Երեւանյան 8 թերթերի խմբագիրներ (այդ թվում` «168 Ժամի»), ինչպես նաեւ՝ Երեւանի Մամուլի ակումբը եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրակազմը նամակով դիմել են արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, հորդորելով նպաստել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը: «Ընթացիկ ամսին լրանում է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հերթական հնարավորությունն ուսումնասիրելու ժամկետը: Գրեթե մեկուկես տարի է, ինչ Արման Բաբաջանյանը ենթակա է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն չնայած քրեակատարողական հիմնարկների զույգ միջնորդություններին` «անկախ» հանձնաժողովն առանց հիմնավորման երկու անգամ նրան հնարավորությունից զրկեց օգտվել օրենքով վերապահված վաղաժամկետ ազատումից: Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցների ղեկավարներ եւ որպես «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործընկերներ, ակնկալում ենք, որ Ձեր անմիջական հսկողությամբ հնարավորություն կստեղծեք Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կողմից «անկախ» հանձնաժողովին միջնորդության համար»,- նշված է Արդարադատության նախարարին ուղղված նամակում, որի հեղինակների կարծիքով՝ Արման Բաբաջանյանի ազատ արձակումն «էականորեն կլիցքաթափի երկրում պրկված քաղաքական լարվածությունը»: