Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում: Նման գնահատական է տվել «Ֆորբս» հանդեսը` իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Ըստ այդ տվյալների` հետազոտության ենթարկված 121 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը. ԱՊՀ մյուս բոլոր երկրները հաջորդում են նրան: Դասակարգման համար, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հիմք են ծառայել Համաշխարհային բանկի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի», «Ֆրիդոմ հաուսի» եւ միջազգային այլ կազմակերպությունների 2007 թվականի զեկույցները: Հաշվի են առնվել անցած տարում համախառն ներքին արդյունքի աճի, արժեզրկման եւ գործազրկության մակարդակի, հարկային եւ օրենսդրական համակարգի վիճակի, ինչպես նաեւ՝ մարդու ազատությունների վերաբերյալ հրապարակումները: «Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին որոշ քայլեր են ձեռնարկել հարկային եւ մաքսային համակարգի բարելավման ուղղությամբ: Սակայն, թեեւ տնտեսական աճի բարձր տեմպեր են արձանագրվել, գործազրկության մակարդակը երկրում մնում է բարձր, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը բավարար չէ, եւ սահմանափակված են մարդու ազատությունները»,- գրում է «Ֆորբսը»: ԱՊՀ երկրներից, Հայաստանից հետո, բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրը Վրաստանն է, որը 68-րդ տեղում է. այստեղ հիմնական խոչընդոտ է դիտվել գործազրկությունը: Ադրբեջանը 82-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը` 86-րդ: «Ռուսաստանում քաղաքական անորոշությունը, կոռուպցիան անվստահություն են առաջացնում ներքին եւ օտարերկրյա ներդրողների շրջանում: Ռուսաստանը զգալի առաջընթացի չի հասել օրենքի գերիշխանության կայացման բնագավառում, ինչը համարվում է ժամանակակից շուկայական տնտեսության հիմքը»,- արձանագրում է «Ֆորբսը»: Բիզնեսի համար աշխարհում լավագույն երկիր է ճանաչվել Դանիան. այստեղ բնակչության կենսամակարդակը «Ֆորբսը» գնահատել է ամենաբարձրը: Ըստ հանդեսի` Դանիայում իշխանությունները ամենաքիչ կոռումպացվածն են, եւ մասնավոր սեփականության պաշտպանվածության մակարդակն ամենաբարձրն է: Առաջատար տասնյակում Դանիային հաջորդում են Իռլանդիան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Կանադան, Սինգապուրը, Հոնկոնգը եւ նախկին խորհրդային երկրներից՝ Էստոնիան: Բիզնեսի համար վատագույն պայմաններն արձանագրվել են Տաջիկստանում, Սիրիայում, Զիմբաբվեում եւ Չադում: