ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավերը: Այդ մասին երեկ «Ազատությանն» ասել է ինքը` Արմեն Հարությունյանը, ով, չնայած դեռ նման հրավեր չի ստացել, սակայն հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից տեղեկացել է, որ այդպիսին լինելու է: Ա. Հարությունյանը միաժամանակ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները թերի կլինեն, եթե ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները չմասնակցեն դրանց: Հիշեցնենք, որ հանձնաժողովում պաշտպանին խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկելու առաջարկով հանդես է եկել ԵԽ ԽՎ-ն` ՀՀ-ի վերաբերյալ անցած շաբաթ ընդունած թիվ 1620 բանաձեւում: Ա. Հարությունյանի համար ընդունելի էր նաեւ հանձնաժողովի գործունեության նախկին սկզբունքը, մասնավորապես` իր մասնակցության մասով: Ավելի վաղ նա ասել էր. «Կարծում եմ, չարժե, որ մենք ընդգրկված լինենք այդ հանձնաժողովում, բայց պատրաստ ենք յուրաքանչյուր խնդիր, հարց, որ նրանք ունեն մեր հետ, մեզ պաշտոնապես դիմեն` մենք իրենց ներկայացնենք»: