«Երկուսը պետք է միավորվեն եւ երկիրը հանեն այս իրավիճակից»,- ասում է անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը

05/07/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Որքանո՞վ է այսօր Հայաստանը կախված այս կամ այն երկրից:

– Ցանկացած երկիր այս կամ այն երկրից կախված է լինում, բայց քանի որ Հայաստանն արդեն քանի տարի գտնվում է գոյատեւման պայմաններում, ապա այսօր առավել քան ծանր է իրավիճակը: Միջազգային ասպարեզում մնալ-չմնալու խնդիրն է այսօր դրված: Արդեն առավել, քան ակնհայտ է, որ ՀՀ-ի` տնտեսական աննախադեպ աճի մասին հայտարարությունները սուտ էին: Դրսից ստացվող գումարների հաշվին էր ՀՀ-ն գոյատեւում, այդ գումարներն էին բանկերի միջոցով շրջանառվում: Եվ հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ում այսօր կառավարության ղեկավար է նշանակվել այն մարդը, ով դա անում էր: Բայց այսօր ՀՀ-ի ամենակարեւոր խնդիրը Ղարաբաղի հարցն է, որի կարգավորմանը տնտեսական եւ քաղաքական հարվածները կարող են մեծ վնասներ հասցնել: Դրսի ուժերին առհասարակ շատ դժվար է որեւէ երկրի ներսում որեւէ բան կառավարել, եթե տվյալ երկրի ներսում դա չեն ուզում: Ցավոք, մենք շատ հեշտ կառավարվում ենք, ենթարկվում ենք դրսի ուժերին: Մեր ժողովրդին համոզում ենք, որ եթե մեր մեջքին որեւէ հզոր երկիր կամ հզոր երկրի նախագահ է կանգնած, ուրեմն ամեն ինչ լավ է: Այդպիսով աշխարհին ցույց ենք տալիս, որ ինքնուրույն ոչինչ չենք կարող որոշել: Ամբողջ հայ ժողովուրդը, նույնիսկ անկախությունից հետո, մտածում է, թե դրսից ո՞վ, ո՞ր երկիրը պետք է Հայաստանի խնդիրները լուծի: Հենց այդ մտայնությունն էլ մեզ միշտ հարվածում է, կախվածության մեջ է գցում երկիրն ու ժողովուրդը:

– Մի առիթով ասել էիք, թե 1994թ. կնքված զինադադարի հայ-ադրբեջանական համաձայնագիրը սխալ որոշում էր, որը վնասներ հասցրեց մեզ:

– ԼՂՀ պատերազմի տարիներին կարողացանք աշխարհին ապացուցել, որ ծանր իրավիճակներում կարողանում ենք առավել ճիշտ որոշումներ կայացնել, որ մեր միտքը ծանրագույն պայմաններում ավելի լավ է աշխատում, քան խաղաղ պայմաններում: Պատերազմի միջոցով կարողացանք դիվանագիտական ճիշտ քայլեր կատարել: Իսկ զինադադարից հետո պետք է կարողանայինք տնտեսապես հզորանալ, հարեւան երկրներին` Ադրբեջանին ու Վրաստանին, պետք է կարողանայինք ապացուցել, որ իրենց տնտեսությունը կախված է մեզանից, եթե, իհարկե, գաղափարապես, տնտեսապես հզորանայինք, համաշխարհային տնտեսական լուրջ կապեր ստեղծեինք:

– Բայց դա չի նշանակում, որ հրադադարի համաձայնագիր կնքելը սխալ որոշում էր, պարզապես պետք էր հետո ճիշտ քայլեր կատարել:

– Մենք շատ լավ գիտեինք, որ Ադրբեջանն ունի ծով, նավթ, Վրաստանն ունի ճանապարհներ, եւ, որ զինադադարի դեպքում այդ երկրները պետք է օգտագործեին իրենց բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ՝ բնությամբ իրենց տրված հարստությունը: Դա պետք է գիտակցեինք ու սխալներ չգործեինք: Զինադադար կնքելուց առաջ պետք է ճանապարհներ ունենայինք, առնվազն պետք է այն շրջանները գրավեինք, որտեղով պետք է անցներ նավթամուղը: Այսինքն` այն պայմանները ունենայինք, որպեսզի հետագայում այդ երկրները միջազգային ասպարեզում չօգտագործեին մեր դեմ` տնտեսապես հզորացնելով իրենց երկրները: Նման իրավիճակում զինադադար կնքելն ահռելի վնաս ու հարված էր Հայաստանին, քանի որ մեր գրավյալ տարածքները միջազգային ասպարեզում որեւէ մեկին պետք չեն, չեն հետաքրքրում: Մենք պետք է փակեինք Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ ճանապարհը: Եվ երկրորդ հարվածը եղավ այն հիմքը, որ երկրում դրվեց Լ. Տեր-Պետրոսյանի օրոք: Միշտ ասել եմ, որ նրա ղեկավարման տարիներին ամենամեծ վնասներից մեկը հասցվեց մեր ժողովրդին. տեղի ունեցավ ընտանիքների քայքայում, քանի որ հայ տղամարդկանց մի մասը աշխատանք չունենալու պատճառով մեկնեց արտագնա աշխատանքի, մյուս մասը խեղճացավ, հոգեպես կոտրվեց, քանի որ այլեւս ի վիճակի չէր պահել իր ընտանիքը, ժողովրդի փախուստ սկսվեց: Այդ խնդիրն էլ ավելի խորացավ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին: Ցավալին այն է, որ երկրում մթնոլորտն ու հարաբերություններն այնքան են բարոյալքվել, որ նորմալ մարդիկ շարունակում են լքել Հայաստանը, եւ երկիրը դրսում ներկայացնում են օլիգարխները, մականունավոր մարդիկ, շուկաների-բենզալցակայանների տերերը, որոնք մշտապես աշխատել են հարկերից խուսափելով՝ անօրինական դաշտում: Այդ մարդկանց միջոցով այսօր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցեր են լուծվում, մեր գիտնականները նրանց անունով այսօր երդվում են: Երկրի ամբողջ դիվանագիտական հիմքը, ինչն էլ որ նախկինում դրվել էր՝ ոչնչացվեց: Այնպես արվեց, որ այլեւս ոչ ոք ի վիճակի չէ հզոր երկրների դիվանագետների հետ երկրի կարեւորագույն հարցեր քննարկել: Ժամանակին Ռուսաստանը, Ելցինը ՀՀ-ի հետ հաշվի էին նստում, քանի որ դեռեւս մեր գումարները ռուս չինովնիկների մոտ ինչ-որ դեր ունեին, կարողանում էինք հարցեր լուծել: Այսօր, սակայն, ՌԴ-ում այնքան գումար կա` եւ ժողովրդի ձեռքին, եւ բյուջեում, որ այլեւս ՌԴ-ին չենք կարող որեւէ բանով զարմացնել կամ գրավել: Ավելին, ինչ ունեինք, դա էլ տվեցինք նրանց, այլեւս տալու բան էլ չի մնացել: Իսկ ՌԴ-ն մեզ հետ կարող էր հաշվի նստել, եթե մենք, օրինակ, տարածաշրջանում ռազմավարական առումով շահեկան դիրք ունենայինք, կամ` դիվանագիտական հզոր միտք եւ քաղաքական-պետական լուրջ գործիչներ: Գազամուղը դեռ չկառուցված` Հայաստանն արդեն այն վաճառում է «Գազպրոմին»… Հասկանո՞ւմ եք, վաճառքի տարբեր ձեւեր կան: Իսկ այդ ընթացքում Եվրոպան, Անգլիան, որ լռություն էր պահպանում, անգլիական ընկերությունը Վրաստանում գործող ճանապարհը, երկաթուղին է վերցնում… Հիմա գազամուղը «Գազպրոմին» վաճառելը ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ քաղաքացու կենսապայմանների վրա: Դրանից նրա կենսապայմանները լավացե՞լ են: Պետք էր աշխարհի տարբեր երկրներին բաժնեմասեր տրվեին, որի արդյունքում այստեղ գործարաններ կկառուցվեին, աշխատատեղեր կբացվեին… Դիվանագիտական միտքն է նախապայմաններ ստեղծում երկրի համար նման կարեւոր գործարքներ կատարելու համար: Իսկ երբ դու քո տան պատերը վաճառում ես, այլեւս ոչինչ չես կարող անել: Աշխարհաքաղաքական, տնտեսական լուրջ խնդիրներ կան, որոնք առավելեւս Հայաստանի պես փոքր երկիրը չի կարող հաշվի չառնել: Այսօր ՌԴ միլիարդներն ուղղվում են գազամուղների եւ նավթամուղների կառուցման ու գործարկման վրա, քանի որ դեպի Եվրոպա միջանցք են ուզում կառուցել: Նավթի գինը, բարելը հասել է 120 դոլարի: Այն երկրները, որոնք նավթ չեն արտադրում, չեն կարող իրենք իրենց պահել, նույնիսկ եվրոպական այնպիսի հզոր երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, Իտալիան, եւ այլն: Իսկ արաբական երկրները, որտեղ նավթի ինքնարժեքը կոպեկներ է, իրենց գումարներով Եվրոպայում շատ շուտով կարող են ձեռք բերել բանկային, տնտեսական հզորագույն կառույցների խոշոր բաժնեմասերը, գրավել աշխարհը: Արդյոք հարյուրամյակներով զարգացած այդ երկրները այդքան հեշտությամբ թույլ կտա՞ն, որպեսզի արաբական երկրները նավթի վաճառքից ստացված գումարներով գնեն ամեն ինչ: Արդյո՞ք որեւէ խելացի քաղաքական գործիչ կարող է հավատալ, թե Ամերիկան կամ Եվրոպան վախենում են Իրանի միջուկային զենքից: Ոչ, նրանք վախենում են այն փաստից, որ Իրանը նավթի եւ գազի միջոցներով օր օրի տնտեսապես հզորանում է: Ու հիմա ամբողջ պայքարը նրանում է` արաբական երկրներին թույլ տա՞լ, թե՞ թույլ չտալ դա անել: Կամ, ինչպե՞ս դա թույլ չտալ: Իրավիճակի ելքերից մեկը Պարսից ծոցում ծավալված պատերազմն էր, որի արդյունքում Ռուսաստանը դարձավ հզոր մի երկիր` իր նավթային միջոցներով, որի արդյունքում նավթի գինը 6 դոլարից հասավ 120-ի: Այնպես որ, ամեն ինչ կախված է համաշխարհային գլոբալ գործընթացներից, գերհզոր պետությունների որոշումներից: Եվ այդ պայքարի ընթացքում մեր տիպի փոքր երկրները դիվանագիտական, քաղաքական սխալ որոշումների, քայլերի հետեւանքով իրենց դիրքերն ընդհանրապես կարող են կորցնել: Առավել եւս Հայաստանը, որի ժողովուրդը սոցիալապես ծանր վիճակում է, չի վստահում իշխանություններին, կոռուպցիան ահռելի ծավալների է հասնում, մարդիկ օտար երկրներում են դարձյալ աշխատանք փնտրում, այսինքն` երբ եւ երկրի ներսում է ծանր վիճակ, եւ աշխարհի հետ փոխհարաբերություններն են վատ:

– Ինչպես եք վերաբերվում այն կարծիքներին, որոնք Հայաստանում սկսված ընդդիմության շարժումը կապում են արտաքին ուժերի հետ:

– Առանց դրսի ազդեցության՝ նման հզոր շարժում չէր լինի, բայցեւ դրսի որեւէ միջամտություն նման էֆեկտ չէր ունենա, եթե վերջին 8 տարիների ընթացքում

ՀՀ-ում իշխանությունները հակաժողովրդական քաղաքականություն չվարեին: Երկիրը թուլացվել է այս տարիների ընթացքում, եւ դրսի ուժերը դա շատ լավ գիտեին, ինչն էլ օգտագործեցին` իրենց երկրների շահերից ելնելով: Ինչո՞ւ Լ. Տեր-Պետրոսյանը համաձայնեց մտնել խաղի մեջ: Նա լուրջ քաղաքական գործիչ է, եւ շատ լավ տեսնում էր, թե ինչով կավարտվի այդ ամենը` Ղարաբաղի կորուստ, երկրի ներսում միմյանց նկատմամբ թշնամանք, պատերազմ, ամեն ինչի կորուստ: Ցավոք, այնպիսի վիճակ է, որ Հայաստանից այլեւս ոչինչ կախված չէ: Իմ կարծիքով, նա դրսի որոշ ուժերի հետ զրույցներից հետո գնաց իր այդ քայլին, որպեսզի երկիրը հանի այս իրավիճակից եւ որպեսզի հետագայում ամբողջ մեղքն իր վրա չբարդվի: Իսկ Ռուսաստանն արդեն գիտակցում է, որ եթե հանկարծ տարածաշրջանում կորցնի Հայաստանը, ապա նա դրանով կկորցնի ամբողջ Կովկասը՝ մինչեւ Ռոստով ընկած հատվածը:

– Ե՛վ Լ. Տեր-Պետրոսյանը, եւ՛ Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, կարեւորում են ՌԴ-ի դերը: Իսկ ժողովուրդը մտածում է, որ նման գերհզոր երկրների գործոնն է մեր երկրում որոշիչը:

– Հզոր երկրներն այդ սխալ մտայնությունը օգտագործում են իրենց շահերի համար: Ինչպես, օրինակ, Անգլիան այդ հանգամանքն օգտագործեց իր շահերի համար: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, առհասարակ, երկրի գործող կառավարությունը պաշտպանում է այլ երկրի գործող կառավարությանը: Դա նկատելի էր նաեւ ՌԴ հեռուստաընկերությունների պատրաստած նյութերից. սկզբում միայն իշխանական թեւի տեսակետներն էին ներկայացվում, սակայն հետո, երբ նկատեցին, որ ժողովրդի մի մեծ զանգված դեմ է գործող վարչախմբին, սկսեցին ցույց տալ նաեւ ընդդիմության հանրահավաքները:

– Բայց արդյունքում ստացվեց, որ ՌԴ-ն նախապատվությունը տվել էր Սերժ Սարգսյանին:

– Այո, բայց այժմ ՌԴ որոշ քաղաքական գործիչների հարցազրույցներից կարելի է նկատել, որ ՌԴ-ն փորձում է չեզոք դիրք գրավել՝ գիտակցելով, որ հաշվի չառնելով ողջ իրականությունը եւ կորցնելով Հայաստանը, կարող է կորցնել ամբողջ Կովկասը: Հայաստանն ահռելի ծանր իրավիճակում է. հաշվի առնելով երկրի ոչ դեմոկրատական մթնոլորտը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, եթե կասեցվեն միջազգային օգնությունները, եթե Վրաստանի հետ ՌԴ բախումը սկսվի՝ ի պաշտպանություն Աբխազիայի, որի հետեւանքով սահմաններ կփակվեն, պատկերացնո՞ւմ եք, թե ՀՀ-ն ինչ շրջափակման մեջ կհայտնվի: Հիմա, սակայն, ոչ թե պետք է դրսին ինչ-որ բան ապացուցել, ցույց տալ, այլ պետք է երկրի ներսում քաղաքացիական հասարակությունը վերականգնել: Այսօր քաղաքական դեմքերը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը միավորվեն, որպեսզի նոր ուժեր գան, որպեսզի ղարաբաղյան սինդրոմը դուրս մղվի ժողովրդի միջից: Այսօր ժողովուրդը երրորդ ուժ է փնտրում, դա միակ տարբերակն է ՀՀ փրկության համար: Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար պետք է անկախ պատգամավորներից, իրավաբաններից կազմված խումբ ստեղծվի, քանի որ ժողովուրդը չի վստահում քննչական մարմիններին, որոնք կախված են գործող իշխանություններից: Այդ քայլով Սերժ Սարգսյանը ցույց կտար, որ մարտի 1-ի դեպքերը տեղի են ունեցել քաղաքական ճգնաժամի պատճառով, եւ ուրեմն, թող քաղաքական անկախ ուժերն ու իրավաբաններն էլ ուսումնասիրեն այդ նյութերը: Բայց ցավոք, այսօր չեմ տեսնում այն քաղաքական դեմքերին, որոնք կարող են նման մոտեցում ցուցաբերել:

– ԱԺ-ում էլ, ի դեպ, նման ուժերը քիչ են, օրինակ՝ «Ժառանգությունը» կարող է ստանձնել այդ դերը:

– Թող հենց «Ժառանգությանն» էլ վստահվեր այդ դերը: Արտախորհրդարանական ուժերից կարող էր միանալ նաեւ Ստեփան Դեմիրճյանը: Դա լուծում կլիներ: Այսօր շատերը բանտերում են, իսկ նրանց նստած լինելը ավելի վտանգավոր է պետության համար, քան նրանց՝ դրսում լինելը: Բայց այսօր ո՞վ կարող է նման խորհուրդներ տալ իշխանություններին, այսօրվա քաղաքական գործիչներից շատերին միայն հետաքրքրում է, թե ով՝ որ բիզնեսում քանի տոկոս փայ ունի, ինչի վաճառքից՝ որքան տոկոս կունենան… Ու ի՞նչ, նման մտածողության տեր մարդիկ կարո՞ղ են երկրի համար քաղաքական լուրջ որոշումներ կայացնել: Տպավորությունն այնպիսին է, որ երկրի ղեկավարին համոզում են ամեն օր սխալներ թույլ տալ:

Մի հարց տամ, այս ութ տարիների ընթացքում ՀՀ-ի ներքաղաքական պայքարն ինչի՞ շուրջ է եղել՝ թե ո՞ւմ մարդուն՝ ո՞ր պաշտոնում պետք է նշանակեն, ո՞ւմ ձեռքին պետք է կենտրոնանա բենզինի վաճառքը, ո՞վ պետք է ղեկավարի մաքսային, հարկային ոլորտները… Իսկ նման մարդիկ, ովքեր տարիներ շարունակ միայն պայքարել են մի քիչ ավելի բենզին ներկրելու, հարկերից խուսափելու համար, չեն կարող երկրի նախագահին խորհուրդներ տալ, օրինակ, որ պետք չէ խոնարհվել ՌԴ նախագահի առջեւ, ինչպե՞ս հարաբերվել ՆԱՏՕ-ի հետ, եւ այլն, եւ այլն: Բայց ես կողմնակից չեմ ՀՀ նախագահական արատահերթ ընտրություններին, այսօր չկա այն քաղաքական դաշտը, չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որ հայ ժողովուրդը կարողանա մեկ անձ ընտրել ու վստահել նրան: Իսկ Ազգային ժողովի լուծարումը պարզապես անհրաժեշտություն է: Այսօր ոչ մի անձ, անհատ ի վիճակի չէ երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Ժամանակին ես միշտ խոսել եմ նաեւ Տեր-Պետրոսյանի սխալների մասին, նա այսօր նաեւ պատասխան է տալիս իր նախկին սխալների համար: Ես ժամանակին միշտ իրեն ասում էի, որ պետք չէ պաշտոններ տալ այն մարդկանց, ովքեր պաչում են քո ոտքերը: Ժամանակին Վազգեն Սարգսյանը, առաջին օրերին, Տեր-Պետրոսյանի կողքին չէր նստում, ասում էր՝ «Երբ որ իմ նախագահը նստած ա, ես իրավունք չունեմ նստելու»: Բայց հետո այդ նույն մարդը զենքի ուժով նրան ասաց՝ «Գնա՛»:

– Իսկ ի՞նչպե՞ս եք մեկնաբանում քաղբանտարկյալների խնդիրը:

– Ռոբերտ Քոչարյանի այդ քայլով այսօր փողոցային ամեն մի սովորական հանցագործ կարող է եւ դարձավ քաղբանտարկյալ: Այնքան մարդիկ կային, որոնք դեմ էին այս կառավարությանը, եւ միշտ անօրինական են գործել, հանցագործություններ են կատարել, սակայն այսօր դարձել են քաղբանտարկյալ: Ու այսօր ձերբակալված՝ իրենք իրենց կոչում են քաղբանտարկյալ: Գիտեք, ձերբակալված այդ նույն մարդկանցից շատերը Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ նույն դերն էին կատարում՝ հակառակ կողմից: Այսօր ես մարդիկ գիտեմ, որոնք նրա հրամանով Աշոտ Մանուչարյանի դեմ էին նույն բանը կատարում: Երբ որ Ներքին գործերի նախկին աշխատակիցը իրեն քաղբանտարկյալ է համարում, դա ոչ միայն ծիծաղելի է, այլեւ ծանր է ընկալելը: Այդ նույն մարդիկ հրաման կատարողներ էին. Տեր-Պետրոսյանի օրոք այլ հրաման էին կատարում, Ռոբերտ Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի օրոք՝ այլ: Նրանցից շատերն իրենց մասին քաղբանտարկյալ բառն օգտագործելով՝ իրենց պաշտպանում են քրեական տարր կոչվելուց: Իհարկե, այսօր կան նաեւ մարդիկ, որոնք նստած են իսկապես իրենց գաղափարների համար:

– Ի վերջո, այսօր կա՞ այդ ուժը, որը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից:

– Մի շարք կարեւոր քայլեր են պետք կատարել, որոնց մասին արդեն նշեցի: Ոչ միայն քաղաքական, այլեւ դիվանագիտական ճիշտ քայլեր: Երկրին սպառնում է նաեւ տնտեսական ճգնաժամը, ամբողջ աշխարհն է այսօր նավթային ճգնաժամի մեջ: Մինչեւ ՀՀ նախագահական ընտրությունները, մինչեւ մարտի 1-ը ՀՀ-ում ուժ կար, այսօր չկա: Ժողովուրդը եթե ուրիշ անուն տեսներ, կգոռար, որովհետեւ զզվել է այս վիճակից: Իշխանությունների՝ բյուջե հավաքելու միակ միջոցը ամեն ինչի խստացումն է: Դա ելք չէ:

Այսօր Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ս. Սարգսյանը միասին պետք է ճիշտ քայլեր կատարեն: Տեր-Պետրոսյանը կարող է իսկապես դիվանագիտական ճիշտ քայլեր անել եւ արդյունքի հասնել, նա լավ դիվանագետ է: Նրա կողքին էլ ես այսօր տեսնում եմ մարդկանց, ովքեր ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի կողքին կանգնածներից շատերը, որոնք պարզապես փող աշխատող մարդիկ են, եւ բացի իրենց ունեցածը պաշտպանելուց՝ ոչինչ անել չեն կարող: Իսկ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնածներից շատերը քաղաքական նենգեր են: Պարզապես առայժմ նա նրանց չի կարող իր կողքից հեռացնել, այդ իսկ պատճառով՝ դիմանում-հանդուրժում է: Այսօր Սարգսյանը եւ Տեր-Պետրոսյանը պետք է միավորվեն եւ անհապաղ գնան ԱԺ ընտրությունների ու ապացուցեն ժողովրդին, որ ազնիվ քաղաքական գործիչները երկրի համար ավելի կարեւոր են, քան անօրինական գումարների տեր դարձած դեմքերն՝ իրենց հովանավորյալներով: Այսօր կան քաղաքական ազնիվ, ինքնուրույն մտածող, խելացի քաղաքական-տնտեսական գործիչներ, այդ թվում՝ կին գործիչներ: Պարզապես այդպիսի քաղաքական անձերին ժողովուրդը չի ճանաչում, մամուլն էլ, հասկանալի պատճառներով, նրանց չի ներկայացրել հասարակությանը: Այդ պատճառով այսօր այդ դերը կարող են ստանձնել միայն Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ս. Սարգսյանը:

Նրանք կարող են միասին փրկել երկիրը: Պետք է համաձայնության գան անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, հավատ ներշնչեն ժողովրդին: Ժողովուրդը այլեւս պատրաստ է այդ ընտրություններին: Պետք է ստեղծեն երրորդ ուժը: Պետք է միասին կարգավորեն երկիրը, հաղթահարեն տնտեսական այս ճգնաժամը եւ համաշխարհային մարտահրավերներին դիմակայեն: Պետք է ստեղծեն այդ կարող ուժը եւ երկուսն էլ հեռանան:

– Եթե փրկեն երկիրը, ինչո՞ւ պետք է հեռանան:

– Որովհետեւ պատերազմողը` Սերժ Սարգսյանը, ու հեղաշրջողը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չեն կարող դեմոկրատական երկիր կառուցել, այն էլ՝ այսպիսի ծանր տնտեսական իրավիճակում: Նրանք պետք է ահռելի ուժ իրենց մեջ գտնեն, հանուն հայ ժողովրդի այդ քայլը կատարեն ու կարողանան իրենց մեջ ուժ գտնել՝ հեռանալ: Նույնիսկ Ջորջ Վաշինգտոնը դա արեց, իր հեռանալուց առաջ նա ասաց. «Ես իմ գործը կատարել եմ, բայց այլեւս չեմ կարող երկիրը դեմոկրատական ճանապարհով զարգացնել»: Իսկ հետո ԱՄՆ նախագահ դարձավ Աբրահամ Լինկոլնը, որը մինչեւ ընտրությունները համարվում էր թույլ մարդ՝ նույնիսկ իր ընտանիքում, բայց ինքը դարձավ այդ ժամանակի ամենակարեւոր պատմական-քաղաքական դեմքը, որը երկիրը դրեց դեմոկրատական ուղու վրա: