Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը համալրելու է Հայաստանի Շախմատի ազգային հավաքականի շարքերը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, այս որոշումն ընդունվել է հայ գրոսմայստեր Կարեն Ասրյանի անժամանակ մահից հետո: Այսպիսով, Հայաստանի ընտրանին Դրեզդենի օլիմպիական խաղերին կներկայանա հետեւյալ կազմով. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Արտաշես Մինասյան, Գաբրիել Սարգսյան եւ Տիգրան Պետրոսյան: Կանանց ընտրանին կներկայացնեն Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, Սիրանույշ Անդրեասյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Ի դեպ, նշենք, որ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մասնակցելու է «Կորուս Չեսս» ուժեղագույնների գերառաջնությանը, որի գործող չեմպիոնն է հանդիսանում: Արոնյանը 2008-ին հաղթել է առաջնությունը` իր ակտիվում գրանցելով ընդամենը մեկ պարտություն: Մեկ այլ հայ գրոսմայստեր՝ Սերգեյ Մովսիսյանը, ով հաղթել էր «Կորուս 2008»-ի Բ խմբում, իրավունք է ստացել պայքարել առաջին խմբում: Գերառաջնությանը մասնակցելու են նաեւ Կարլսենը, Մորոզեւիչը, Կարյակինը, Իվանչուկը, Կամսկին, Ռաջաբովը, Վան Վելին, Սթիլվագենը եւ Սմիթսը: Մնացյալ երեք մասնակիցները պարզ կդառնան հոկտեմբեր ամսին: Առաջնությունը կանցկացվի հունվարի 16-ից փետրվարի 1-ը, Հոլանդիայում: