Ո՞վ է Սերժ Սարգսյանի ամենամեծ հակառակորդը

05/07/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Հայաստանում իրավիճակը շարունակում է գնահատվել որպես ներքաղաքական ճգնաժամ: Եթե չեմ սխալվում, այդպիսին է նաեւ Ձե՛ր գնահատականը:

– Կարծում եմ` ընտրություններից հետո ճգնաժամը նոր է սկսվում: Պատճառն այն է, որ իշխանությունները չեն տվել կարեւորագույն մի շարք հարցերի պատասխաններ: Այս ճգնաժամը միայն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ չէ: Կարող եմ ասել, որ այսօր Սերժ Սարգսյանի ամենամեծ հակառակորդը Ռոբերտ Քոչարյանն է: Սերժ Սարգսյանին շատ հզոր ճնշման տակ են պահում թե՛ միջազգային կառույցները, թե՛ Հայաստանի հասարակությունը, թե՛ Քոչարյանն` իր խմբով: Սակայն Սերժ Սարգսյանն ունի եւս մի հակառակորդ` ժամանակը: Նրանից կարճ ժամանակում ակնկալվում են բարեփոխումներ, փոփոխություններ: Շատ հետաքրքիր է հետեւել այս պրոցեսին:

– Հետեւելը գուցեեւ հետաքրքիր է, սակայն ներքաղաքական ճգնաժամը, սպորտային հետաքրքրություն ներկայացնելուց բացի` ազդում է հասարակության տրամադրության, պետական եւ անգամ՝ մասնավոր կառույցների աշխատանքի արդյունավետության վրա: Մարդիկ հոգեբանական անհասկանալի վիճակում են. լավ չեն պատկերացնում` Սերժ Սարգսյանը եկե՞լ է, Քոչարյանը հեռացե՞լ է, Տեր-Պետրոսյանը վերադառնո՞ւմ է:

– Իմ կարծիքով, ամեն օր Սարգսյան-Քոչարյան պայքարում Սերժ Սարգսյանի դիրքերն ամրանում են, իսկ Քոչարյանի դիրքերն ամեն օր թուլանում են: Ամուր են նաեւ Տեր-Պետրոսյանի դիրքերը` որպես ընդդիմության առաջնորդի:

– Թեեւ Սերժ Սարգսյանի՛ թշնամիների ցանկում նշեցիք նաեւ ժամանակի գործոնը, այդուհանդերձ, կարծում եք, որ ժամանակն աշխատում է նաեւ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի՞:

– Այո, իբրեւ հին նախագահ, Քոչարյանը փակում է իր հետեւից պատուհանը: Նա ունի ընդամենը հինգ-վեց ամիս` պահելու իր երբեմնի զորությունը: Կարելի է զուգահեռ անցկացնել Պուտին-Մեդվեդեւ զույգի միջեւ: Մեդվեդեւը իբրեւ Ռուսաստանի նոր նախագահ՝ թեեւ համաձայն է Պուտինի քաղաքականությանը, սակայն ունի իր ծրագիրը: Սերժ Սարգսյանը եւս ցույց տվեց, որ իր քաղաքականությունը տարբերվում է Քոչարյանի քաղաքականությունից, որ ինքը նախապատվությունը տալիս է պրոֆեսիոնալներին: Օրինակ` վարչապետի պաշտոնում՝ Տիգրան Սարգսյանի, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Ներսես Երիցյանի նշանակումները շատ կարեւոր եմ համարում: Սակայն ներքին վիճակը բարդ է:

– Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին պահել իշխանությունը: Այս կապակցությամբ իրարամերժ երկու կարծիք կա: Նախ, կարծիք կա, թե Սերժ Սարգսյանը չի կարողանա իրականացնել խոստացած բարեփոխումները, հետեւաբար՝ նրա նախագահությունը երկար չի տեւի եւ կեզրափակվի նախագահական նոր ընտրություններով: Մյուս տեսակետի համաձայն` Սերժ Սարգսյանը փորձում է թուլացնել Քոչարյանի դիրքերը, միջազգային ճնշումների տակ մեղմացնել ընդդիմության հանդեպ կոշտ եւ ոչ օբյեկտիվ դիրքորոշումը, եւ այդ գործողությունները նրան թույլ կտան մնալ իշխանության ղեկին:

– Բաց խոսենք: Իմ կարծիքով, նախագահ Քոչարյանի ժամանակն անցել է: Նախագահական նոր ընտրությունների անցկացումը համարում եմ տեխնիկապես անկարելի: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովուրդն այլեւս նույնը չէ: Ե՛վ իշխանությունը համալրած քաղաքական ուժերը, եւ՛ հասարակությունը հասկացան, որ անհնար է վերադառնալ այն ստատուս-քվոյին, որը կար մարտի 1-ից առաջ: Կարծում եմ, այս իշխանությունները հաջողություն կունենան, եթե բարեփոխումները լինեն ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական: Ես սպասում եմ, որ ավելի վտանգավոր ճգնաժամ կարող է սկսվել Հայաստանում` տնտեսական ճգնաժամ: Սննդամթերքի եւ բենզինի գների բարձրացման փոթորիկը շարժվում է Հայաստան: Եվ կարծում եմ` ղեկավարությունը պետք է կարողանա հաղթահարել այս ճգնաժամը: Չեզոք դիրքերից նայելով` հասարակության քաղաքական անհամաձայնությունը ոչ թե Տեր-Պետրոսյանի կամ Սարգսյանի համար է, այլ դա անհամաձայնություն է այն բեւեռացմանը, որ կա Հայաստանում: Տեսեք օլիգարխների եւ միջին հայաստանցիների կենսամակարդակների ահռելի տարբերությունը:

– Ձեր խոսքերից կարելի՞ է հետեւություն անել, որ Դուք, ինչպես որոշ վերլուծաբաններ, մարտի 1-ի իրադարձություններից առաջ եւ հետո կատարված դեպքերի հիմնական մեղավոր եք համարում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Սերժ Սարգսյանի դերակատարությունը, մեղքի բաժինը նվազեցնում եք:

– Մարտի 1-ին 10 մարդ սպանվեց: Սա արդեն չափազանց էր: Մարտի 1-ին, ճիշտ է, տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի երեսը, լսել ենք նրա խոսքը, նրա անմիջական հրահանգով է կատարվել այն, ինչ եղավ, բայց նվազեցնել Սերժ Սարգսյանի դերակատարությունը, դժվար է, քանի որ նա այդ ժամանակ արդեն նախագահ էր (ճիշտ է, դեռեւս առանց երդմնակալության), սակայն դեռեւս գործող վարչապետ էր: Հետեւաբար, կապ ունի այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ: Եվ հետո, եթե Աղվան Հովսեփյանը շարունակում է մնալ գլխավոր դատախազ, ուրեմն նվազեցնել Սերժ Սարգսյանի դերը ճիշտ չէ:

– Իշխանությունները ստանձնել են կատարել ԵԽ ԽՎ բանաձեւի հայտնի պահանջները, սակայն հասարակությունն իրավունք ունի այդ քայլը չհամարել բարի կամքի դրսեւորում, ժողովրդին ընդառաջ գնալու ցանկություն, քանի որ դրանք ոչ թե կամավոր, այլ դրսի ճնշման, պարտադրանքի արդյունքում արված քայլեր են: Չե՞ք կարծում, որ հանրահավաքների անցկացման մասին օրենքը մեղմացնելուց, քաղբանտարկյալներին ազատ արձակելուց անկախ` իշխանություններն անցել են ռուբիկոնը, եւ արժանանալ ժողովրդի վստահությանն՝ անչափ դժվար է, համարյա անկարելի:

– Միջազգային կառույցների պահանջների բուն իմաստը ոչ թե Հայաստանին պատժելն է, այլ Հայաստանին օգնելը: Երբ ասում են` քաղաքական երկխոսություն, ասեմ, ինձ համար կարեւորն այդ երկխոսությունը չէ, այլ կարեւոր են քաղաքական դեբատները: Վերջին 10 տարում Հայաստանում շատ վատ էր. կար ղեկավար, որի որոշումները փակ էին, սխալ, ամոթալի: Եվ այս մոդելը պահելն անկարելի էր:

– Գիտեմ, որ խիստ դրական եք գնահատում հունիսի 20-ի հանրահավաքը, քանի որ, ըստ Ձեզ, այն ցույց տվեց, որ հասարակությունը շարունակում է դժգոհ մնալ, որ ընդդիմության ռեսուրսներն առայժմ բավարար են` պայքարը շարունակելու համար: Ամեն դեպքում` թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը գործողությունների երկարաժամկետ մշակված ծրագիր, կարծես, չունի: Հանրահավաքները, որքան էլ շարունակական լինեն, պետք է ունենան իրենց տրամաբանությունը, ռազմավարությունը: Իշխանությունների անհասկանալի անհանդուրժողականությունն ընդդիմության հանդեպ եւս անտրամաբանական ու անհեռանկար է:

– Գուցե սխալ եմ, սակայն այսպես եմ մտածում. ընդդիմության կողմից իշխանություններին հասցված հարվածն արդեն իրականություն է. միջազգային ատյանները Հայաստանին տվել են կոշտ գնահատականներ, ընտրությունների մասին զեկույցները կասկածի տակ են առնում ընտրությունների ազատությունն ու թափանցիկությունը: Սակայն ասեմ, որ Հայաստանն այս տարածաշրջանում այն երկիրն է, որն ունի մի արժեքավոր բան, ինչը չունեն ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը: Կայունությո՛ւն: Եվ անգամ մարտի 1-ի դեպքերից հետո մենք ավելի կայուն ենք, քան տարածաշրջանի մեր հարեւանները: Սակայն այդ կայունությունը պետք է ոչ միայն ունենալ, այլեւ ցույց տալ: Հասկանում եմ, թե ինչու եք ինձ վրա զարմացած նայում: Մինչեւ հիմա կայունություն ասելով՝ հասկացել ենք Ռոբերտ Քոչարյանի հայտարարած տնտեսական աճը, եւ նա դա գործադրեց քաղաքական նպատակներով: Սակայն թվերը, կներեք, հավատ չեն ներշնչում. մեծ տարբերություն կա կյանքի եւ թվերի միջեւ: Եվ դա ակնհայտ է հատկապես մարզերում:

– Նշեցիք, որ կողմերից որեւէ մեկը չունի ծրագրված գործողությունների երկարաժամկետ ծրագիր: Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչի՞ վրա են հենված ապագա գործողությունները` պահի թելադրանքի՞, թե՞, ինչպես ընդունված է կարծել, դրսի ուժերի միջամտության նժարի:

– Դժվար է խոսել երկարաժամկետ ծրագրերի մասին, հատկապես՝ որ տարբեր իրավիճակների նկատմամբ գոնե իշխանությունների ռեակցիան անհասկանալի է եւ ոչ ադեկվատ: Օրինակ` անհասկանալի էր այն արագությունը, որով ձերբակալեցին ընդդիմության ներկայացուցիչներին, եւ այն էլ՝ մարտի 1-ի լարվածությունից հետո: Այլ երկրների օրինակն ինչպե՞ս է. եթե մեկն այս ղեկավարին չհամակրելով` դուրս է գալիս փողոց, չի նշանակում, թե նա դավաճան է եւ պետք է անհապաղ տեղափոխվի բանտ: Իշխանությունների որոշումները ցույց տվեցին, որ ավելի վտանգավոր էր ոչ թե ընդդիմության, այլ իշխանությունների ռեակցիան:

– ԵԽ ԽՎ-ն Հայաստանին տվեց եւս մի քիչ ժամանակ` կատարելու 1609 բանաձեւի պահանջները: Դրանք ամբողջովին կատարելը, այսինքն` անխտիր բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելն իշխանության կողմից փոքր-ինչ անհավանական է: Հավանական համարո՞ւմ եք, որ մեր երկրի դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ, որոնք կհարվածեն, դիցուք, քաղաքական եւ տնտեսական վերնախավին:

– Այո, սանկցիաների վտանգն իրական է: Բայց ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի մոտեցումը հատուկ է նման դժվար կացության մեջ հայտնված երկրների հանդեպ: Չարժե մոռանալ, որ Հայաստանն ավելի շատ կայունություն է տալիս, քան հարեւան Ադրբեջանն` իր նավթով: Եթե Հայաստանը դիտենք տարածաշրջանում տիրող իրավիճակի կոնտեքստից դուրս, կարելի է ասել, որ Հայաստանում վտանգավոր շրջան է, սակայն աշխարհաքաղաքական նման զարգացումների կոնտեքստում աշխարհի հզոր երկրները Հայաստանին պետք է օգնեն, ոչ թե պատժեն:

– Դուք իշխանական թեւի ականջին հաճելի վերլուծություններ անող վերլուծաբանի համբավ ունեք: Նման գնահատականներից չե՞ք կաշկանդվում:

– Իբրեւ վերլուծաբան` անկախ եմ: Իմ մտքերը չեմ համաձայնեցնում ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Երեւանում, ո՛չ այլ տեղ: Մտքերս, հոդվածներս մի դեպքում հավանում են ղեկավարները, մյուս դեպքում` ընդդիմությունը: Հաճախ` ո՛չ այս, ո՛չ մյուս կողմը: Պարզապես իմ գործողությունները թելադրված են մի օրինաչափությամբ. օրինակ` ԱՄՆ նախագահ Բուշին ես չեմ սիրում, ես դեմոկրատ եմ, բայց հարգում եմ նրա պաշտոնը, ոչ թե նրան: Նույն կերպ` նաեւ Հայաստանում: Հարգում եմ նախագահի աթոռը, սակայն անհամաձայնություններս չեմ թաքցնում: Գիտեք, մեր ազգին սպառնացող ամենամեծ վտանգը դրսում չէ, Ադրբեջանում կամ Թուրքիայում չէ, այլ մեր ներսում: Խոսքը կոռուպցիայի մասին է, որը տարածվում է մեր պետության մեջ` քայքայելով այն: Կկարողանա՞ նախագահը պայքարել դրա դեմ: Հուսանք, սակայն քայլերն առայժմ ռադիկալ չեն: