում է այդ խնդիրները լուծելու համար, ու տվյալ պաշտոնյային ուղեկցող լրագրող-օպերատորների, մարզային պաշտոնյաների մեքենաների շարասյունը, փոշի առաջացնելով, արագընթաց սլանում է դեպի հաջորդ գյուղը:

Եվ այսպես, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել էր Կոտայքի մարզ, ուր հանդիպել է Մեղրաձոր գյուղի բնակիչներին: «Մեր գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ է առաջին հերթին լուծել բնակիչներին մտահոգող խնդիրներն ու հոգսերը: Իսկ առկա խնդիրների առաջնահերթությունները հասկանալու համար բավարար չէ կաբինետներում չինովնիկների հետ խոսելը, կարեւորը գյուղերում մարդկանց հետ հանդիպումներ ունենալն ու տեսնելն է, թե իրականության մեջ նրանց ինչ է մտահոգում»,- նշել է Տ. Սարգսյանը:

Մեղրաձորցիները ներկայացրել են գյուղում առկա եւ հրատապ լուծում պահանջող խնդիրները: Գյուղի շուրջ 620 տնտեսությունների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է եւ հողագործությունը, սակայն նրանք բավականին լուրջ խնդիրներ են ունենում. ոռոգման ջրի ցանցը վերանորոգման կարիք ունի, իսկ վար ու ցանքի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները խիստ սուղ են: Սրված է նաեւ խմելու ջրի հարցը. ֆրանսահայ բարերարների ջանքերով այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում, սակայն ֆինանսական միջոցների անբավարարության խնդիր կա: Գյուղացիներին հուզում էր նաեւ Մեղրաձորի միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ վերազինման, ինչպես նաեւ՝ գյուղի` դեռեւս ոչ ամբողջությամբ գազիֆիկացված լինելու հարցը: Գյուղի բնակիչներից արտերկրում աշխատողները մեծ թիվ են կազմում, քանի որ գյուղում աշխատանք չկա: Գործազուրկների թիվն ավելացել է հատկապես Մեղրաձորի ոսկու հանքի շահագործումը դադարեցնելուց հետո, իսկ նախկինում այս հանքավայրում աշխատանք են ունեցել գյուղի բնակիչներից շատերը: Գյուղացիները վարչապետին դիմել են խնդրանքով` 2009-ին գազիֆիկացման համար խոստացված շուրջ 30 մլն դրամի կեսը հատկացնել այս տարի, գումարներ հատկացնել նաեւ ջրամատակարարման համակարգի բարելավման համար: Անդրադառնալով Մեղրաձորի ոսկու հանքի վերաշահագործմանը, Տ. Սարգսյանը նշել է, որ ներկայումս բանակցություններ են տարվում նաեւ Արարատի ոսկու հանքերի շահագործման պարագայում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, առաջիկա ամիսներին դրանք կավարտվեն, եւ արդյունքը պարզ կդառնա: Գյուղացիներն իրենց մտահոգությունն են արտահայտել նաեւ 2009 թվականից ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի հարկվելու կապակցությամբ: Տ. Սարգսյանը նրանց պատասխանել է, թե դա կիրականացվի այնպես, որ գյուղացիների համար ոլորտի հարկումը բեռ չդառնա:

Թե որքանով գյուղացու, տվյալ դեպքում` մեղրաձորցու համար Տ. Սարգսյանի այս այցը չի դասվի մինչ այդ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների այցերի շարքին, ցույց կտա ժամանակը: Իսկ դրա համար պետք է լուծում տալ այն խնդիրներին, որոնց մասին խոսել են գյուղացիները: