Հրդեհների դեպքեր

05/07/2008

Արարատի ու Կոտայքի մարզերում նախօրեին հրդեհների դեպքեր են գրանցվել: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ժամը 12։05-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 13։27-ին: Այրվել են Ծ. Մկրտչյանին պատկանող տան` 50 քմ մակերեսով տանիքը, անասնագոմի` 30 քմ մակերեսով տանիքը եւ այնտեղ պահեստավորած 30 հակ խոտ:

Իսկ Կոտայքի մարզի Արտամետ գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է Ա. Աբրահամյանին պատկանող փայտե տնակը` 18 քմ մակերեսով: Նախօրեին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի

9-րդ զանգվածի 18-րդ շենքի թիվ 89 բնակարանի բնակիչը չի արձագանքում ոչ հեռախոսի, ոչ էլ դռան զանգերին: Ինչպես տեղեկացանք Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում հայտնաբերվել է 1935թ. ծնված Գյուլիզար Ոսկանյանի դիակը: Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է քաղաքացու դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները Հրազդան գետի ափամերձ տարածքից դուրս են բերել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու դիակ եւ հանձնել իրավապահ մարմիններին: