Հայոց այբուբենի յոթերորդը՝ է

05/07/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լեզուն այն շինանյութն է, որով կառուցվում է մտքի տունը, եւ մեզնից է կախված, թե այդ տունը կառուցելիս ինչ շաղախ կընտրենք եւ ինչպիսին կլինի այդ տունը։

Մեր կյանքը հակադրությունների միասնություն է եւ հաճախ այնպիսի միասնություն, որ անգամ այդ օրինաչափության մեջ չի տեղավորվում։ Ասենք, մեր երկրում դեռ շատ կան մի ոտքի վրա ճոճվող փայտաշեն արտաքնոցներ, բայց եւ մյուս կողմից՝ հախճապակե թանկարժեք կոնքերը մուտք են գործում մեր եվրոնորոգված (նույնն է՝ պՉՐՏՐպՎՏվՑ) բնակարաններ. այս հակադրությունն, իհարկե, օրինաչափ միասնություն է, սակայն այս միասնության օրինաչափությանը խանգարում է մեր գիտակցության մեջ դեռեւս իշխող փայտե արտաքնոցի պատկերը, որը, կենցաղում իր տեղը կորցնելով, հաստատվում եւ բետոնում է այն լեզվաշաղախը, որով կառուցում ենք մեր մտքի տունը։ Մեզ խանգարում է հնոտիքից ազատվելու վախը, ու մեզ թվում է, թե մեր գիտակցությունն այն խորդանոցն է, ուր պետք է տեղավորել կենցաղի աղբը։ Եվ ահա այստեղ է առաջանում հակադրությունների այն միասնությունը, որն օրինաչափության ճողվածք է առաջացնում. կենցաղի մաքրվելու համեմատ աղտոտվում է գիտակցությունը։

21-րդ դարն է, եւ մենք օգտվում ենք ճշգրիտ ծրագրավորում ունեցող սարքավորումներից. ընդամենը սեղմում ենք որոշակի կոճակներ եւ ստանում մեր ցանկացած գործողությունը. մեքենաները մեր մտածողության արգասիքն են, բայց մենք արդեն ստիպված ենք ենթարկվել այն ծրագրին, որ դրել ենք դրանց հիմքում, այլապես կա՛մ ծրագիրը կխափանենք, կա՛մ մեքենան, եւ մենք կմնանք ձեռնունայն։ Այսպես էլ՝ լեզուն. այն ծրագրավորվել, մշակվել է դարերի ընթացքում եւ այսօր մեզ հասել պատրաստի վիճակում, ու մենք՝ փոխարենը յուրացնենք նրա «կոճակները», փորձում ենք դրանց տեղերը փոխել, կամայականորեն այլ ծրագիր դնել նրա մեջ եւ խափանել այն կոդը, որը լեզուն ներկայացնում է իր բնական, ճշգրիտ վիճակում։ Ինչպես սարքավորման, այնպես էլ՝ լեզվի «կոճակներում» որեւէ պատահական բան չկա. փորձենք հասկանալ այն իրողությունը, որ այսօր կատարվում է մեր լեզվի հետ. այսպես կոչված, «նորագույն մտածողները» որոշել են գյուտ անել՝ «եվրոնորոգելով» մեր լեզուն (հիշողության մեջ, անշուշտ, պահպանելով փայտե արտաքնոցների պատկերը), եւ նրանց գյուտը եղել է այն, որ լեզվից վտարում են մշակութային կոդը, հենվելով խոսակցական «արա»-ի ու ա հոդակապի վրա. սա, ըստ էության, իրար բան ասելու կամ բամբասելու լեզու է եւ ոչ՝ մտածողություն: Այս լեզվով կարող ես միայն բերանդ ծռելով հարեւանիդ սուրճ խմելու կանչել եւ ոչ երբեք՝ բանաստեղծություն գրել կամ աստղ հայտնաբերել (խոսքս երգողների մասին չէ)։ Այն, որ որոշ մարդիկ դժվարանում են արտասանել հայոց այբուբենի յոթերորդ հնչյունը, ոչ թե այբուբենի կամ մեր լեզվական համակարգի, այլ իրենց մեղքն է։ Յուրաքանչյուր մարդ կարող է բացել, ասենք, Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» եւ հետաքրքրվել, թե ինչ բան է, ըստ էության, Է օժանդակ բայը (հ. Ա-Ձ, հոդվ. Է). այնտեղ գրված է, որ այն «էական բայի սհմ. ներկայի եզ. 3-րդ դեմքի» ձեւ ցույց տալուց բացի՝ նաեւ նշանակում է «1. էակ, գոյակ։ 2. էություն… 3. Աստված»։ Պարզ է, որ խոսակցական ա-ն նման հատկանիշներ չի կրում եւ իր, այսպես ասենք, բարոյական ու մտածողական հատկանիշներով չի կարող փոխարինել է-ին։ Է օժանդակ բայը կիրառում ենք մեր զրույցից բացակա 3-րդ անձի հասցեին, այսինքն՝ նրա դերակատարությունն այն է, որ հատկանիշներով պարզապես թույլ չի տալիս բացակայի մասին անհարգալից վերաբերմունք դրսեւորել. այն մեզ պարտադրում է լինել կոռեկտ եւ զուսպ, քանի որ բացակայողը չի կարող մեզ ուղղակիորեն պատասխանել, այսինքն, այն պաշտպանում է բացակայողի՝ մեզ պատասխանելու իրավունքը։ Է-ի ներկայությունն ապահովում է լեզվի եռադեմ համակարգը՝ ես, դու, նա (եմ, ես, է), եւ այդ համակարգում բոլորի հավասար իրավունքները (թե՛ ներկաների, թե՛ բացակայողի), ու քանի որ զրույցը վարում ենք ես ու դու, մենք միմյանց հանդեպ, պարզ է (որքան էլ չհամակրենք միմյանց), պահպանում ենք որոշակի պատշաճության մակարդակ եւ այս նույն մակարդակով վերաբերվում ենք մեզնից բացակայի հասցեին, երբ նրա փոխարեն ներկա է Է-ն, բայց երբ այս Է-ն փոխարինում ենք ա-ով, որ գրական հայերենում ոչ թե օժանդակ բայի (այսինքն՝ գործողություն կատարողի) դերակատարություն ունի, այլ հոդակապի (որը ոչ թե գործողություն է կատարում, այլ միավորում է մեկ բառի տարբեր արմատներ), լեզվից դուրս ենք մղում ոչ միայն երրորդ դեմքի գործողության «նշանը», այլեւ հենց գործողություն կատարողին, այսինքն՝ երրորդ անձին՝ մեզնից բացակայողին։ Արդյունքում ես ու դու-ն մնում են երկուսով (երրորդ դեմքը ոչ միայն բացակա է, այլեւ առհասարակ չկա, գոյություն չունի, այսինքն՝ չկա Էակը, Գոյակը, չկա Էությունը, հետեւաբար՝ նաեւ Աստված). չկա Արարիչը, իսկ ես ու դու կարող ենք դառնալ ընդամենը մի ամբողջի երկու բաղադրիչ, ոչինչ ավելի. մենք Աստված չենք, մենք չենք ստեղծողը. մենք սպանեցինք Արարչին, եւ սպառվելու ենք ինքներս մեզնով։ Եվ պատահական չէ, որ մեր մշակույթի եւ իրականության մեջ ներխուժեց աստվածամերժության գաղափարն ու առանց Աստծու ապրելու հորդորը (գիտակցված թե չգիտակցված), իսկ լեզուն մեր պետականության հիմքն է, մեր գոյատեւման պայմանը, մեր աշխարհագրությունը… Այս մի օրինակն էլ, կարծում եմ, բավական է հասկանալու այն ավերչությունը, որ թույլ ենք տալիս մեր լեզվական մշակույթի, մտածողության, բարոյականության, մեր արժեքների հանդեպ, երբ առանց հասկանալու սեղմում ենք ոչ այն կոճակը, որ պարտավոր ենք սեղմել, որքան էլ այն դուր չգա մեր քիմքին, որքան էլ չլինի մեր ճաշակով ու չսազի այսօրվա մեր հագուկապին, որքան էլ պարտադրված լինենք չարչարելու մեր մատը, որպեսզի չխափանվի այն կոդը, որը դեռեւս մի բենդերաչափ արժանապատվություն ունի ասելու. «Մի դիպչեք ինձ. ես հպարտ եմ այլեւս» (ուշադրություն դարձրեք այդ նշանին. տեսեք, թե ինչպես ձիգ ու հպարտ է կանգնած, մենակ ու եզակի՝ Է)։