Մեր թերթի հինգշաբթի օրվա համարում տպագրված «Ֆինանսական հաշտարա՞ր, թե՞ տնտեսական մազոխիզմ» հոդվածում անդրադարձել էինք ֆինանսական ծառայությունների ոլորտին վերաբերող՝ վերջերս ընդունված օրենսդրական փաթեթին, մասնավորապես, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքին ու այդ օրենքի մի շարք դրույթների։ Օրենքը եւ դրան առնչվող մեր հրապարակումը պարզաբանելու ցանկություն էր հայտնել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը։
Օրենքի հետ կապված ամենակարեւոր խնդիրը, թերեւս, այն էր, որ Ֆինանսական հաշտարարի վճռից դժգոհ ֆինանսական կազմակերպության առջեւ դատարան դիմելու ժամկետային սահմանափակում է դրվում։ Վ. Ավետիքյանի խոսքերով, օրենսդրությունը նախատեսում է որեւէ դեպքում հայտային վաղեմության ժամկետները, այսինքն՝ երբ կարելի է դատարան դիմել։ «Երբ դու ժամկետը բաց ես թողնում, ապա, բացառությամբ բացառիկ դեպքերի, դատարանը կարող է կիրառել կողմերից որեւէ մեկի պահանջը՝ հայցային վաղեմության հետ կապված։ Այսինքն՝ էդ կոնցեպցիան կա»,- ասում է ԿԲ-ի իրավաբանը։ Նշված օրենքում դրված է հետեւյալ սկզբունքը. հաշտարարի վճռից հետո բանկը կամ ֆինանսական այլ կազմակերպությունները 1 ամիս ունեն, որպեսզի այդ հարցի հետ կապված դիմեն դատարան։ Վ. Ավետիքյանը պարզաբանում է, թե ո՞րն է այդ սահմանափակման իմաստը. «Ֆինանսական հաշտարարի կառույցը ֆինանսական կազմակերպությունների կառույցն է, իրենք ինքնակարգավորվում են այդ կառույցի ներքո՝ իրենք նշանակում են Ֆինանսական հաշտարարին, իրենք ազատում են, իրենք վերահսկում են, իրենք ֆինանսավորում են։ Իրենք են այդ կառույցի՝ լավ աշխատելու պատասխանատուն։ Եվ եթե իրենք չեն վստահում իրենց կողմից կառավարվող կառույցին կամ նրա կայացրած որոշումներին՝ բարի, թող գնան դատարան։ Բայց ժամկետային սահմանափակում է նրանց համար գործում, որ հավերժ չսպասեցնեն այն հաճախորդին, ով դիմել է Ֆինանսական հաշտարարին»։
Վ. Ավետիքյանը չի կիսում այն մտահոգությունը, որ հենց վերը նշված հանգամանքը՝ երբ ֆինանսական կազմակերպություններն իրենք են նշանակելու եւ ազատելու, իրենք են վերահսկելու Ֆինանսական հաշտարարին՝ խորհրդի 4 անդամների միջոցով, կարող է կաշկանդել հաշտարարի գործունեության ազատությունը։ Իրավաբանը դա բացատրում է նրանով, որ խորհրդում իրենց անդամներն ունեն նաեւ ՀՀ Կենտրոնական բանկն ու կառավարությունը, ինչպես նաեւ՝ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները։ Այսինքն՝ այնպես չէ, որ ֆինանսական կազմակերպություններն անելու են իրենց սրտի ուզածը։ Բացի այդ, եթե Ֆինանսական հաշտարարն իր ֆունկցիան պատշաճ չկատարի, այսինքն՝ օբյեկտիվ չգտնվի եւ հաճախորդի շահերին դեմ որոշումներ ընդունի, ապա վստահությունն այդ կառույցի նկատմամբ կթուլանա եւ մարդիկ այլեւս չեն դիմի Ֆինանսական հաշտարարին։ Այսինքն, Ֆինանսական հաշտարարի գործունեության անհրաժեշտությունը կարող է դրվել կասկածի տակ։
Ինչ վերաբերում է հոդվածում բարձրացված այն հարցին, որ ֆինանսական կազմակերպություններին օրենքով պարտադրվում է սեփական միջոցներով Ֆինանսավորել մեկ այլ ոչ պետական հիմնադրամի, ապա պրն Ավետիքյանն ընդգծում է, որ դա արվում է անուղղակի կերպով՝ ֆինանսական կազմակերպությունները վճարումները կատարում են ոչ թե անմիջապես Հաշտարարի գրասենյակին, այլ՝ ԿԲ-ին։ Այսինքն, օրենքի խախտում այստեղ չկա։ Իսկ ավելի լայն իմաստով, գործնականում շատ են դեպքերը, երբ օրենքով նախատեսվում է վճարումներ կատարել ոչ պետական մարմնին, օրինակ՝ երբ բնակիչները մուծումներ են անում համատիրություններին։ Վ. Ավետիքյանը հավաստիացնում է, որ բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպություններն իրենք էլ դեմ չեն եղել այս օրենքին, ընդհանուր հայեցակարգը քննարկվել է ՀՀ Բանկերի միության եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս նորամուծությունը, ԿԲ-ի իրավաբանի կարծիքով, ի վերջո, հենց նրանց օգտին է, որովհետեւ հաջողվելու դեպքում կմեծացնի վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, ինչը կբերի ֆինանսական միջնորդության ծավալների մեծացմանը ու, հետեւաբար՝ ֆինանսական կազմակերպությունների եկամուտների ավելացմանը։
Իսկ ընդհանրապես, ո՞րն էր այս օրենքի իմաստը, եւ որքանո՞վ էր նպատակահարմար ստեղծել նման գրասենյակ։ Արդյո՞ք հնարավոր չէր գործող օրենսդրության եւ ատյանների միջոցով լուծել այս դաշտում առաջացող խնդիրները։ Մեր զրուցակիցը համոզված է, որ Ֆինանսական հաշտարարի ինստիտուտն ավելի արդյունավետ է՝ թե՛ ժամանակի, թե՛ միջոցների խնայման առումով։ Այս ինստիտուտը գործում է եվրոպական շատ երկրներում, եւ մեր օրենսդրությունը մշակելիս հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենի փորձը։
Բացի այդ, Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքը պետք է դիտարկել նրա հետ միաժամանակ ընդունված մյուս երկու՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» եւ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքների համատեքստում։ Վերը նշված օրենքները նպատակ ունեն մեծացնել սպառողների իրավունքների պաշտպանությունը, վստահությունը ֆինանսական ոլորտի նկատմամբ եւ մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները։ Սակայն պետք է մի լրացուցիչ մարմին, որն ապահովի այդ իրավունքների իրագործումը։ Օրինակ, եթե բանկը գովազդում է, որ տրամադրում է վարկեր տարեկան 20% տոկոսադրույքով, սակայն հաճախորդը բոլոր փաստաթղթային քաշքշուկներն անցնելուց հետո հասկանում է, որ իրականում 20%-ից ավելի մեծ գումար է վճարում՝ կոմիսիոն վճարների եւ հարակից «մանր-մունր» վճարների տեսքով (ինչի մասին բանկերը հաճախ լռում են եւ հիշեցնում միայն վերջում), ապա դա, ըստ էության, սպառողների շահերի ոտնահարում է։ Սակայն, քանի որ նման տիպի բողոքների դեպքում ֆինանսական պահանջները մեծ չեն, ապա ոչ մի ֆիզիկական անձ դատարան չի դիմում՝ մանավանդ, որ բանկերը՝ իրենց կապերի եւ հմուտ իրավաբանների շնորհիվ, ավելի մեծ շանսեր ունեն դատը շահելու, քան մի քանի տասնյակ հազար դրամի պահանջ ներկայացնող սովորական քաղաքացին։ Արդյունքում՝ այդ քաղաքացին մնում է մեն-մենակ՝ բանկի հետ, եւ կորցնում է վստահությունը բանկային համակարգի նկատմամբ։
Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գլխավոր նպատակներից մեկը, ըստ Վ. Ավետիքյանի, հենց այս խնդրի լուծումն է։ Իրավաբանը, օրինակ բերելով միջազգային փորձը, ասում է, որ Ֆինանսական հաշտարարի գրասենյակին հասցեագրված հազարավոր բողոքներից վերջին փուլին՝ Հաշտարարին, հասնում են շատ քիչ թվով գործեր։ Բողոքների մեծ մասը լուծվում է մինչ այդ փուլին հասնելը՝ ընթացքում, միայն հեռախոսի միջոցով։ Այսինքն, գրասենյակը կարող է հաշտեցնել կողմերին՝ զգալիորեն թեթեւացնելով նաեւ դատարանների գործը։ Ի դեպ, Վ. Ավետիքյանն ասում է, որ «հաշտարար» տերմինն առաջարկել է հենց լրագրողներից մեկը 1 տարի առաջ, երբ ԿԲ-ն նրանց էր ներկայացնում այս կոնցեպցիան։
Մի խոսքով, եթե հավատանք Կենտրոնական բանկին, մի քանի ամիս անց մեր քաղաքացիները հնարավորություն կունենան ընդամենը մեկ զանգով վերականգնել այն նյութական կամ բարոյական վնասը, որը պատճառել են բանկերը՝ իրենց «շուստրիության» շնորհիվ։ Մնում է սպասել մինչ այն պահը, երբ Ֆինանսական հաշտարարին դիմած առաջին հաճախորդները կհայտնեն իրենց կարծիքն այս գրասենյակի մասին։