Բա որ հանկարծ «ինչ ուզում են` ասե՞ն»

05/07/2008

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «դատարկ» են այն խոսակցությունները, թե այս տարվա ընթացքում ԼՂ խնդրի վերաբերյալ կողմերը կարող են որեւէ համաձայնագիր կնքել, քանի որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու այս տարվա հոկտեմբերին, իսկ ԱՄՆ-ում` նոյեմբերին:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համաձայնագրի կնքման վերաբերյալ մոտ ժամկետներ նշելով, ըստ քաղաքագետի, փորձում է ընդամենը ցույց տալ, որ ինքը շատ արդյունավետ աշխատող դիվանագետ է: Շաքարյանցին, որպես քաղաքագետի՝ կասկածելի է թվացել, որ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ` ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն, օրերս ներկա է եղել Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին, որի ժամանակ Ադրբեջանի նախագահը կրկնել է իր ռազմաշունչ հայտարարությունները: «Կասկածելի է, որ Ֆասիեն մասնակցում է Բաքվի զորահանդեսին, կասկածելի է նրա չեզոքությունը` որպես համանախագահ»,- հայտարարել է նա` հավելելով, որ ոչ միայն Ֆասիեին, այլեւ բոլոր համանախագահներին կարելի է մեղադրել անհետեւողականության մեջ: Լրագրողներից մեկի հարցին` այդ դեպքում ճիշտ չի՞ լինի արդյոք, որ ՀՀ-ն, ինչպես Ադրբեջանը, անվստահություն հայտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, Շաքարյանցը պատասխանել է, որ այդ խնդրի լուծումը կախված չէ ոչ Բաքվից, ոչ Երեւանից: «Մեծ քաղաքականությունը փոքր երկրների խաղը չէ, եւ եթե մեծ խաղացողները որոշեն, օրինակ, Ադրբեջանի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին Հարավսլավիայի հետ` դժվար թե Ադրբեջանից բան մնա»,- ասել է նա: Իսկ ինչպե՞ս է քաղաքագետը գնահատում այն փաստը, որ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների իրավիճակին նվիրված զեկույցում տեղ է գտել դրույթ, որի համաձայն՝ այդ երկրում ժողովրդավարությունը մեծ առաջընթաց չի կարող արձանագրել, քանի դեռ վերականգնված չէ նրա տարածքային ամբողջականությունը: Պատասխանելով այս հարցին, Շաքարյանցն ասել է, թե նման բանաձեւերը ոչ մի բան չեն նշանակում, քանի որ հակամարտության կարգավորման մանդատը տրված է ոչ թե Եվրոպայի խորհրդին, այլ կոնկրետ կազմակերպության` ԵԱՀԿ-ի Մինսկի Վեհաժողովին, իսկ մանդատը կարող է փոխվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Իսկ հարցին, թե ԼՂ բանակցություններում այսօրվա իրավիճակը արդյո՞ք հայկական կողմի համար ավելի նպաստավոր է, քան նախորդ տարիներին, Շաքարյանցը պատասխանել է, որ 2001թ. համեմատությամբ՝ կա որոշակի առաջընթաց, քանի որ արդեն ճշտված է, որ խնդիրը պետք է լուծվի երկրորդ հանրաքվեի արդյունքում, սակայն դեռ բաց է մնում, թե որ տարածքում եւ ինչ պայմաններում պետք է կայանա այդ քվեարկությունը: Նա ասել է, որ համաձայն է այն տեսակետին, թե բանակցությունների սեղանին դրված առաջարկները ձեռնտու չեն ոչ մի կողմի համար: «Հայաստանի դիվանագիտության հիմնական սխալն այն է եղել, որ իշխանությունները թույլ տվեցին, որ ԼՂ-ն դուրս մղվի բանակցություններից»,- հայտարարել է քաղաքագետը` ընդգծելով, որ թեեւ հիմա էլ միջնորդները, ինչ-որ առումով, հաշվի են նստում ԼՂ իշխանությունների հետ` այցելելով Ղարաբաղ, սակայն «1992-93թթ. ավելի շատ էին հաշվի նստում»: «Panorama.am»-ի թղթակցի հարցին, թե որ տարիներից է սկսվել ԼՂ-ն բանակցություններից դուրս թողնելու գործընթացը, նա պատասխանել է, որ դա եղել է Լիսաբոնյան գագաթաժողովից հետո, երբ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեց Հայաստան եւ նշանակեց վարչապետ, որով կարծիք ձեւավորվեց, թե «էլ ինչի՞ է պետք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, քանի որ ԼՂՀ նախագահը ՀՀ վարչապետ է դարձել»: Իսկ ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի Հայաստանը, որպեսզի Ղարաբաղը կրկին դառնա բանակցությունների լիիրավ կողմ: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ադրբեջանամետ բանաձեւը լավ առիթ էր, որ ՀՀ-ն հայտարարի եւ դուրս գա բանակցություններից: Նման առիթ է եղել նաեւ մարտի 4-ի հարձակումը հայկական դիրքերի վրա: ՀՀ-ն պետք է դուրս գար բանակցություններից եւ պահանջեր, որ Ադրբեջանը բանակցի ԼՂ-ի հետ,- ասել է նա՝ ավելացնելով, թե այդ քայլին հաջորդող քայլը պետք է լիներ այն, որ Հայաստանը պետք է ճանաչեր ԼՂՀ անկախությունն ու ասեր,- գնացեք, ինչ ուզում եք` ասեք»: Իրեն բազմափորձ ու լավատեղյակ համարող քաղաքագետը, սակայն, չի ավելացրել, թե ինչ կլիներ այդ քայլերի իրականացման, իսկ իրականում, ըստ էության, պատերազմ հայտարարելու դեպքում:

Երեւի նրանից է, որ ինքը «դատարկ խոսող մարդ չէ», ինչպես Մեթյու Բրայզան: